«Հայաստանի նման փոքր երկրի համար բանակում մեկ տարում 63 զոհը շատ մեծ թիվ է». ըստ իրավապաշտպանի՝ «ունենք հետընթաց»

«Հայաստանի նման փոքր երկրի համար բանակում մեկ տարում 63 զոհը շատ մեծ թիվ է». ըստ իրավապաշտպանի՝ «ունենք հետընթաց»
«Հայաստանի նման փոքր երկրի համար բանակում մեկ տարում 63 զոհը շատ մեծ թիվ է». ըստ իրավապաշտպանի՝ «ունենք հետընթաց»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

– Տիկի՛ն Ալեքսանյան, օրերս պարզ դարձավ, որ դեկտեմբերի 31-ի գիշերը խաղաղ չի անցել Արցախի մեկ այլ զորամասում։ Նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել, որոնցից մեկը դեռ գտնվում է հոսպիտալում։ Արծրուն Հովհաննիսյանը բացատրություն էր տվել, որ եթե կյանքին սպառնացող վտանգ չկա, այդպիսի տվյալներ չեն հաղորդում։

Այս տեսանկյունից եթե համեմատություն անցկացնենք նախկին ու ներկա պաշտպանության նախարարների, նախկին ու ներկա իշխանությունների միջև, առաջ նման տեղեկատվությունն ավելի բաց չէ՞ր, քանի որ արդեն երկրորդ դեպքն է, որ հանրությունից գաղտնի են պահում տեղի ունեցածը։

– Կարող եմ ասել, որ ունենք հետընթաց։ Պաշտպանության նախարարությունը հիմա թափանցիկ չի աշխատում, մինչդեռ տարիների ձեռքբերում կար, և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքացիական հասարակության հետ աշխատում էր։

Նրա օրոք ՊՆ-ն սկսեց ավելի թափանցիկ աշխատել, միշտ նշվում էր զոհերի մասին։ Հիմա ասում են, որ վիրավորների մասին տեղեկությունները չեն տվել, բայց եթե պայթյուն է եղել, և վիրավորները շատ են, պարտավոր էին իրազեկել հանրությանը։ Արդեն ահագին ժամանակ է, որ Դավիթ Տոնոյանը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը, և պետք է երևար նրա աշխատանքի արդյունքը, քաղաքացիական հասարակության հետ աշխատելու միտումները։ Այս առումով բավականին թերի է հիմա աշխատում նախարարությունը։

Նաև չենք տեսնում, որ ապագայում փոխվելու է իրենց աշխատանքի ոճը։ Նախորդ տարի մահվան դեպքերը բավականին շատ էին՝ 63 դեպք, իսկ այս տարի, փաստորեն, 1,5 ամսում սա միակ դեպքն էր, որը թաքցվել էր հանրությունից։

Մահվան դեպքը թաքցնելու վերաբերյալ նախարարությունը նորմալ բացատրություն չի տվել։ Հիմա փորձում են ներկայացնել, թե չեն թաքցրել, բայց բոլոր դեպքերում անհանդուրժելի ու անթույլատրելի է հասարակությունից թաքցնելը։

– Մահվան դեպքը թաքցվել է, այս միջադեպը՝ նույնպես։ Այս տեղեկատվական վակուումը շարունակվելու դեպքում ինչի՞ կարող է հանգեցնել, արդյոք ծնողների մոտ վախեր չե՞ն առաջանա։

– Դա կարող է նվազեցնել վստահությունը բանակի նկատմամբ ։ Իհարկե, հիմա մեծ աղմուկ բարձրացավ, և հույս ունեմ, որ նախարարը հաշվի կառնի բարձրացված աղմուկը։ Կարծես թե ընդունեցին, որ սա իրենց բացթողումն է։ Հիմա հանրությունը շատ զգայուն է այսպիսի հարցերի նկատմամբ և անմիջապես արձագանքում է։ Հանրային վերահսկողություն կա, համենայնդեպս, և դա պետք է օգնի նախարարությանը շտկել իր աշխատանքի ոճը։

Պետք է արձանագրել, որ վերջին 5 տարիներին ՊՆ-ն նման բացթողում չէր ունեցել, կանոնակարգված հաղորդում էր այսպիսի դեպքերի մասին։ Ճիշտ է, նախորդ իշխանությունների ժամանակ էլ են պատահել դեպքեր, որ չեն հաղորդվել, բայց հիմա մենք նոր իրողությունների մեջ ենք, և կարիք չկա կրկնել հին սխալները։

– Վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս, նշվում է, որ վերջին ամիսների ընթացքում պակասել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհերի թիվը։ Որքանով սա իրականության հետ առնչություն ունի։

– Ակնհայտ է, որ 63 զոհը շատ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար։ Զինվորական դատախազությունը փորձում էր ցույց տալ, որ նվազել են այս թվերը, բայց չեն նվազել։ Նրանք պետք է ամբողջությամբ վերացնեն բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունները, քրեածին մթնոլորտը, զորամասերի ներսում այսպես կոչված ինքնասպանությունները, որոնք հետագայում քննությամբ չեն հաստատվում։ Հարցը պետք է գտնվի վարչապետի ուշադրության կենտրոնում։

Բանակը պետք է մաքրվի ու դառնա առողջ բանակ, որտեղ ո՛չ հիվանդները պետք է զորակոչվեն, ո՛չ էլ պետք է նման մթնոլորտ լինի։ Բանակի ղեկավարությունն ամբողջությամբ պետք է իրեն նվիրի այդ արատները վերացնելուն։

Մանե Հարությունյան

MediaLab.am