«Ներդրողները ցանկացել են հավաստիանալ՝ ժողովրդի իշխանությունը պահպանվելո՞ւ է, որ շարունակեն ներդրումները»․ Գևորգ Պապոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը

-Պարո՛ն Պապոյան, բյուջեի կատարողականն ընդունվեց, ու թեև դուք՝ որպես իշխանական պատգամավոր, լավատեսորեն եք տրամադրված, բայց մասնագետներ կան, որոնք չեն կիսում ձեր լավատեսությունը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հակասությունը:

-Այդ մասին երեկ խորհրդարանում խոսվել և ասվել է, որ համավարակի պայմաններում, երբ ձեր նշած այդ մասնագետները գուժում էին, թե Հայաստանը երկնիշ տնտեսական անկում է ունենալու, որին հետո գումարվեց պատերազմը, բայց մենք ունեցանք ընդամենը 7,4% տնտեսական անկում:

Եթե պատերազմի գործոնը չլիներ, այդ մարդիկ մի քանի անգամ սխալվելու էին, հետևաբար, այդ նրանք առաջին հերթին իրենց կանխատեսումների մեթոդաբանությունը պետք է փոխեն, որովհետև պարբերաբար սխալվում են: Նրանք հիմա էլ են սխալվում, և թույլ տվեք այդ մասով մեկնաբանություններ չանեմ:

Նրանք գուժում են տնտեսության վատթարացում, մենք արձանագրում ենք, որ պետական բյուջեում արձանագրել էինք 3% աճ, բայց այսօր արդեն պարզ է, որ նվազագույնը 6% աճ է լինելու՝ շատ պահպանողական գնահատականով, թիրախում շատ ավելի բարձր տնտեսական աճն է:

Եթե դիտարկենք հարկերի հավաքման գործընթացը, կարող եմ ասել, որ 2021-ի առաջին կիսամյակում հավաքվել է 750 մլրդ դրամից ավելի հարկ, և առաջին կիսամյակի գերակատարումը կազմել է 7,5% կամ մոտ 53 մլրդ դրամ հարկ: Միաժամանակ հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 84 մլրդ դրամ գումար:

Սա ամենամեծ ապացույցն է, որ տնտեսական վիճակը բավականին բարվոք է, և այդ առումով կարծում ենք, որ ապագայում մեզ էլ ավելի լավ տնտեսական հեռանկարներ են սպասում՝ հաշվի առնելով տրանսֆերտների, զբոսաշրջիկների թվի աճը, արդյունաբերության աճի տեմպը և ներքաղաքական կայունության ապահովումը, որը ենթադրաբար կբերի նոր ներդրումների ավելացման, ինչն արդեն իսկ կա, և այդ ամենն արտացոլվում է դրամի փոխարժեքի շեշտակի բարձրացման մեջ:

Այսինքն՝ ձեր լավատեսությունը տնտեսության ոլորտում իրակա՞ն հիմքեր ունի:

-Ոչ միայն իրական հիմքեր ունի, այլ նաև խարսխված է փաստացի արդյունքների վրա: Տեսեք՝ ինչ է կատարվում շուկայում, ունեինք գնաճային բարձր ճնշում, որն այժմ չկա, կա գների որոշակի անկում, որը կշարունակվի՝ պայմանավորված դրամի փոխարժեքի բարձրացմամբ և դոլարի փոխարժեքի նվազմամբ:

Ես տեսնում եմ նաև տնտեսության աճ, այն ավելի արագ է վերականգնվում, քան կանխատեսվում էր: Ես տեսնում եմ, որ Կենտրոնական բանկը 1,5% աճ էր կանխատեսել, հիմա դարձրել է 4,5-4,6% աճ, որ պետական բյուջեում դրված էր 3,5% աճ, հիմա մենք նվազագույնը 6% աճի ակնկալիք ունենք, որովհետև հաշվարկները դա են ցույց տալիս:

-Պարո՛ն Պապոյան, Հայաստանում ներդրումների տեմպի նվազման մասին են խոսում, իսկ երեկ էլ ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանը հատել է պետական պարտքի ռիսկային շեմը, մինչդեռ դուք լավատեսական ու իրատեսական հիմքերի մասին եք խոսում:

-Այսօր մենք խնդիր ունենք ներդրումների մասով, բայց այն արդեն դրական միտում է դրսևորում, որովհետև մինչև ընտրությունները, այո՛, այնպիսի իրավիճակ էր, որ ներդրումների հոսքը շատ ցածր էր, բայց ընտրություններից հետո և՛ ներքին, և՛ արտաքին ներդրումային մի շարք ծրագրեր կան, որոնք կակտիվանան:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ զրուցել եմ, և իրենք նշել են, որ բազմաթիվ մարդիկ ասել են, թե ընտրություններից հետո կխոսեն, այսինքն՝ նրանք ուզում էին հավաստիանալ, որ ժողովրդի իշխանությունը պահպանվելու է, ժողովրդավարությունը Հայաստանում պաշտպանվելու է, ազատ մրցակցությունը լինելու է, և այդ պարագայում նրանք կշարունակեն ներդրումները:

Հիմա այդ ազդակը ստացել են, որ առաջիկա հինգ տարում ժողովրդի իշխանությունը պաշտպանված է, բնականաբար, մենք նոր խոշոր ներդրումային ծրագրերի ականատես կլինենք մոտ ապագայում:

Իսկ պետական պարտքի ռիսկային շեմի հատումը մտահոգվելու առիթ չե՞ք համարում:

-Պետական պարտքի չափը մտահոգիչ կլինի այն ժամանակ, երբ չկարողանանք կայուն տնտեսական աճ ապահովել։ Այդպիսի չափի ապահովման պարագայում, եթե մենք կարողանանք կայուն տնտեսական աճ ապահովել, ապա, միանշանակ, վտանգավոր չէ և հաղթահարելի է:

Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ անգամ համավարակի ու պատերազմի պայմաններում, երբ հարյուրավոր միլիոն դոլարների ծախսեր են կատարվել, պետք է նշել, որ բավականին արդյունավետ ենք գործել, և սա ևս շատ կարևոր հանգամանք է:

Աշխարհի երկրների մեծ մասի արտաքին պարտքն այս շրջանում ավելացել է, բայց ցանկացած պարտք, ընդհանրապես գումար, եթե արդյունավետ ես ծախսում, դա կարող է դառնալ վաղվա տնտեսական աճի հիմքը, այդ առումով՝ չպետք է շատ վախենանք պարտքից, պետք է վախենանք այդ պարտքը վերցնող այն մարդկանցից, որոնք դա վերցրել են ու մի մասն էլ գողացել, այդ ժառանգությունն է մեզ համար խնդրահարույց, իսկ վերջին տարիներին՝ գիտեք, որքան թափանցիկ է աշխատում կառավարությունը, և, ըստ էության, բավականին լուրջ վերահսկողություն կա բոլոր միջոցների հանդեպ:

-Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն էլ այսօր հայտարարել է, որ երկնիշ տնտեսական աճի մասին իր կանխատեսումը ուժի մեջ է, մինչդեռ դուք քիչ առաջ նշեցիք, որ նվազագույնը 6% աճ կլինի:

 -Չէի ցանկանա հիմա կանխատեսում անել, դա լավատեսական սցենարով հնարավոր է, բայց, կարծում եմ, որ աճը պետք է 6%-ից բարձր լինի: Երկնիշ ցուցանիշ ունենալու համար տնտեսական միջավայրը պետք է էլ ավելի բարելավել: Բայց այսօր բավականին լավ տնտեսական վերականգնման մեջ ենք, իսկ միջավայրն էլ բավականին լավ է:

Պարո՛ն Պապոյան, ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանի նոր կազմի համատեղ աշխատանքը՝ հաշվի առնելով հանգամանքը, թե որ քաղաքական ուժերն են ձեր ընդդիմությունը:

-Մենք մեծամասնություն ենք, կձևավորենք կառավարություն, մենք կաշխատենք, ընդդիմությունը թող փորձի աշխատել: Կբերի օրինագծեր, որոնք պետականամետ կլինեն՝ կընդունենք, կբերեն օրինագծեր, որոնք չեն լինի այդպիսին՝ չենք ընդունի: Որոշողը մենք ենք, ժողովուրդը մեզ է քվե տվել, բնականաբար, ընդդիմությունն էլ ունի իր՝ օրենքով պաշտպանված իրավունքները, որոնք մենք ևս կպաշտպանենք այդ շրջանակներում:

Քաղաքական բանավեճին կտանք շատ սուր պատասխաններ, դրա փորձառությունն ունենք: Այս ընթացքում շատ ենք ամրացել, փորձառություն, գիտելիք ենք ձեռք բերել բոլոր ոլորտներում, և, կարծում եմ, մենք շատ ավելի պատրաստ ենք հիմա և շատ ավելի արդյունավետ ենք գործելու, քան՝ մինչ այս:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am