Խաղաղության պայմանագիրն անիրատեսական է. և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը շատ նուրբ դիվանագիտական խաղ են խաղում. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանն երեկ խորհրդարանում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի ներկայացրել իր վարած բանակցությունների մանրամասները, ասաց, որ ինքը չի բանակցել, ի՛նչ ներկայացներ․ «Չեք պատկերացնում՝ ինչքան դիպուկ ու լավ հարց եք տալիս։ Ասում եք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին ես բան չեմ ասել։ Ճիշտ եք, որովհետեւ ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, իսկ 2019 թ․ ամռանը սեղանին դրված փաստաթուղթն ինձանից առաջ եղած բանակցությունների ամփոփումն է այն իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից իր հայտնի հայտարարությունն արեց»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, եթե հիշենք նաև, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի մայիսին խորհրդարանում ասաց՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»։

– Մենք գիտենք, որ 2018-ից հետո Հայաստանի իշխանությունների առաջ դրված է եղել փաստաթուղթ, որն այնքան էլ հայանպաստ չի եղել, Փաշինյանը փորձել է մանևրել, որպեսզի ավելի հայանպաստ դիրքերից բանակցեր, բայց ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հայկական կողմի համար փակուղային էր, ու մեզ կոչ էին անում և պարտադրում վերադարձնել 5+2 շրջանները, հայտնի «Լավրովի պլանը»։ 

Այն, որ ինքը գնացել է բանակցությունների, դա կա, բայց հայկական կողմի առջև դրված է եղել մեզ համար ոչ այդքան բարենպաստ, բոլորին հայտնի «Լավրովի պլանը», Փաշինյանը տարբեր ձևերով փորձել է հասնել նրան, որ սեղանին եղած փաստաթուղթը բեկվի և այլն, բայց դա իրեն չի հաջողվել, ու հայկական կողմին ակնհայտորեն անկյուն էին մղել, մի կողմից փաստաթղթերն էին դեմ տալիս, մյուս կողմից՝ Ալիևը սպառնում էր պատերազմով։

– Ձեր տպավորությամբ՝ գործող իշխանությունը այսօր Արցախի մասով բանակցություններ, քննարկումներ տանո՞ւմ է, թե, ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են ասում, այս իշխանությունը փակել է Արցախի թեման։

– Արցախի հարցը փակված չէ, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը մեզ համար ոչ պակաս անբարենպաստ է, ինչպես 2018-ից հետո, ուղղակի իշխանությունը փորձում է ժամանակ ձգել։ Հաշվի առնելով, որ մեր դիրքերը թույլ են, Հայաստանը դեռևս չի վերականգնվել պատերազմից հետո, հայկական կողմն ավելի համեստ դիրքերից է հանդես գալիս։ 

Այո՛, ինքնորոշման հարց չի դնում ու ճիշտ է անում, այս փուլում նման հարց բարձրացնել նշանակում է վիճակն ավելի բարդացնել, նույնիսկ հնարավոր է դա բերի նոր պատերազմի։ Պետք է ասեմ, որ 94-ի զինադադարից հետո Ադրբեջանն էլ գնաց նույն ճանապարհով. լինելով պարտված կողմ՝ նրանք էլ այն ժամանակ մեծ պահանջներ չէին դնում հայկական կողմի առաջ։ Այսինքն՝ մենք կարող ենք ինքնորոշման հարց դնել այն ժամանակ, երբ մեր դիրքերն ուժեղանան, երբ հասկանանք, որ մենք կարող ենք նման դիրքերից հանդես գալ, ու դա մեզ համար նոր խնդիրներ չի առաջացնի։ 

Արցախի հարցը իրականում չի փակվել, այդ մասին շատ լավ գիտեն նաև Ադրբեջանում, այդ մասին անցյալ տարի շատ ճիշտ հայտարարություն արեց Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, երբ նշեց, որ հայկական կողմը թեկուզ չի դնում ինքնորոշման հարց, բայց երբ դնում է Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարց, դրա տակ թաքնված ինքնորոշման հարցն է։ 

Իրականությունը սա է, իհարկե ընդդիմությունը միշտ էլ, իր քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, նման բաներ պետք է ասի։ Իրականությունն այն է, որ հայկական կողմը, թույլ լինելով, դեռևս ինքնորոշման դիրքերից հանդես չի գալիս, առայժմ միայն մինիմալիստական դիրքերից է հանդես գալիս։ 

– Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը դա կանի՞, ու, ի վերջո, գոնե այս պահին խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսակա՞ն է, պարո՛ն Վարդանյան։

– Ալիևը փորձված դիվանագետ է, ու նրան հեշտ չէ խաբել, սկսենք դրանից։ Երբ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու, բայց դրա մեջ ներառում է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարց, պարզ է, որ Ալիևը դրան չի համաձայնելու, որովհետև նրա պահանջները լրիվ այլ են․ նա չի ուզում որևէ տեղ որևէ ձևով Ղարաբաղի մասին ինչ-որ բան լինի՝ համարելով դա իրենց ներքին խնդիր։ 

Նա չի գնում այդ քայլին, որովհետև շատ լավ հասկանում է, որ այդ քայլով ինքն արձանագրելու է, որ կոնֆլիկտը լուծված չէ։ Իսկ թե Ադրբեջանը ինչպես է պատկերացնում խաղաղության պայմանագիրը, Ալիևը բազմիցս է ասել, որևէ մեկիս համար գաղտնիք չէ։ 

Հայկական կողմն էլ սրան չի համաձայնում, ու հարցը մնում է փակուղում, ըստ էության։ Այստեղ շատ նուրբ դիվանագիտական խաղ կա․ հայկական կողմը մի կողմից համաձայնում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ այնպիսի հարցեր է դնում, որոնք Ադրբեջանի համար բացարձակապես ընդունելի չեն։ 

– Ստացվում է, որ ձեր ասած նուրբ դիվանագիտական խաղը տանում է նաև Ադրբեջա՞նը, որովհետև նա էլ մի կողմից հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելու, մյուս կողմից՝ առաջ է քաշում այնպիսի պայմաններ, որոնք, ակնհայտ է, Հայաստանը չի ընդունի։ 

– Այո՛, իրենք էլ են շատ լավ հասկանում, որ քանի դեռ Արցախում կան հայություն, թեկուզ թույլ բանակ, դա ինչ-որ փուլում պայթելու է, դրա համար էլ ուզում են վերջնականապես ծնկի բերել Հայաստանը, որ այդ հարցերը հետագայում քննարկվելու շանս չունենան։

– Այսինքն՝ այդ պայմանագիրն անիրատեսակա՞ն է։

– Այո՛, ես արդեն 2-3 տարի է՝ ասում եմ այդ մասին։ Կողմերից յուրաքանչյուրն ուղղակի այս կերպ փորձում է ժամանակ շահել՝ ըստ էության ունենալով սեփական հաշվարկները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am