Այս փաթեթն ուներ երկու նպատակ. Բադասյանը մեկնաբանում է ՍԴ-ի մասին օրենքի վերջին փոփոխությունները Save Համօգտագործել

ՀՀ ազգային ժողողվի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկու նպատակներն են ապահովել կենսաթոշակի իրավունքը այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են և սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

-Պարոն նախարար, նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս փաթեթի ընդունումը որևէ կապ ուներ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու հետ։ 

-Միանշանակ ոչ, դրա մասին բազմիցս խոսել ենք։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունները ուժի մեջ են մտել, երեք դատավորի լիազորությունները դադարել են, ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են։ Այս փաթեթը երկու նպատակ ուներ՝ ապահովել կենսաթոշակի իրավունքը այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են և սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։ 

-Նախագահի կողմից փաթեթը չստորագրելուց հետո ի՞նչ հետևանքներ կլինեն։ 

– ՀՀ Սահմանադրությամբ հստակ կանոնակարգված են նշված հարաբերությունները: Կարծում եմ՝ այս փուլում որևէ շտապողականության խնդիր չկա, քանի որ, կենսաթոշակի իրավունքը ապահովելիս, հաշվի կառնվի նաև այս շրջանը։