Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում.ՀՀ ՇՄՆ

Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները:

Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը:

Սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու եւ ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար:

Պետական տուրք է սահմանվելու նաեւ անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար:Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը: