«Անցյալիս հետ կապող մնացել է մի մեծ ազգային ողբերգություն, մի Անթառամ, ու մի քանի սև ու սպիտակ լուսանկար». «Ալամեզոն» Բլոգ

«Անցյալիս հետ կապող մնացել է մի մեծ ազգային ողբերգություն, մի Անթառամ, ու մի քանի սև ու սպիտակ լուսանկար». «Ալամեզոն» Բլոգ
«Անցյալիս հետ կապող մնացել է մի մեծ ազգային ողբերգություն, մի Անթառամ, ու մի քանի սև ու սպիտակ լուսանկար». «Ալամեզոն» Բլոգ

Անթառամն՝ աջից առաջինը, սպիտակ ծաղիկներով
-Քահ, հայրիգ, սա դուն է թե ախոռ, անասուններն մարդու քովք կքնե՞ն։ -Անթառամ ջան, հետևիցդ կարմիր խնձոր էի՞նք ղրգել, որ վռազ մն հասար Հայաստան։

Ամուսնանալուց հետո Ժորդանին մշտապես հարցնում էի իր տոհմից, չնայած առանձնապես ոգևորվածություն չէի տեսնում պատասխաններում: 

-Սովորական, հասարակ գյուղացիներ են եղել, էլզասցիներ են էլի

Իմ համար այնքան անհասկանալի էր, թե ոնց կարելի է անցյալը չպրպտել, միթե հետաքրքիր չի թե ով են եղել նախնիներդ:

Մի օր էդ հարցում բախտն ինձ ժպտաց, հյուր եկավ Ժորդանի քեռին ` Էրիկը:

-Մեր տոհմածառն եմ բերել, թե հետաքրքիր է:

Աչքերս ուրախությունից փայլեցին!! վերջապես!!!  

Ձեռքս մեկնեցի, ձեռքիս վրա նստեց 50 էջանոց մի գիրք: Շշմել էի .

-Քաղաքի պատմությու՞նն է։

– Չէ, ինչ ես ասում, ընտանիքինը։

Չնայած հետո զղջացի զգացածիս համար, բայց այդ պահին սուր նախանձի զգացողություն ապրեցի։ Նախանձեցի սեփական ամուսնուս, իրեն հեչ հետաքրքիր չի իր անցյալը, ինքն ապրում է միայն այս օրով, ինձանով, մեր բալիկով, մնացածը կարևոր չի:

Երբ թերթում էի տոհմածառը, տեսնում էի բացարձակ ճշտությամբ նշված անուններ, տարեթվեր .. 1922, 1864, 1750.. 1647.. 1539… տարիներ, դարեր , իրար կողք կողքի Սիտլերներ, Ֆենդերներ.. Նայում էի էջերին իսկ մտքումս 1915 էր, մեր սև տարին, մեր սև դարը:

Պահ է լինում, որ իսկապես ռեալ գիտակցում ես Ցեղասպանության ողջ ողբերգությունը, արմատախիլ են արել ամեն մարդու ընտանիքի ծառ: Զգում ես դատարկություն, զայրույթ, հա, մեկ էլ բժիշկների ասած էն «ամնեզիա» հիվանդության պես, փորձում ես հիշել, վերհիշել տոհմդ, բայց դե Սիմոնից առաջ ում հիշես, արխիվ էլ չկա, որ փորփրես…

Իսկ Սիմոն Աբգարյանը, մեր մեծ տատ` Անթառամի հայրն էր, հեղափոխական, դաշնակցական, Անդրանիկի բանակում էր, դրա համար, երբ թրքական զորքերը սկսեցին Վանում տարահանել հայերին, կինը` Դույրդանը, մեկ տարեկան չբոլորած տղայի ու 6-7 տարեկան Անթառամի հետ, առանց ամուսնուն սպասելու, մնացած հայերի հետ ճանապարհ ընկավ: Ճանապարհին խումբը հանդիպեց թուրք զինվորների: Սպանդ սկսվեց, մահացան շատերը, Անթառամի փոքր եղբայրը ևս, մայրն էլ արյունաքամ եղավ.

-Էս խմբեն կմիանայի, էն խմբեն կմիանային, մինչև հասանք ծովեն քովը։

Ըստ էության Անթառամը հասել է արտասահմանյան փրկրարարների խմբին, որոնք էլ իրեն և իրենց պես որբերին (իր բառերով) բաժանել էին որբանոցներով, էդպես էլ Անթառամը հայտվել էր Երուսաղեմի հայկական եկեղեցուն կից մանկատանը, որտեղ մեծացել ու տեղի վարժարանում բարձրակարգ ուսում էր ստացել:

Երբ չափահաս էր դարձել, սկսել էր հորը փնտրել, վստահ լինելով, որ հայրը ողջ է մնացել: Այդպես էլ կար. Սիմոնը նախ փախել էր Փարիզ, այնուհետև օվկիանոսը կտրել հասել ԱՄՆ, Ֆրեզնո, որտեղ Անդրանիկն էր ու զինակիցները, մնացել այնտեղ մինչև Անդրանիկի մահը: Որից հետո որոշել է վերադառնալ Խորրհրդային Հայաստան:

-Մի կտոր Հայաստան է մնացել, կուզեմ էդ կտորը շենացնել:

Հենց Հայաստանում էլ, նամակների միջոցով, Անթառամը գտնում է հորը: Սիմոնը, որ արդեն տեսել էր, սարսափել խորհրդային Հայաստանի վիճակից` հյուղակներ, կիսասոված մարդիկ, բազմաթիվ տարահանված հայեր, ամեն կերպ համոզում էր աղջկան չգալ Հայաստան, Անթառամը, սակայն, անդրդվելի էր: Երուսաղեմում թողնելով լուսավոր ապագան, համալսարանը , ճամպրուկն առած գալիս է Հայաստան` հոր մոտ, որն արդեն ամուսնացած է լինում, կնոջ հետ ապրում էր Էջմիածնում, մի փոքր հյուղակում, կենդանիներ էր պահում : Անթառամը երբեք չէր տեսել, որ մարդիկ անասունների կողքը քնեն .

-Քահ, հայրիգ, սա դուն է թե ախոռ, անասուններն մարդու քով կքնե՞ն։ 

-Անթառամ ջան, հետևիցդ կարմիր խնձոր է՞ինք ղրգել, որ վռազ մը հասար Հայաստան։

Այդպես էլ Անթառամը ստիպված եղավ հարմարվել նոր նոր վերակառուցվող Հայաստանում, ինչը շատ դժվար էր: Իսկ հորը տեսնելու երջանկությունը մի քանի տարի տևեց. 1937-ին հորը կասկածեցին դաշնակցության ժողովներին մասնակցելու մեջ, առանց դատ-դատաստանի աքսորեցին Սիբիր, որից հետո նրանից այլեւս էլ ոչ մի լուր չեղավ: Մահացավ նաև խորթ մայրը` Անթառամին թողնելով մանկահասակ երեխուն… Ցավոք հետագա կյանքը ևս ոչ մի երջանկության չբերեց. Մահացավ 18 տարեկան տղան, էսպես էլ մնաց սևազգեստ կին, որին դժբախտությունն ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում:

Այսքանը գիտեի իմ նախնիներից, տարահանվել ու կորցրել էին ամեն կապ անցյալի հետ, իսկ ձեռքիս էր Ժորդանի 50 էջանոց տոհմածառը..

Ժորդանը արդեն սովորել է. Երբ Ցեղասպանության մասին նյութ եմ նայում, գալիս նստում կողքս ու սպասում էն պահին, թե երբ պիտի սկսեմ հեկեկալ, որ ինձ գրկի, մխիթարի.

-Դե լավ, էլ մի, անցել է։

-Ինչն է անցել, բան էլ չի անցել, մենք ֆիանսիացիներ չենք, որոնք դարերով ապրել են մի գյուղում և սիրուն-սիրուն պահած պահպանած արխիվներ ունենանք, ես հայ եմ, դատապարտված մնալ անցյալում, որովհետև անցյալիս հետ կապող մնացել է մի մեծ ազգային ողբերգություն, մի Անթառամ, ու մի քանի սև ու սպիտակ լուսանկար:

Կարծում եմ Անթառամին հաճելի կլիներ, թե իմանար, իր պատմությունը թեեւ կցկտուր, բայց 21-րդ դարում էլ հիշում են:

Իսկ այսօր այն եկավ միացավ տղայիս` Ֆենդերների և Սիտլերներից ստացած ճյուղերին, ու դեռ նոր բողբոջներ կտա…

Ձեր՝ Ռոզա Սարգսյա Ֆենդեր

MediaLab Blog