Միասին՝ շվայտության դեմ, կամ սննդի վատնումից մինչեւ բարեգործություն. «Ալամեզոն» Բլոգ

Միասին՝ շվայտության դեմ, կամ սննդի վատնումից մինչեւ բարեգործություն. «Ալամեզոն» Բլոգ
Միասին՝ շվայտության դեմ, կամ սննդի վատնումից մինչեւ բարեգործություն. «Ալամեզոն» Բլոգ

Արդեն մի քանի տարի` Ֆրանսիան պայքարում է սննդամթերքը դեն նետելու դեմ, մշտապես պտտվում են գովազդներ (շատ հաճախ` զվարճալի ): Օրինակ` 500 գրամանոց թթվասերը գնորդին խնդրում է. «Բա ինձ պիտի տանես տուն, հետո կիսով դատարկ գցես աղբամանը, լավ չի՞ էն փոքրը վերցնես»:

Շռայլության համար դիմում են նաև խանութներին, օրինակ` վերջնաժամկետի վերջին օրով մթերքի մեծ մասը մեծ զեղչով հայտնվում է խանութում` «Շռայլության դեմ» պիտակով։ Խնայողություն անել սովորել եմ Ֆրանսիայում և ֆրանսիացիներից, վերջապես 26 տարեկանից շատ կարևոր բնավորության գիծ ձեռք բերեցի։ Եվ հարցը իրականում գումար ունենալը կամ դրա պակասը չէ։ Գումարը ճիշտ տնտեսել` չի նշանակում վատ սնվել։

Հաճախ սուղ բյուջեով ընտանիքները ավելի սխալ են առևտուր անում։ Երբ նոր էի այստեղ եկել, սննդամթերքի փաթեթի վրա տեսնում էի «2 հոգու համար» մակնշումը և զարմանում` ո՞նց տենց, էդ ի՞նչ ընտանիք է երկու հոգու համար։ Իսկ հիմա արդեն մեկ հոգու համար եմ գնում՝ իմ կամ միայն ամուսնուս, մեր նախընտրած ուտելիքը։ Խոսքս, իհարկե, բազմանդամ ընտանիքների մասին չէ, բայց մենք կարծես գենետիկորեն տրամադրված լինենք յոթ երեխայի համար ուտելիք գնելուն, թեև ունենք մեկ կամ երկու երեխա։ Այս փաստից հաճախ օգտվում են հանրախանութները։ Ստացվում է, որ նրանք շահարկում են մեր անհագուրդ ախորժակը և պահում սննդամթերքը մինչև վերջ, իսկ հետո` դեն նետում։ Բայց, ախր, միանգամից 10 կգ գնած լոլիկը 10 օր հետո նույն համը չունի, ի՞նչ իմաստ գնել և պահել։

Ֆրանսիայում հիպերմարքեթները համագործակցում են բարեգործական կազմակերպությունների հետ, մեծ քանակությամբ սնունդ փոխանցելով անապահով ընտանիքներին, որի դիմաց ազատվում են որոշակի հարկերից։ Իսկ ավելորդ սննդի դեն նետելը կազմակերպելն այնքա~ն աշխատատար է (և ծախսատար), որ արտադրողը նախընտրում է մեծ զեղչ անել, քան այդ նետելու պրոցեսը կազմակերպել։

Մի քանի տարի առաջ մի քանի ակտիվ մայրեր մեր «Բաղադրատոմսեր բալիկների համար» խմբում աստիճանաբար մի հետաքրքիր ծրագիր սկսեցին, որը հետագայում մեծացավ ու հիանալի բան ստացվեց։ Միմյանց տեղեկացնելով` իրենց սեզոնային միրգը/բանջարեղենը գնում են և համապատասխան կանոններով սառեցնում։ Եվ ձմռանը` Ամանորի նախաշեմին, երբ լոլիկը դառնում է ոսկու գին, մայրը, ով ամռանը գյուղացուց մատչելի և համեղ լոլիկ է գնել, սառեցրել, առանց օլիգարխի կին լինելու էլ կարող է իր բալիկին օգտակար բանջարեղենով կերակրել և զերծ մնալ թանկը գնելուց։ 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog