Երկրորդ մամա Քրիստիանը. սոցիալական աշխատողների դերը և հարեհաս ողբերգությունները. Մտորումներ Ֆրանսիայից Հայաստան

Լուսանկարը՝ «Յունիսեֆ»

– Ռոզա՛ ջան, եկել եմ երկրորդ մամայիս մոտ, հլը արի, արի մի հատ թարգմանի՝ տեսնեմ Քրիստիանը ինչ կտա էս անգամ։

Սենց էր գալիս Նարեկը մեզ մոտ, երբ ես կամավոր էի աշխատում ֆրանսիական մի ՀԿ-ում։

Քրիստիանը սոցիալական աշխատող էր։ Իհարկե տենց ջիգյարով երկրորդ մամա Քրիստիանին միայն Նարեկն էր ասում, բայց, ըստ էության, Ֆրանսիայում սոցիալական աշխատողին ավելի լավ բնութագրել հնարավոր չի լինի։ 

Մարդ, որ մի փոքրիկ գրասենյակում նստած, գործնականում կարող է հասնել քո խնդրով բյուրոկրատական ահռելի մեքենայի ամենավերին կետ և լուծումներ բերել։ Մեկին բնակարանի համար դիմել, մյուսին՝ տրանսպորտի քարտի, էն մյուսի երեխաների համար` գրենական պիտույքներ, երրորդին՝ անվճար սնունդ և այլն։

Չգիտեմ ո՞վ և ինչպե՞ս է հաջողացրել սոցիալական աշխատողի մասնագիտությունը սևացնել Հայաստանում։ 

Հաճախ Հայաստանում Եվրոպան սևացնելու, հակաքարոզչական նպատակներով տարածվում են նյութեր, թե ինչպես է սոցիալական աշխատողը ոստիկանի հետ խլում ընտանիքից երեխաներ կամ ծնողներին բանտ ուղարկում։ 

Բնականաբար այս պատմությունները ներկայացվում են առանց նախապատմության, պատճառների, թե, օրինակ՝ ինչու է պետություն որոշել այդկերպ հոգ տանել երեխաների մասին և զրկել ծնողին ծնողական իրավունքներից։

Իսկ պատճառները տարբեր են. հնարավոր է՝ մի ընտանիքում մայրը պարբերաբար դաժանաբար ծեծում է երեխային, մյուս դեպքում կարող է ծնողները հարբեցող են կամ թմրամոլ, և այդ ընտանիքում երեխա թողնելը դատապարտելու պես մի բան է։ 

Հա, թվում է, թե այս պատմությունները շատ հեռու են, հեռավոր Եվրոպայում, մինչև կրկին որևէ սարսափելի, ողբերգական դեպք ծեծում է դուռը։

Մենք էլ պակաս չենք, մեզ մոտ էլ ծեծից կարող է երեխան մահանալ հիվանդանոցում, հետո էլ կբացահայտենք, որ երեխաները պարբերաբար խոշտանգվում էին ընտանիքում, բոլորը տեղյակ էին, ոչ մեկը ոչինչ չի ձեռնարկել։

Բարերարները եկել, սնունդը տվել ու գնացել են։ Այնինչ եթե լիներ իր գործառույթներին տիրապետող, պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող, մարդ, որը բացի օգնությունից նաև աչքն ընտանիքի վրա կպահեր, միգուցեև հնարավոր լիներ խուսափել ողբերգությունից, և այսօր 6-ամյա երեխան ողջ լիներ։

Մեր խնդիրն այն է, որ մենք մշտապես փորձում ենք հեծանիվ հնարել, այնինչ ընդամենը պետք է այլ՝ ստացված ծրագրերով երկրների հեծանիվները վարել սովորել։

Բնականաբար, անթերի ոչինչ չի լինում, հատկապես մեծ երկրներում, երբ տարբեր հնարքներ տեսած սոցիալական աշխատողը կարծրանում է, նաև թերանում։ Բայց հավատացեք, դա խնդիրներից փոքրագույնն է։ 

Քրիստիանն իհարկե ոչ մեկից երեխա չէր խլել, դա ծայրահեղ դեպք է և հազվադեպ է լինում։ Դրա փոխարեն Քրիստիանը տիտանական աշխատանք էր տանում, որպեսզի, օրինակ՝ հինգ երեխատեր հղի չեչեն կնոջը, որը երկիրը լքելու թուղթ ուներ, հանկարծ ու բնակարանից չհանեին։

– Ռոզա՛, ախր ո՞նց կարելի է, հինգ երեխայով դեռ մի հատ էլ հղի լինես, էն դեպքում, երբ դատարանը քեզ երկրից դուրս է հանում,– կոտորվում էր Քրիստիանը՝ իհարկե կռահելով, որ հղիությունն այդ կնոջ համար հնարավորություն է մի քիչ երկար ձգել երկրում։ Քրիստիանը կռահում էր, սակայն կնոջը հորդորում։

– Դուք դուրս չգաք տնից, մինչև ես զանգեմ էստեղ-էնտեղ։

Երբ Հայաստանում էլ լրջորեն կգիտակցեն սոցիալական աշխատողի տեղն ու դիրքը, որոնք կդառնան աչալուրջ պետական միավորներ, միգուցե մենք էլ ունենանք նման քրիստիաններ՝ հոգատար ու սրտացավ։ 

Եվ կարիք չի լինի ամեն դժբախտ մահից կամ ծայրահեղ իրավիճակում գտնվող ընտանիքի տեսնելով Ֆեյսբուքում աղաղակել՝ իսկ ո՞ւր էին հարևանները, բարեկամները։

Ես, ինչպեսև իմ ֆեյսբուքյան ընկերները ցնցված էինք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխայի մահվան լուրից։

Ավելի զարմանալի էր, որ բոլորը տեսել են ու տեղյակ են ու ոչինչ չեն արել երեխաներին պաշտպանելու համար։ 

Իսկ մոր մահից հետո անմարդկային պայմաններում ապրող սայլակին գամված 30-ամյա Սերգեյի մասին հարևաններն են բազմիցս ահազանգել։ Այսպիսի դեպքերը կարող էին և չլինել կամ հազվադեպ լինել, եթե լինեին ոչ թե ոլորտի կոսմետիկ շտկումներ, այլ հիմնավոր բարեփոխումներ։ 

Հնարավոր չէ սոցիալապես անապահով կամ խոցելի վիճակում գտնվող ընտանիքների հարցը լուծել՝ առանց կիրառելու սոցիալական աշխատողների ամբողջական ներուժը։ Առանց դրա մենք շարունակելու ենք արձագանքել հետին ամսաթվով։

Ու ականջիս էլի Քրիստիանի ձայնն է. 

– Ոչինչ, մի՛ մտածեք, ես մի բան կանեմ, մի՛ անհանգստացեք։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog