«Բոլորս շեֆ ենք և նախագահ։ Դրանից էլ գալիս է այս արհեստական դասակարգման պարտադրումը». «Ալամեզոն» Բլոգ

«Բոլորս շեֆ ենք և նախագահ։ Դրանից էլ գալիս է այս արհեստական դասակարգման պարտադրումը». «Ալամեզոն» Բլոգ
«Բոլորս շեֆ ենք և նախագահ։ Դրանից էլ գալիս է այս արհեստական դասակարգման պարտադրումը». «Ալամեզոն» Բլոգ

Մի քանի օր առաջ, երբ տեսա, թե արձակուրդում գտնվող երկու դպրոցական ինչպես են հատուկ համազգեստ հագած աշխատում քաղաքային պուրակներում (հողը մաքրում, մոլախոտերը քաղում, ծաղիկ տնկում, աղբ հավաքում), հիշեցի մի նկար, որը մշտապես տարածվում է ամենուր։ Չգիտեմ՝ ով է հեղինակը, բայց այն, որ ստեղծողը երկար չի մտածել, ինչ մեսիջ է ուղարկում հասարակությանը՝ հաստատ։

Բազմիցս խոսվել և ծաղրվել է թեման, թե ոնց են հայերը դրսում առանց խնդրի աշխատում մատուցող, պահակ, հավաքարար, բայց Հայաստանում ամաչում են նույն գործն անել։ Բնականաբար, աշխատավարձի խնդիրն էլ կա, բայց, միևնույն է՝ ամաչելու է, ժողովուրդ, ամաչելու է, որովհետև հենց ժողովուրդն է սահման գծում՝ վերև-ներքև անելով մարդուն՝ ըստ իր աշխատանքի։

Բնական է, ըստ աշխատանքի բարդության՝ մարդը կարող է ստանալ որոշակի առավելություն, բայց դա չպիտի արվի մյուսի, օրինակ՝ հավաքարարի հաշվին։

Եվ հավաքարարին օրինակ բերել որպես ցածր՝ անպատվաբեր աշխատանքի և դարձնել խոցելի խավ… ընկերներ, մեր արժեհամակարգը մխտռվել է։ Նենց չի, որ ֆրանսիացի երիտասարդները չունեն խնդիրներ, բայց դրանցից մեզ օգուտ չկա, դրա մասին թող ֆրանսիացի բլոգերը գրի։

Իսկ ես հորդորում եմ իմ ընկերներին, ովքեր փոքր երեխաներ ունեն՝ սովորեցրեք նրանց, որ բոլոր աշխատանքները՝ լինեն մտավոր թե ֆիզիկական, պատվաբեր են։ Երբ ձեր երեխայի մեջ տեսնում եք միայն կառավարչի, իսկ ինքը կառավարիչ չդառնա, այդպես էլ կյանքը կանցկացնի «դիրեկտորի սինդրոմով», թե բա ինձ «պալո՞ժ» ա գնամ սրա-նրա համար մատուցող աշխատեմ։

Որպես կանոն՝ նույն մարդիկ էլ հենց մուննաթ են գալիս մատուցողի վրա։ Բոլորս շեֆ ենք և նախագահ։ Դրանից էլ գալիս է այս արհեստական դասակարգման պարտադրումը նոր սերնդին։ Ու մենք էլի կդոփենք տեղում։ 

Գրեթե բոլոր զարգացող երկրներում դեռահասներն աշխատում են։ Կոպեկների դիմաց, բայց աշխատանքը կա՝ հավաքարար, մատուցող, թերթ բաժանող, կենդանիներ խնամող, սնունդ առաքող, իսկ զուգահեռ կարող են սովորել, օրինակ՝ բժշկական համալսարանում կամ իրավաբանության ամբիոնում։ 

Երևի թե ժամանակն է անգիր արած խրատները վերանայել…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog