Այսօր Դաունի համախտանիշի միջազգային օրն է, իսկ ես մտածում եմ տկար հասարակության տկար պիտակների մասին.  «Ալամեզոն» Բլոգ

Այսօր Դաունի համախտանիշի միջազգային օրն է, իսկ ես մտածում եմ տկար հասարակության տկար պիտակների մասին.  «Ալամեզոն» Բլոգ
Այսօր Դաունի համախտանիշի միջազգային օրն է, իսկ ես մտածում եմ տկար հասարակության տկար պիտակների մասին.  «Ալամեզոն» Բլոգ

Երբ հղիության առաջին շաբաթներն էին, 21 թրիզոնոմի թեստ հանձնեցի։ Սովորաբար, երբ ամեն ինչ կարգին է լինում, չեն զանգում։ Բայց զանգեցին։ Զանգեցին, ասեցին՝ մի բան էն չի, եկեք։ Գնացի, ասեցին՝ հորմոններից մեկը 10 անգամ բարձր է անալիզի մեջ, ու չգիտեն ինչու։ Լունայով հղի 9 ամիսը միայն սթրես էր, շատ ընկերուհիներս գիտեին, որ ապրում եմ էկոյից էկո, ամեն ամիս՝ մեկ բժշկի մեկ հիվանդանոց։ 

Էդ ընթացքում էնքան ապրումներ ու մտքեր ունեցա։ Բայց ամենակարևորը՝ մտածում էի, ապրում եմ Ֆրանսիայում, էստեղ լրիվ ուրիշ է իհարկե, բայց հայ եմ, ու ինչպես հայերը կվերաբերվեն և ինչ պիտի խոսեն, եթե Լունան Դաունի համախտանիշով ծնվի։ Ու շատ գորշ մտքեր էին։ Խոսքը իմ ընկերների մասին չէ, այլ դրանից դուրս՝ հանրության։ 

Բոլորն են ուզում առողջ երեխա ունենալ։ Սարսափելի է, երբ երեխան անցնում է ցավերի միջով, պակաս սարսափելի չէ, երբ հասարակությունը պիտակներ է կպցնում երեխայիդ, առանց գիտակցելու, որ հենց ինքը՝ նման հասարակությունը, ավելի տկար է, քան շատ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ:

Ի վերջո, վերջին ամսում ամեն ինչ հերքվեց, Լունան ծնվեց առանց Դաունի համախտանիշի, բայց հիմա էլ իմ մտքերը հաճախ մռայլ են, որովհետև հիմա ավելի ռեալ եմ պատկերացնում այն բոլոր մայրերի վախերը և մտքերը, ովքեր ստիպված հանդուրժում են տկար հասարակության տկար պիտակները:

Բոլոր երեխաներն են լույսի կտոր, իսկ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները արևից են ծնվում։ Մեր հարևանի տղան Դաունի համախտանիշ ունի։ Ապրում է առողջ, երջանիկ, ունի աշխատանք, հաճախ հեծանիվով գնում է զբոսանքի իր մայրիկի և շան հետ։ Երբեմն զրույցի ենք բռնվում, դժվարությամբ, բայց խոսում է, և ոչ ոք, ոչ ոք նրան ծուռ չի նայում ու փսփսում հետևից։ Ուզում եմ հույս փայփայել, որ մի օր հայ հասարակությունը նույնպես սենց գրկաբաց կընդունի մարդկանց, ովքեր ծնվել են տարբեր՝ ավելի արևոտ:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog

http://www.youtube.com/watch?v=8L64BcCRDAE