Նոր թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը.Factor

Ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այսօր պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Կազբեգիի մունիցիպալիտետում (Մցխեթա-Մթիանեթիի շրջան), հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը. գրում է jnews.ge-ը:

Խաչաձև լեռնանցքի տակ փորվող թունելը` Ծկղերե գյուղից մինչև Կոբի գյուղը, Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է: Դրա տրամագիծը 15 մետր է կազմում: «Սա Անդրկովկասում ամենամեծ թունելն է, որի երկարությունը 9 կիլոմետր է, և այն եզակի է իր պարամետրերով», – միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհը՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց` Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակ է ձնահյուսի վտանգի պատճառով: Վարչապետը հիշեցրել է, որ մայրուղով ամեն օր շարժվում է 3-4 հազար ավտոմեքենա, որոնցից 30 տոկոսը բեռնատարներն են:

«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարվա ընթացքում փակ է մոտ հարյուր օր, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է և՛ մեր երկրի, և՛ բնակչության, և՛ ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին:

Ինը կիլոմետրանոց թունելի կառուցման համար նախապես հավաքվել էր հատուկ հորատիչ մեքենա: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ սարքավորումը ցուցաբերում է նվազագույն վիբրացիա: Նրանց կարծիքով, դա կապահովի շինարարության անվտանգ գործընթացը և նվազագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ընդհանուր, Քվեշեթի-Կոբի ճանապարհին պետք է կառուցվի հինգ կամուրջ և հինգ թունել: Ճանապարհահատվածի երկարությունը 23 կիլոմետր է, ինչը 11 կիլոմետրով պակաս է գոյություն ունեցող ճանապարհի երկարությունից: Այս հատվածով երթևեկելու ժամանակը պետք է կրճատվի 1 ժամով:

Նախագծի համաձայն՝ նոր ճանապարհի գոտում կընդգրկվեն Քվեշեթի, Արախվեթի, Զաքաթքարի, Բենիանի-Բեգոնի, Սվիանա-Ռոստիանի, Մուղուրե, Ցքերե և Կոբի գյուղերը: Միեւնույն ժամանակ, տարանցիկ փոխադրումներն այլևս չեն իրականացվի Գուդաուրի հանգստավայրով:

Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է: Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:

Աշխատանքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկիչ ընկերության կողմից: Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: