Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Հիշեցնենք, որ վերը նշված 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։ 2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։ Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։
Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը՝ չնայած դատախազության պնդումներին, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը կարող է վերաորակվել։ Դատավոր Աննա Դանիբեկյանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց, սակայն վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց կարճման որոշումը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան:
Ըստ Վճռաբեկի՝ ՍԴ ներկայացրած դիմումի՝ մեղադրողի կողմից անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու բացարձակ պահանջն այն պարագայում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին, հանգեցնում է տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման։ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսին որոշմամբ արձանագրեց, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Այս որոշումցի հետո արդեն, Վճռաբեկ դատարանը երեկ՝ սեպտեմբերի 12-ին լուծել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված բողոքի ընթացքը և որոշել բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատական ակտը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանին վերագրվող մեկ այլ արարքի՝ կաշառք ստանալու գործի քննությունը դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուց՝ հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 11-ը նոր դատավորի չէր մակագրվում:
Սեպտեմբերի 11-ին այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պոտրոսյանին: Չի բացառվում, որ Գևորգյանի վերաբերյալ կաշառքի գործը ևս միացվի Քոչարյանի և մյուսների գործին։