«Շառլ Միշելը հասկացրեց՝ Եվրոպական միությունը չի պատրաստվում որևէ տեղ գնալ Հարավային Կովկասից, այլ հակառակը». Հովսեփ Խուրշուդյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

– Պարո՛ն Խուրշուդյան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկու օր առաջ Հայաստանում էր, այնուհետև մեկնեց Բաքու: Եթե փորձենք ամփոփել՝ ի՞նչ այց էր, և ի՞նչ տպավորություններ ունեք:

– Նախ պետք է հասկանալ, որ այս այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Եվոպական միությունը հստակ հրապարակեց իր մտադրությունը՝ առաջիկա տարիներին Հայաստանին շոշափելի ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Իսկ երբ մենք նայում ենք այդ աջակցության կառուցվածքը, տեսնում ենք, որ հատուկ շեշտադրվել էր Սյունիքը, ինչը նշանակում էր, որ նաև քաղաքական աջակցություն էր ցուցաբերվում Հայաստանին:

Այնպես որ, ես կարծում եմ, որ հատկապես այս ընթացքում քննարկվել են այդ ծրագրերի ձևակերպման, իրականացման հեռանկարները, մեթոդաբանությունը: Բայց, միաժամանակ, Շառլ Միշելի ու Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հասկացվեց, որ քննարկվել է նաև Արցախի հարցը, որի ժամանակ վերահաստատվել է ԵՄ հանձնառությունը աջակցելու Մինսկի խմբի ձևաչափին: Այսինքն՝ բոլոր այն մյուս ձևաչափերը, որոնք այս ընթացքում ի հայտ եկան և առաջարկվեցին, լինի 3+3-ը, որ Էրդողանն առաջարկեց, լինի 2+1-ը, որը Պուտինն է առաջարկում, ըստ էության մերժվեցին, և նորից վերահաստատվեց ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի ձևաչափին:

Բացի այդ, շատ կարևոր է, որ Շառլ Միշելը հասկացրեց՝ Եվրոպական միությունը չի պատրաստվում որևէ տեղ գնալ Հարավային Կովկասից, հակառակը՝ պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը և մասնակցությունը: Դա հստակ ուղերձ էր տարածաշրջանի այն երկրներին, որոնք փորձում էին դուրս մղել Արևմուտքն այս տարածաշրջանից: Խոսքը նախևառաջ Թուրքիայի և Ռուսաստանի մասին է:

ԵՄ-ի նման վճռականությունը չէր կարող լինել, եթե ԵՄ-ի թիկունքին Բայդենի ընտրությունից հետո կանգնած չլիներ ԱՄՆ-ն: Հիշում եք՝ Թրամփի օրոք ԵՄ-ն այս տարածաշրջանում միայնակ էր մնացել և ռազմաքաղաքական տեսանկյունից երբևէ որևէ քայլ չի ձեռնարկել, իրականացրել:

– Շառլ Միշելի հետ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ունեն ոչ պաշտոնական տեղեկություններ, որ Ադրբեջանը մտադիր է ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին: Արդյոք այս հայտարարությամբ Փաշինյանն ինչ-որ բա՞ն է փորձում հասկացնել Ռուսաստանին: Ի՞նչ էր դա նշանակում:

– Եթե Հայաստանի իշխանությունները նման ինֆորմացիա ունեն, ապա, բնականաբար, դրա մասին պետք է բարձրաձայնվեր և, անշուշտ, հենց Արևմուտքի հետ շփումների ժամանակ, որպեսզի կանխարգելվեն նման զարգացումները: 

Եթե Ռուսաստանը չի կանխում նման զարգացումները, իսկ մենք տեսնում ենք, որ պատերազմից 6-7 ամիս անց Ռուսաստանը որևէ դեպքում չի կանխում նման զարգացումները, այլ փորձում է օգտվել զարգացումների կուլմինացիոն ինչ-որ պահերից: 

Այսինքն՝ թույլ է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան Հայաստանից ինչ-որ բաներ կորզեն, հետո երբ դանակը հասնում է ոսկորին ու կործանման վտանգ է սպառնում, հայտնվում է որպես փրկիչ և իր բաժինն է տանում, ինչպես եղավ Արցախում, հայ-ադրբեջանական սահմանին:

– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում գերտերությունների շահերի հավասարակշռումն այս տարածաշրջանում՝ ինչ-որ զիջումների, հետքայլերի հաշվի՞ն: Ինչպե՞ս:

– Միակ տարբերակը Հայաստանի համար արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացումն է, որն առանց Արևմուտքի ներգրավման տարածաշրջանում հնարավոր չէ իրականացնել: Դա մեր բարեբախտությունն է, որ Բայդենի իշխանության գալուց հետո Արևմուտքը վերադառնում է տարածաշրջան, և մենք դիվերսիֆիկացման հնարավորություն ունենք: 

Մնում է, որ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն, նաև՝ ճկունություն ու խոհեմություն, որովհետև բոլոր քայլերը պետք է լինեն խիստ հաշվարկված, ռիսկերը՝ մաքսիմալ կառավարելի և կառավարվող: Ես խոսում եմ նաև Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից եկող ռիսկերի մասին: Բոլորը պետք է հաշվարկվեն: 

Բայց ես, ցավոք սրտի, վստահ չեմ, որ իշխանությունների ներսում կան բավարար ներուժ ունեցող մասնագետներ, փորձագետներ, «թինկթանքեր», որոնք սպասարկում են իշխանությունների որոշումները, թե իշխանությունները ուղղակի նստում, գցում-բռնում են՝ տվյալ իրավիճակում ինչ քայլ պետք է անել: 

Միաժամանակ, պետք է նշեմ, որ, ցավոք, մինչև հիմա այդքան մեծ վստահություն չի ներշնչում, որ իշխանություններն այդ հմտություններն ունեն: Բայց ինձ համար ավելի կարևոր է, որ այսօր հիմնական վեկտորը ճիշտ է ընտրված, և իշխանությունների ջանքերը ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման, խորացման ուղղությամբ ճիշտ ուղղություն է մտնում:

– Պարո՛ն Խուրշուդյան, արտաքին գործերի նախարար երկար ժամանակ չնշանակելը ինչո՞վ եք բացատրում, արդյոք ձեր նշած հմտությունների բացակայությա՞մբ:

– Արտաքին գործերի նախարարի բացակայությունը պայմանավորված է ընտրություններից առաջ նախարարի ու նրա տեղակալների հրաժարականով, այնուհետև՝ ընտրություններով: Նրանք հրաժարական տվեցին, և մինչև նոր կառավարության ձևավորումը անհնար էր նոր նախարար նշանակել:

Այսինքն՝ այստեղ միտում տեսնել, որ չունենք, չեն նշանակում արտգործնախարար այլ բաների կոնտեքստում, ընդունելի չէ: Ընտրություններից առաջ ուղղակի նախկին նախարարը և նրա տեղակալները անպատասխանատու որոշում կայացրին՝ հրաժարական հայտնելով: 

Բնականաբար, իշխանություններին ձեռք չի տալիս ստեղծված իրավիճակը, և դա հարված էր հենց իշխանություններին: Այնպես որ, պետք է սպասենք ԱԺ-ի, հետո՝ կառավարության ձևավորմանը:

– Պարո՛ն Խուրշուդյան, ԱԳ փոխնախարարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը, հաշվի առնելով, որ նա պոտենցիալ ԱԳ նախարար է, ընդդիմության շրջանում վրդովմունք առաջացրեց, և շատերը հայտարարեցին, որ Հայաստանն այդպիսով սկսելու է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված ջանքեր գործադրել: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առնչությամբ, և արդյոք հնարավո՞ր է այս նշանակմամբ ձեր նշած դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վարել:

– Հակառակը, այդ նշանակումը դիվերսիֆիկացման հունի մեջ ու այդ շրջանակներում է կատարվել, որովհետև հայտնի է, որ Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կողմնակից ու ջատագով է: Իսկ նման ուղղության ջատագովների կուրսը Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն է, որով կդիվերսիֆիկացվի Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքականությունը:

Ուրիշ հարց, որ ընդդիմությունը Արևմուտքի հետ ցանկացած մերձեցում համարում է Թուրքիայի հետ մերձեցում, դրա համար փորձ է արվում վարկաբեկել արևմտյան ուղղությունը: Լավ է՝ չեն ասում՝ 2.6 մլրդ գումարը, որ տրամադրել է ԵՄ-ն Հայաստանին, Թուրքիան է տրամադրել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am