Ռուսական ազգային ինքությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները. Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանք

Ռուսական ազգային ինքությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները. Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանք
Ռուսական ազգային ինքությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները. Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանք

Վերջին օրերին անընդհատ խոսվում է ռուսական լրատվամիջոցների ու հանրության  կողմից Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանքի մասին: Քանի դեռ ռուսական լրատվամիջոցներն աղավաղում էին Բաղրամյանի ցույցերը՝ բացարձակ ապատեղեկատվություն տարածելով ու ցուցարարների նկատմամբ թշնամական վերաբերմունք քարոզելով:  Երբեմն այն վերածվում է հակահայկական և պրո-ադրբեջանական քարոզների: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի հանդեպ վերաբերմունքը ռուսական հասարակությունում սկսում է հիշեցնել Ուկրաինայի Մայդանի հանդեպ վերաբերմունքը, թեև այս երկու դեպքերը իրարից շատ տարբր են: Եկեք քննարկենք, թե, ի՞նչով է պայմանավորված նման վերաբերմունքը:

Մի կողմից ռուսական լրատվամիջոցների հակահայկական պնդումներն ու մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի ղեկավարության որոշումը արագ Հայաստանին հանձնելու Հրաչյա Հարությունյանին և Վալերի Պերմյակովին, հիմք են տալիս ենթադրելու, որ հակահայկական պնդումները լրատվամիջոցներում այնքան էլ ձեռնտու չէին Կրեմլին: Բնականաբար, Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտի պատճառով մի շարք գլխացավանքներ ունեցող ՌԴ իշխանությանը այս պահին ևս մի անկառավարելի իրավիճակ պետք չի տարածաշրջանում: Սակայն, հակահայկական ալիքը ռուսական հասարակությունում ստեղծում է հակառուսական տրամադրություններ Հայաստանում, հետևապես անհասկանալի է, թե ինչո՞ւ էին ռուսական լրատվամիջոցները ջանասիրաբար ապատեղեկատվություն տարածում: Պատասխանը պետք է փնտրել ռուսական ազգային ինքնագիտակցության առանձնահատկություններում:

Թշնամու կերպարի դեմ համախմբումը

Իմպերիալիզմի դարաշրջանից հետո փոփոխվող աշխարհին արագ չհամակերպվող ռուսական հասարակությունը անցած տարվա ընթացքում բազմիցս ապացուցել է, թե իրականում ինչպիսի հզոր համախմբիչ ուժ է թշնամու կերպարը: Ռուսաստանում ազգայնական տրամադրությունների կտրուկ աճը ԱՄՆ և ԵՄ-ի հետ այս երկրի հարաբերությունների վատթարացումից հետո բնականոն երևույթ է անցումային ինքնագիտակցություն ունեցող հասարակությունների համար: Նմանօրինակ դեպքերում հաճախ հասարակությունը կարիք ունի «օտարի», «ուրիշի», «թշնամու» կերպարի, որպեսզի այդ ուրիշի հետ իրեն հակադրելով հասկանա իր սեփական ինքնությունը: Ինչպես նշում է Հանթինգտոնը իր «Քաղաքակրթությունների բախումը» գրքում՝ «Մենք գիտենք, թե ով ենք մենք միայն, երբ գիտենք, թե ով չենք մենք, և հաճախ միայն երբ գիտենք, թե ում դեմ ենք մենք»: Ընդ որում՝ «ես»-ը առավելագույնս սիրուն գույներով պատկերացնելու համար հարկավոր է, որ «ուրիշը»՝ թշնամու կերպարը, հնարավորինս հաճախ դավադրություններ անի: Բնականաբար, նմանօրինակ ինքնությունը հաճախ պատճառ է հանդիսանում իրադարձությունների ոչ ադեկվատ մեկնաբանության համար: Ավելին՝ ինչքան սուր և հաճախակի լինեն «ուրիշի» դավադրությունները, այնքան սեփական եսը ավելի լավն է թվում:

Սովետական միության փլուզումից հետո քայաքայված տնտեսությամբ և հիասթափությամբ լի Ռուսաստանը համախմբելու Պուտինի հիմնական խաղաքարտը ռուսական ազգային ինքնագիտակցության հետ մանիպուլիացիաներն էին: Դրանք երկու հիմնական ուղղությամբ էին ընթանում՝ Ռուսաստանի ընտրյալ ու տարբերվող լինելու քարոզչություն: «Ռուսաստանը մենակ է հաղթել 2-րդ համաշխարհայինը», «Եթե չլիներ Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և մյուս հետսովետական երկրները գոյություն չէին ունենա», «Ռուսաստանը տարբերվում է բոլոր երկրներից» և այլ նմանօրինակ պնդումները ամենօրյա երևույթ են Ռուսաստանում: Արդյունքում՝ ռուսական ազգային ինքագիտակցությունն այնքան է կախման մեջ ընկել «օտարների» դեմ մղվող պայքարից, որ առանց արևմուտքի հետ բախման և հակադրության ռուսական կոլեկտիվ «ես»-ը չի կարող գոյություն ունենալ: Եթե մի նախադասությամբ ձևակերպելու լինեինք ռուսական ինքնության քարոզչությունը Պուտինի կառավարման օրոք, ապա դա կհնչեր այսպես «Ռուսաստանը արևմուտք չէ»:

Խիստ ժամանակավոր

Արդյունքում, անկախ Կրեմլի կարգարություններից, ռուս հասարակությունը ցանկացած անցանկալի իրադարձության հետևում փնտրում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձեռքը: Նույնը կարելի է ասել նաև Երևանյան ցույցերի մասին: Իմպերիալիստական նկրտումներ ունեցող ռուսական կառավարությունն ու նրա հետևորդները կարիք ունեն «լուրջ» և «արժանի» թշնամու կերպարի: Այսինքն՝ ինչ-որ փոքր-մոքր պետություններ, ինչպիսիք են Հայաստանը, Լեհաստանը, Վրաստանը, Ուկրաինան և այլն, չեն կարող ինքնուրույն եզրահանգումներ անել, դժգոհություններ ունենալ, կամ դժգոհ լինել կոնկրետ մի ռուսական ընկերության կոռուպցիոն քաղաքականությունից: Չեն կարող, քանի որ նրանք դասակարգվում են Ռուսատսանին «օտար» ուժերի ստորին կարգին: Մինչդեռ ԱՄՆ-ն  իսկը արժանի հակառակորդ է, հենց նրա հետ հակադրության ֆոնին է զգացվում ռուսական «ես»-ի «հզորությունը»: Ինչքան ուժեղ է «օտարը», այնքան ուժեղ է թվում նրա հետ հակադրությունում սեփական «ես»-ը: Բայց, նմանօրինակ ինքնագիտակցությունն ու վերաբերմունքը այլ մշակույթների հանդեպ պայթյունավտանգ է՝ հատկապես Ռուսաստանի նման բազմամշակույթ երկրի համար: Ավելին՝ նմանօրինակ վերաբերմունքը ՌԴ-ի դեմ է տրամադրում հետսովետական երկրների բնակչության կոնկրետ շերտի, որը կարդում է լրատվամիջոցներ, իրազեկված է և ունի եզրահանգումներ անելու ունակություն: Արդյունքում՝ ՌԴ-ն ուժեղացնելու համար շարժման մեջ դրված մեխանիզմը վնասում է իր իսկ շահերին:    

Եթե ի սկզբանե «ուրիշներին» հակադրվելով Ռուսաստանում ազգային զարթոնք ստեղծելու Պուտինի ձեռնարկությունը կարծես թե ժամանակավոր կերպով լուծեց ՌԴ-ում ինքնության խնդիրները, այսօր այն արդեն փչացնում է Ռուսաստանի հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ, կամ առնվազն այն երկրների, որտեղ քաղաքացիների ձայնը ամբողջովին չի խեղդվում պրոռուսական իշխանությունների կողմից: Ի վերջո, չի կարող կոնկրետ անարդարության դեմ բողոքող որևէ հասարակության համար ադեկվատ հնչել ռուսական լրատվամիջոցների՝ «Նուլանդի թխվածքաբլիթներ ուտողներ», «արևմուտքի շպիոններ», «ագրեսիվ ակտիվիստներ» և այլ նմանօրինակ արտահայտությունները: Ավելին՝ նմանօրինակ պնդումները բնականաբար չեն նպաստում Ռուսաստանի հանդեպ հարգանքի աճին: Եվ, ի վերջո, չի կարող ամուր ինքնություն ստեղծվել միայն հակադրության և «թշնամու կերպարի» դեմ քարոզչության հիման վրա: Վաղ թե ուշ նման ինքնությունը սկսում է գործել ի վնաս հենց այդ հասարակության:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»