Դաստիարակչական ապտակ ամուսնուց` «սիրով». Ըստ մասնագետների, բռնության մասին ընկալումը պիտի սկսվի դպրոցներից

Դաստիարակչական ապտակ ամուսնուց` «սիրով». Ըստ մասնագետների, բռնության մասին ընկալումը  պիտի սկսվի դպրոցներից
Դաստիարակչական ապտակ ամուսնուց` «սիրով». Ըստ մասնագետների, բռնության մասին ընկալումը պիտի սկսվի դպրոցներից

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի ու զոհերի պաշտոնական թվին աճին զուգահեռ, շատերը տղամարդու կողմից կնոջը տրվող «դաստիարակչական ապտակ»-ին նորմալ են վերաբերվում:

Երբ 9 տարի կնոջը դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկած տղամարդը վերջերս համաներմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից, հայ հասարակությունը չընդվզեց այս անարդար որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Գավառի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դեկտեմբերի 23-ին հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը, ով 9 տարի շարունակ դաժան ծեծի ու խոշտանգումներ էր ենթարկել կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին, ընդամենը 1.5 տարվա ազատազրման դատապարտվեց, սակայն համաներմամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։

Հասմիկ Խաչատրյանը լրատվամիջոցներին պատմել էր, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել Սարգիս Հակոբյանի կողմից: Ամուսինը նրան ծեծել էր անգամ հղի ժամանակ, աթոռը կոտրել էր գլխին, վառած սիգարետը հանգցրել մարմնի տարբեր մասերին, փորձել հանգցնել աչքերի մեջ: Սակայն, ոչ երիտասարդ կնոջ հանդեպ կիրառված դաժան վերաբերմունքը, ոչ էլ դատարանի` բռնարարի հանդեպ սահմանած անհամաչափ պատիժը պարսավանքի առարկա չդարձան հասարակության կողմից:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ արագ արձագանքման խմբի ծրագրի համակարգող, սոցիալական աշխատող-հոգեբան Սոնա Հովակիմյանը նշում է, որ հասարակության պասիվ արձագանքը կանանց նկատմամբ բռնության դեպքերին նախ եւ առաջ պայմանավորված է մշակութային առանձնահատկություններով:

«Մենք ունենք ավանդական հասարակություն, որտեղ արժեքները այլ են, օրինակ, կինը պետք է լինի հնազանդ, և մեր պասիվությունը հենց այդ արժեքներով է պայմանավորված: Դա ենթագիտակցորեն փոխանցվում է սերնդե- սերունդ»,- «Մեդիալաբին» ասում է Հովակիմյանը:

Սակայն, ըստ մասնագետների, ցավալին այն է, որ Հայաստանում կնոջ հանդեպ տղամարդու կողմից կիրառվող բռնությունը նորմալ են ընկալում հենց կանայք:

«Կանանց մոտ 40 տոկոսը գտնում են, որ բռնությունը ճիշտ է, ասում  են՝ եթե ես սխալ չգործեի, ինձ չէին պատժի»,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հիմնվելով իր ղեկավարած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ոլորտն ուսումնասիրած մի քանի հետազոտությունների վրա, որոնց արդյունքները նա «անմխիթար է» որակում:

«Քանի որ կինը դիտվում է կրտսեր և մի քիչ անկարողունակ անձնավորություն, տղամարդը՝ որպես վերդաս, գտնում է, որ նրան դաստիարակելու կարիք կա: Հայերի մոտ դաստիարակության մեջ ծեծը կամ խոշտանգումը համարվում է նորմալ, ըստ շատերի, ինչպես որ ծնողը երեխային է պատժում, այնպես էլ ամուսինը` կնոջը: Կինն էլ է նման վերաբերմունքը նորմալ ընդունում»- ասում է Ադիբեկյանը:

Չնայած վերջին տարիներին ընտանեկան բռնության դեմ տարվող պայքարին եւ կանանց խնդիրների բարձրաձայնմանը, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ. Հայաստանում կանանց հանդեպ խոշտանգումներն ու բռնություններն շարունակում են աճել:

Եթե 2013-ին պաշտոնապես գրանցվել է  ընտանեկան բռնության 580 դեպք, որից 7-ը` մահվան ելքով, ապա  2014-ին բռնության ենթարկված կանանց թիվ գրեթե եռակի աճել է: Այս տարի, պաշտոնական վիճակագրության համաձայն,  բռնության ենթարկված կանանց թիվը հասել է 1500-ի: Տարեցտարի մահվան ելքով դեպքերի վիճակագրությունն էլ է աճում: Եթե, օրինակ, 2012 թվականին ընտանեկան բռնության հետեւանքով մահացել է 5 կին, այս տարի այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 11-ի:

Ընտանեկան բռության դեպքերի պաշտոնական վիճակագրությունը, ըստ ոլորտի մասնագետների, սակայն, չի արտացոլում իրական պատկերը: Իրականում ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող կանայք ավելի շատ են Հայաստանում, սակայն նրանց չնչին մասն են բարձրաձայնում իրենց հանդեպ տեղի ունեցած բռնության մասին:

Կանանց ռեսուրս կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի խորհդրատու Սիրանույշ Դավթյանը նկատում է, որ հայ հասարակության մեջ 21-րդ դարում կանանց նկատմամբ բռնությունը համարվում է բռնության ընդունելի տեսակ:

«Երբ որ խոսում են ընտանիքի ներսում տղամարդ-կին հարաբերությունների մասին, միշտ այն գաղափարն է առաջ քաշվում, որ կա ապտակի մի տեսակ, որը չակերտավոր ասած դաստիարակչական ապտակն է, որը չգիտես ինչու ընդունելի է: Իսկապես կա տեղեկատվության պակաս, թե կանանց մոտ, թե տղամարդկանց»,- ասում է նա:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից  իրականացված հետազոտության արդյունքները նույնպես վկայում են կարծրացած մտածելակերպի մասին:

Հանրապետության հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների վերաբերմունքը գենդերային խնդիրների հանդեպ պարզելու նպատակով հարցումներ են անցկացվել Լոռու և Տավուշի մարզերում 361 հոգու շրջանում:

«Տղաներն ավելի խելացի են, քան աղջիկները» կարծրատիպը գերիշխում է Լոռու մարզում հարցմանը մասնակցած տղաների 59.3 %-ի և Տավուշի մազում հարցմանը մասնակցած տղաների 56.2 %-ի գիտակցության մեջ:

Այս երկու մարզերում հարցված տղաների և աղջիկների մեծամասնությունը այն կարծիքին են, որ դժվար կացության մեջ գտնվող կանայք պետք է իրենց խնդիրները լուծելու համար դիմեն տղամարդկանց:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ տարածված է այն կարծրատիպը, որ տղամարդիկ շատ ավելի լավ որոշում կայացնողներ են, քան կանայք, և ընտանիքում կարևոր որոշումները պետք է ընդունվեն տղամարդու կողմից:

Ըստ ուսումնասիրության, մտահոգիչ է դեռահասների շրջանում այն կարծրատիպերի առկայությունը, թե կանայք չունեն կարողություններ, որակներ՝ որոշակի ոլորտներում աշխատելու համար:

Լոռու մարզում տղաների 53.7%-ի, իսկ Տավուշում՝ 54.8%-ի կարծիքով բարձր պաշտոններ պետք է վստահվեն միայն տղամարդկանց:

Հետազոտության շրջանակներում, ինչպես և սպասվում էր, պարզվել է, որ տղաների մեծ մասը արդարացնում են կնոջ հանդեպ կիրառվող բռնությունը: Հարցված աղջիկների մեծամասնությունը, սակայն, այդ տեսակետը չի կիսում:

Լոռու մարզում հարցվող տղաների մեծամասնությունը՝ 59.3%-ը, իսկ աղջիկների`36.4%-ը համաձայն է, որ կան դեպքեր, երբ տղամարդը լիովին իրավունք ունի հարվածել իր կնոջը:

Լոռու մարզում աղջիկների՝ 71.2 %-ը և տղաների՝ 60.2 %-ը, իսկ Տավուշի մարզում աղջիկների՝64.7 %-ը և տղաների՝ 65.8%-ը կարծում է, որ եթե զույգի միջև կա բռնություն, ապա դա այդ զույգի անձնական գործն է, և այլ մարդիկ չպետք է միջամտեն:

Ահարոն Ադիբեկյանը նկատում է, որ Հայաստանում ոստիկանությունն էլ առանձնապես չի միջամտում ընտանեկան բռնության դեպքերին:

«Եվ աղջիկը, և տղան պետք է հասկանան, որ նրանք հավասար են բոլոր խնդիրներում, և կարևորը, աղջիկը պետք է իմանա, որ պաշտպանության հնարավարություն ունի պետական կառուցների միջոցով: Բայց մեզ մոտ ոստիկանություն աշխատում է նման հարցերին չմիջամտել, ասում է՝ դե ամուսիններ են, հարցերը կլուծեն: Կանայք էլ չեն բողոքում, երբ որ կնոջ համբերությունը սպառվում է, ֆիզիկական բռնություն արդեն դեմքին երևում է, նոր դիմում է դատարան»,- նկատում է սոցիոլոգը:

Կնոջ հանդեպ այդ վերաբերմունքը, ոչ թե դպրոցից, այլ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, հենց ընտանիքից է գալիս: Նրա խոսքով՝ առաջին հերթին ծնողներին պետք է բացատրել, որ չի կարելի երեխաներին ծեծել, բռնություն գործադրել: Իսկ դպրոցը, նրա խոսքով, պետք է լուսավորչական աշխատանք տանի այս ուղղությամբ:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում բռնության արդարացման միտում կա: Հարցումները նաև մեկ այլ ուշագրավ փաստ են արձանագրել. հասարակագիտության դասերին կանանց և տղամարդկանց հավասարության մասին քննարկումներին անդրադառնալով հարցվածները ասել են հետևյալը. 

«Կանանց իրավունքների վերաբերյալ որոշակի դասեր ենք անցել, թե ինչպես պետք է կինը լինի՝ համեստ, խոնարհ, հեզ», «Այդ դասերին խոսել ենք, որ տղամարդու որոշումները պետք է գերակշռեն և կինը պետք է հարգի իր ամուսնու կողմից ընդունած որոշումները»:

Հետազոտության հեղինակներն արձանագրել են՝ այս պատասխանները մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ հասարակագիտության դասերին աշակերտներին մատուցվում են գենդերային կարծրատիպեր և խտրականություն:

Կանանց ռեսուրս կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի խորհդրատու Սիրանույշ Դավթյանը նշում է, որ խնդիրը ոչ թե դպրոցից, այլեւ ավելի վաղ` մանկապարտեզից է գալիս: Նա նշում է, որ չափազանց կարեւոր է, բացատրել երեխաներին, թե գենդերային տարբերություններն ինչում են կայանում:

«Պետք է իմանալ, որ գենդերային տարբերությունը չի կայանում նրանում, որ տղամարդն ուժեղ է, կինը` թույլ, հետևաբար տղամարդը կարող է ուժ գործադրել, կինը չի կարող,-ասում է Դավթյանը:- Շատ կարևոր է դպրոցում խոսել բռնության տեսակների մասին: Շատ հաճախ մենք բռնություն ասելով հասկանում ենք միայն ծեծն ու հարվածները՝ մոռնալով, որ գոյություն ունի հոգեբանական բռնություն, գոռալը, նավաստացնելը, ազատության սահմանափակումը եւ այլն»:

Ադիբեկյանը  հավելում է, որ պայքար պետք է մղվի ոչ թե տղամարդկանց դեմ, այլ հանուն կանանց մտածելակերպի փոփոխության: Կանայք, նրա խոսքով, պետք է հասկանան, որ ծեծը քրական հանցագործություն է: Նա օրինակ է բերում ԱՄՆ-ն, որտեղ հոր կողմից հարված ստացած երեխան կամ ամուսնու կողմից ծեծված կինն անմիջապես զանգահարում են ոստիկանություն: Հայաստանում այդ մշակույթը ձևավորված չէ: Սոցիոլոգի խոսքով, հարցումները պարզել են, որ հայ կանանց 85 տոկոսը ենթարկվում են եվրոպական չափորոշիչներով հաստատաված բռնության 5 տեսակներից գոնե մեկին:

«Կանայք պիտի գիտակցեն ու հասկանան այդ ամենը,-նշում է Ադիբեկյանը:

Հոգեբան Սոնա Հովակիմյանը նշում է, որ այս ճանապարհին շատ կարեւոր է երեխաների` բռնության ընկալումը: Նա նշում է, որ դպրոցներում պետք է բացատրել, թե որն է բռնությունը, քանի որ շատերը չեն էլ գիտակցում, թե ինչի մասին է խոսքը:

«Երեխաները պետք է ճանաչեն իրենց իրավունքները, նաև ընդհանուր պատկերացում կազմեն, թե ինչ է բռնությունը, որոնք են ներդաշնակ հարաբերությունները,-ասում է հոգեբանը,- այն, որ ամուսի՞նը պետք է թելադրի, թե՞ որտեղ կա հավասարություն»:

Նրա խոսքով, պետք է դպրոցում այս ամենն ուսուցանվի ոչ թե մեկ կոնկրետ առարկայի շրջանակներում, այլ ուսուցիչներն այս հարցում մեծ անելիք ունեն:

«Ուսուցիչը հանդիսանում է վարքի մոդել, ինքը ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն տարբեր ուղերձներ է փոխանցում աշակերտներին,- «Մեդիալաբին» ասում է Հովակիմյանը,-նրա վերաբերմունքը դասարանում տղաների ու աղջիկների, կամ ինչ-որ դեպքի նկատմամբ ուղերձներ են, որոնք հասնում են աշակերտներին»:

Ռոզա Հովհաննիսյան

© Medialab.am