McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը

McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը
McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը

Չնայած նրան, որ դեռևս 2011 թվականից լուրեր են շրջանառվում Հայաստանում McDonald’s-ի մասնաճյուղ բացվելու մասին, դրանք այդպես էլ չեն հաստատվում:

2011 թվականին Mediamax.am-ին տված հարցազրույցում «Դալմա Ինվեստ»ընկերության տնօրեն Էդգար Խաչատրյանը հայտնել էր, որ շուտով Հայաստանում կբացվեն McDonald’s-ի սննդի կետեր։ Նա նույնիսկ մանրամասնել էր, որ այդպիսի սննդի կետ կբացվի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, սակայն ավելի ուշ Tashir Group-ը, որին պատկանում է «Դալմա Գարդեն Մոլը», հերքել էր այդ  տեղեկությունները:

Սրանից հետո սկսեցին համառ խոսակցություններ շրջանառվել վրացի բիզնեսմեն Թեմուր Չկոնիայի և Հայաստանում McDonald’s բացելու նրա ցանկության մասին: Նման ամենաթարմ լուրերից մեկը տարածվել էր մեկ տարի առաջ՝ 2018-ի փետրվարին: Համաձայն այս հրապարակման, Չկոնիան պատրաստվում էր բացել Հայաստանում առաջին նման սննդի կետը 2018-ի ապրիլին:

 
McDonald’s, սակայն, Երևանում դեռ չկա ու չկա, իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ Չկոնիայի հայտարարություններից հետո իրենք դիմել էին McDonald’s-ի տարածաշրջանային ներկայացուցչություն, որտեղից պատասխան էին ստացել, որ Հայաստանում McDonald’s սննդի կետեր բացելու ծրագրեր ընկերությունը չունի:

Ուշագրավ է, որ Հայաստանում McDonald’s բացելու մասին տեղեկությունները հերքվել էին դեռևս 2017 թվականին` Եվրոպայում McDonald’s ռեստորանային ցանցի մամուլի խոսնակի կողմից:

Հավելենք, սակայն, որ McDonald’s-ն իր ապրանքանիշը Հայաստանում գրանցել է դեռևս 1999 թվականին։

Աղբյուրը`www.Fip.am