Գևորգ Գորգիսյանը մանրամասներ հայտնեց ԱԱԾ հրավիրվելու առնչությամբ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել՝ որպես վկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գորգիսյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ ներկայացնելով նախորդ օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումից:

«Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, նոյեմբերի 9-10-ի օրերին ԱԺ քաղաքացիների մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա: Դեռ չեմ գնացել, մոտ ապագայում կայցելեմ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ չգիտի, թե ինչ են ուզում հարցնել իրենից:

Պատգամավորը կապի մեջ է քննիչի հետ, քառօրյա նիստից հետո կպայմանավորվի, կգնա: