«Մեկ միլիարդ եվրո աջակցությունը ԵՄ-ից իրատեսական թիվ է, ու շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ նշաձողը դրեց». Ստեփան Գրիգորյան

Հայաստանի կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ համատեղ այս փուլում ակտիվ աշխատանքներ է իրականացնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում փաթեթ պատրաստելու ուղղությամբ: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այո, ես փաստում եմ, որ այսօր աշխատանքը գնում է, և ամենակարևորն այն է, որ ոչ միայն Եվրամիության հետ է աշխատում մեր կառավարությունը, այլ նաև աշխատանք է տանում մեր քաղաքացիական հասարակության հետ: Այն կազմակերպությունները, որոնք ունեն լուջ առաջարկներ՝ կապված Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի հետ, ճանապարհային քարտեզ և այլն, ներգրավված են այդ աշխատանքներում»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից և դրանից հետո արված երկկողմանի հայտարարություններից հետո իրավիճակ է փոխվել, աշխատանքն առաջ է գնում: «Դրանից հետո եղանակ է փոխվել: Այն փաստը, որ փոխվարչապետի մակարդակով հատուկ հանձնաժողովն զբաղվում է, աշխատանքային խմբեր կան, հանդիպում են քաղաքացիական հասարակության հետ, միանշանակ ցույց է տալիս, որ մեծ խթան էր Նիկոլ Փաշինյանի ելույթը Բրյուսելում»,- ասում է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը եվրոպացի գործընկերների հետ զրույցում դժգոհել էր Հայաստանին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալներից: «ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ Եվրամիությունը հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ Եվրամիությունը կոնկրետ գաղափարներ ու ծրագրեր է սպասում Հայաստանից: Սվիտալսկու խոսքով՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումն իրենք ավելացնում են 25 տոկոսով: «Ավելացումը շատ լուրջ և շատ մեծ է։ Եվրամիությունը Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրամատուն է, և մենք տրամադրում ենք ողջ արտաքին աջակցության 50 տոկոսը»,- ասել էր նա:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Եվրամիությունը մինչև 1 մլրդ դոլարի աջակցություն կարող է տրամադրել Հայաստանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում օրերս չհերքեց այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը և կառավարության ներկայացուցիչները Եվրամիության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատում են այդ ուղղությամբ:

«Ես տպավորություն ունեմ, որ այդ աշխատանքը կառուցողական է ընթանում, և հույս ունենք, որ արդյունավետ կլինի»,- ասել էր Փաշինյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ 1 մլրդ դոլարի աջակցությունն իրատեսական է, եթե Հայաստանը հետևի Եվրամիության քաղաքականությանը, այն է՝ ավելին՝ ավելիի դիմաց:

«Եթե Հայաստանը ներկայացնի հետաքրքիր առաջարկներ, կապված տարբեր ոլորտների հետ, եթե այդ առաջարկություններն ընդունվեն Եվրամիությունում, այո, այդ աջակցության չափը կարող է իրոք շատ մեծ լինել, ոչ թե 100 միլիոն, 200 միլիոն, այլ ավելի շատ: 1 միլիարդ եվրո աջակցությունը Եվրամիությունից իրատեսական թիվ է, ու շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ նշաձողը դրեց: Դու պետք է մեծ նշաձող դնես, մեծ հարցեր բարձրացնես, եթե չբարձրացնես, էլի կօգնեն, բայց քիչ կօգնեն: Իսկ եթե ամբիցիաները մեծ են, մեծ աջակցություն կլինի: Եվ ես վստահ եմ, որ կառավարությունը կպատրաստի լավ փաթեթ»,- ասում է Գրիգորյանը:

Քաղաքագետը միաժամանակ նշում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրագործումը պաշտոնապես կմեկնարկի այն ժամանակ, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն այն: Վավերացման փուլը շատ արագ է առաջ գնում, բայց դեռ մի քանի ամիս էլ կտևի:

«Երբ Հայաստանը վավերացրեց, դռները բացվեցին նախապատրաստական աշխատանքների իրականացման համար: Հիմա շատ կարևոր է այն, որ կառավարությունն այդ նախապատրաստական աշխատանքներն սկսել է: Կան ծրագրեր, որոնց համար հիմա էլ ֆինանսավորում են հատկացնում, Եվրամիությունը սահմանափակումներ չի դնում, բայց համաձայնագրի վերջնական վավերացումից հետո արդեն մեծ փողերը կգան»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am