«Ադրբեջանական մահացած զինվորների նկարները մեր սայթերում հրապարակելը, ես չեմ ընկակում, ինչի՞ համար է արվում»․ Ֆելիքս Ցոլակյան

«Լրատվամիջոցները սխալ ինֆորմացիա են գրում, այս պահին ադրբեջանական մահացած զինվորների նկարները գցելը մեր սայթերում, ես չեմ ընկակում, դա ինչի՞ համար է արվում»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ վարչապետի ուշադրությունը հրավիրելով այս օրերին տարածվող ապատեղեկատվության հարցի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ ակնհայտ է՝ մեր հանրության մեդիագրագիտությունը շատ մեծ տեմպերով զարգանում է, նաև քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից։

«Կարծում եմ՝ հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են այս դեպքում։ Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, և այդպիսի վերլուծական աշխատանք արվում է։ Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով։ Բայց, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերը անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են, ինչը, իհարկե, չի նշանակում, թե մենք պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պիտի հրաժարվենք այդ սպառնալիքներին հակազդել։ Այդ խնդիրը սրանից դուրս էլ ահագնացող խնդիր է, բայց հատկապես ռազմական գործողությունների, սահմանային իրավիճակի լարման պարագայում դա կրկնակի-եռակի նեգատիվ ազդեցություն է ունենում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը հարցադրում արեց․ «Իսկ համոզվա՞ծ ենք, որ այդ բոլոր կեղծ տեղեկությունների հեղինակները ՀՀ քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են։ Սրանք հարցեր են։ Պետք է հասկանալ, որ այդ ռեսուրսը կարող է օգտագործվել օտարերկրյա կազմակերպությունների, ծառայությունների, անձանց կողմից։ Եվ սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր մարմինները զբաղվում են, ինչի մասին չենք կարող բարձրաձայնել»։