«Այդպես էին վարվում ծեծված ու ջարդված փախստականների հետ, նույնը անում են սիրիահայերի հետ». Վերադարձ հայրենիք

«Այդպես էին վարվում ծեծված ու ջարդված փախստականների հետ, նույնը անում են սիրիահայերի հետ». Վերադարձ հայրենիք
«Այդպես էին վարվում ծեծված ու ջարդված փախստականների հետ, նույնը անում են սիրիահայերի հետ». Վերադարձ հայրենիք
Հեղինակ MediaLab

Հայաստանում վերջին երկու ամիսների ընթացքում սիրահայերի վրա հարձակման երկու դաժան դեպքերը, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի անսպասելի չէին: 

Նա նշում է, որ ադրբեջանահայ փախստականները, որոնց ծեծում էին, վռնդում էին Ադրբեջանից, գալով Հայաստան՝ նույնպես բախվեցին խնդիրների, որի հետեւանքով շատերը հեռացան երկրից:

«Չեմ կարծում, որ շատ մեծ բան է փոխվել, այն ժամանակ այդպես էին վարվում ծեծված ու ջարդված փախստականների հետ, հիմա նույնը անում են հոգեպես ջարդված սիրիահայերի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատում է, որ ինչպես նախորդ տարիներին Հայաստան տեղափոխված մյուս փախստականները, սիրիահայերը նույնպես հայ հասարակությանն ինտերգրվելու խնդիր ունեն:

Սիրիահայերն իրենք պնդում են, որ Հայաստան տեղափոխվելիս լրիվ այլ պատկերացումներ են ունեցել հայրենիքի ու իրենց սպասվող վերաբերմունքի մասին:  Սակայն, բախվել են միանգամայն այլ իրականության հետ:

Պտղունք գյուղում, օրերս ծեծի, ապա ահաբեկման ենթարկված սիրիահայ Միշել Սարկոյանն ասում է, որ երբեւէ չի սպասել, թե Հայաստանում կարող է նմանօրինակ պատմության մեջ հատյնվել: Սարկոյանները Հայաստան են տեղափոխվել Գերմանիայից:

Այսօր, սակայն, նա կասկածում է՝ մնալ հայրենիքում, թե ոչ:

Աղմակահարույց դեպքը տեղի էր Սարկոյանի հիմնած ավտոմպահեստամասերի վաճառակետում, որտեղ վիճաբանություն էր ծագել նրա և հաճախորդներից մեկի միջև:

Գործը հասել է նրան, որ հաճախորդն ու նրա ընկերը սիրիահային քաշքշելուց ու հարվածելուց հետո, անցել են զենքով սպառնալիքներին` փորձելով խաբեությամբ սփյուռքահայից հետ ստանալ գնված ավտոպահեստամասի գումարը` վերադարձնելով  բոլորովին այլ պահեստամաս:

Գործով այժմ զբաղվում է ոստիկանությունը, իսկ Միշել Սարկոյանը ցնցված է Հայաստանում տիրող բարքերից, սպասում է արդարադատության իրականացմանը: Ասում է, որ դրանից է կախված՝ կմնա Հայաստանում, թե ոչ:

«Կը սպասեմ, տեսնեմ ինչ տեսակի արդարություն կերթա, կպայքարեմ արդարության համար: Եթե արդարություն չըստացվավ, չեմ մնա, որովհետև իմ երեխաս իմ երկրի վրա իրան կըզգա անապահով: Ես այսօր տունիս մեջը կպառկիմ, մենք մեզի կըհսկենք, որ հարձակում չընեն մեզի վրա: Այստեղ համախմբված խմբեր կըգործին»,- «Մեդիալաբին» ասում է Միշել Սարկոյանը:

Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը «Մեդիալաբին» ասում է, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

«Մենք մեր ուշադրության տակ ենք պահում գործը, քննությունը գնում է, ամեն ինչ անում ենք, որ օբյեկտիվ գնա քննությունը: Կպարզվի՝ ինչից է եղել, ոնց է եղել: Նորից մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, ինչպես նախկինում սիրիահայ Բրուտյանների հետ էր»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին Երևանում «Մանանդ» տաքսի սերվիսի տնօրենի որդու ու նրա շրջապատի կողմից դաժան ծեծի էին ենթարկվել սիրիահայ Արմենակ Բրուտյանն ու նրա երկու որդիները:

Դեպքը դարձյալ ծագել էր ավտոպահեստամասերի վաճառքի կետում: Երևանի ավոտբուսների նախկին պարկի տարածքում ավտոպահեստամասերի վաճառքի կետ հիմնած Արմենակ Բրուտյանի որդու՝ Քրիստ Բրուտյանի ու  հաճախորդի միջև ծագած վեճը ավարտվել էր դաժան ծեծկռտուքով, Բրուտյանները տեղափոխվել էին հիվանդանոց:

Ֆիրդուս Զաքարյանն ասում է, որ կողմերն այսօր հաշտություն են կնքել:

«Մեզ մեղադրում են, ասում են՝ ոչինչ չեք անում, բայց դա այդպես չէ: Մի քանի անգամ անձամբ եմ զանգահարել ու փոխոստիկանապետին խնդրել եմ գործը պահել իր վերահսկողության տակ: Այսինքն՝ արվել է հնարավորը: Այսօր Բրուտյանները հաշտվել են մյուս կողմի հետ, հաշտություն է եղել, հասկացել են, որ իմաստ չուներ այդպիսի մեծ կռիվ սարքել փոքր պատմությունից»,- «Մեդիալաբին» ասում է  Զաքարյանը:

Սակայն, Ցեղասպանության վերապրածների ժառանգ սիրիահայերի համար, ովքեր Հայաստանում են հայտնվել Սիրիայում սկիզբ առած պատերազմական իրավիճակի հետեւանքով,  տեղի ունեցած դեպքերը եւ վերաբերմունքն այնքան էլ նման չեն «փոքր պատմությունների»:  

Հրանուշ Խառատյանը նշում է, որ ոչ նախկինում Ադրբեջանից բռնագաղթած հազարավոր փախստականների համար, ոչ էլ հիմա սիրիահայերի նկատմամբ «պարզ հումանիզմի վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել»:

«Մեր հասարակության մի շերտի համար ինչ տարբերություն՝ իր առաջ սիրիահայ է, արդրբեջանահայ փախստական է, ուղղակի փախստական, թե՞ Հայաստանում ծեծված ու ջարդված մարդ է, ում ինչ կարողանում են, անում են»,-ասում է Խառատյանը:

Սա, ըստ նրա, ցավոք, Հայաստանում բռնության մշակույթի օրեցօր ավելացող պարզ դրսևորում է, և սիրիահայերն իրենց մաշկի վրա այսօր զգում են այդ երևույթը:

Ազգագրագետը նկատում է, որ Հայաստանից սիրիահայերն արդեն արտագաղթում են, նրանց զգալի հատվածի համար Հայաստանը տարանցիկ երկիր է այսօր:

«Հայաստան եկած մոտ 15 հազար սիրիահայերից մոտ 4000-ը 2012 թվականին նորից հետ են գնացել Սիրիա: Այլ երկրներ շատ քիչ թվով սիրիահայեր են գնացել՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործած սիրիահայերի թիվը մոտ 300 է կազմում»,- «Մեդիալաբին» ասում է Ֆիրդուս Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանից սիրահայերը հիմնականում գնացել են եվրոպական երկներ, Կանադա:

Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում այսօր բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ: Նա նշում է, որ սիրահայերի զանգվածային արտագաղթ Հայաստանից այսօր չկա:

«Սիրիահայերը ով ինչպես կարողանում են, հարմարվում են: Եբեմն հայրենասիրությունն է հաղթում, երբեմն իրենց մեջ մարդկային սերն է հաղթում, բայց այդպես երկար չեն կարող դիմանալ և արդեն չեն դիմանում»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Մարի Ներսեսյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am