Մեր անփութության պատճառով այնտեղ նշված չի եղել իրանական մեքենաների հարցը, ու ադրբեջանցիները, օգտվելով այդ սողանցքից, այս իրավիճակն են ստեղծել. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, շուրջ հինգ օր է՝ ինչ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար ադրբեջանական կողմը խոչընդոտ է ստեղծել, ու, կարծես, պաշտոնական Իրանը շարունակում է լռել: Իրանական կողմի դիրքորոշումներում այս առնչությամբ փոփոխություն նկատե՞լ եք:

– Բնականաբար, այնտեղ մտահոգված են ստեղծված իրավիճակով, սակայն, ճիշտ նկատեցիք, պաշտոնական մակարդակում քննարկումներն այդքան ինտենսիվ չեն, հիմնականում վերլուծական մակարդակում են ընթանում քննարկումները, բայց Իրանի համար, միանշանակ, սա լուրջ ահազանգ է և, փաստացիորեն, Իրանն էլ է մեկուսանում իր հյուսիսային սահմանների մասով, ինչը չի կարող չանհանգստացնել Իրանին:

– Իսկ պաշտոնական լռությունը ինչո՞վ է պայմանավորված:

– Կարծում եմ՝ նրանք փորձում են հարցն ավելի շատ դիվանագիտական խողովակներով լուծել, քանի որ հարցը Հայաստան-Ադրբեջան կարգավորման տիրույթում է, Իրանն այստեղ երրորդ կողմ է՝ ոչ անմիջական մասնակից, բայց, վստահ եմ, իրանական կողմն այս օրերին դիվանագիտական խողովակներով հարցն ակտիվորեն քննարկում է ադրբեջանական կողմի հետ:

– Դուք նշում եք, որ հարցի կարգավորման հիմնական կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իշխանական մի քանի պատգամավորներ ասում են, թե Ադրբեջանի այս քայլն ուղղված է Իրանի դեմ, ու, ըստ էության, հենց Իրանը պետք է կարգավորի խնդիրը:

– Միանշանակ է, որ ուղղված է նաև Իրանի դեմ, բայց իրավական առումով հարցը Հայաստան-Ադրբեջան տիրույթում է: Իրանը պետք է միջամտի, բայց՝ ավելի շատ դիվանագիտական խողովակներով: 

– Հայկական կողմն ի՞նչ պետք է անի, որ խնդիրը հանգուցալուծում ստանա, պարո՛ն Վարդանյան:

– Հայաստանն էլ պետք է իր լծակներն ու ռեսուրսները գործի դնի, որովհետև պատերազմից հետո Սյունիքի մարզի մոտ 26 կիլոմետր տարածք հանձնվեց Ադրբեջանին, այնինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ են: Հետագայում ինչ-ինչ բանակցությունների միջոցով Հայաստանն այդ 26 կիլոմետրը հանձնել է Ադրբեջանին՝ որոշակի երաշխիքների դիմաց, իսկ երաշխավորող պետությունը Ռուսաստանն է եղել, և նա էլ պետք է քայլեր ձեռնարկի, որ Ադրբեջանն իր պարտավորությունները կատարի:

Ինչպես հասկացա, ադրբեջանական կողմը սողանցք է գտել այդ պայմանավորվածությունների մեջ, ինչի մասին հայտարարեցին նաև Հայաստանի իշխանությունները: Փաստորեն, բանակցությունների ժամանակ ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ չի կանգնեցնելու այդ ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենաները, բայց մեր անփութության պատճառով այնտեղ նշված չի եղել իրանական մեքենաների հարցը, ու ադրբեջանցիները, օգտվելով այդ սողանցքից, այս իրավիճակն են ստեղծել: 

Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որովհետև Ադրբեջանի այս քայլը մեր տնտեսությանն է վնասում, ու Հայաստանը միգուցե միայնակ, միգուցե Ռուսաստանի հետ՝ որպես երաշխավոր կողմի, պետք է բանակցի Ադրբեջանի հետ ու անի այնպես, որ խնդիրը կարգավորի:

– Հայաստանից պաշտոնական մակարդակում հնչող նմանատիպ հայտարարություններն ինչպե՞ս կընդունվեն Իրանում:

– Մեզ մոտ Իրանի դերը շատ են չափազանցում: Մշտապես ասել եմ, որ Իրանը շատ ավելի լավ ու ջերմ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և վերջին ութ տարիների ընթացքում նկատելի է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, անընդհատ զարգացնում են հարաբերությունները տարբեր մակարդակներում, ու այնպես չէ, որ Իրանը Հայաստանի համար պետք է կոնֆլիկտի մեջ մտնի Ադրբեջանի հետ, իհարկե, կրկնում եմ, դիվանագիտական ճանապարհով կփորձեն կարգավորել խնդիրը, բայց բացահայտ կոնֆլիկտ Իրան-Ադրբեջան հարաբերություններում չի լինի:

– Դուշանբեում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան և Էբրահիմ Ռայիսի հանդիպումից ի՞նչ սպասենք, այս հանդիպումից հետո Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՞:

– Դժվարանում եմ ասել, բայց, հավանաբար, փորձել են ինչ-որ լուծումներ գտնել: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանը պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցի, որպեսզի նմանատիպ խնդիր չառաջանա իրանական բեռնատարների համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am