Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին

Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մենք մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, նախ և առաջ Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք: Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և թույլ են տվել համաձայնության գալ նոյեմբերի 9-ին», – նշել է Լավրովը: