Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի մարտի երկուսին

Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի մարտի երկուսին
Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի մարտի երկուսին

Բրիտանական ֆիլմերի 11-րդ ամենամյա փառատոնի մեկնարկը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում մարտի երկուսին, ուր Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Ակվարիում» ֆիլմը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» յուրատիպ և եզակի արդի պատում է մեր ժամանակների մասին:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիաստեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ և տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Իրականացնելով զգալի ներդրումներ մշակութային եւ բնապահպանական ծրագրերում որպես Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը հաճույքով ընդունեց առաջարկը և դարձավ փառատոնի գործընկեր: Ջրային պաշարների հետ կապված խնդիրը և մտահոգությունները բավականին լուրջ քննարկվում են ամբողջ աշխարհում և այն արդիական է նաև Հայաստանում: Մենք բոլորս շատ ենք սիրում մեր երկիրը և հոգ ենք տանում շրջակա միջավայրի հանդեպ, իսկ այս փառատոնը, հնարավորություն է ընձեռում մեզ այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ շատ կարևոր է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվում են ոչ միայն մասնագիտացված կազմակերպությունները, այլ նաև մշակույթի ներկայացուցիչները»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է ինր ֆիլմը: Մուտքն ազատ է բոլոր ցուցադրությունների համար: Մարտի 2-ից – 7-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (16.00-ին անգլերեն, իսկ 18.00-ին հայերեն ենթագրերով), իսկ մարտի 8-ից-10-ը Նաիրի կինոթատրոնում (14.30-ին անգլերեն, իսկ 16.30-ին հայերեն ենթագրերով): Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր նվիրված թեմայի բարձրաձայնմանը:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Երևան, Երկիր Մեդիա, Լայմ և Շողակաթ հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Արձագանք ռադիոկայանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, ArmRadio FM 107-ը, Լրատվական 106.5 ռադիոն և Ռադիո Ջանը: Մարզերում փառատոնին կաջակցեն Սոսի, Լաստ, և Հրազդան հեռուստաընկերությունները:

Medialab.am