Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է մոտ 3 անգամ

Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե 3 անգամ։ Այդ մասին հուլիսի 19-ին ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։

Նա նշել է, որ հղիները զուրկ են վիտամիններով հարուստ մթերք ձեռք բերելու հնարավորությունից, հայտնում է Արցախպրեսը։

«Բնականաբար, ստեղծված իրավիճակը չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ թե՛ պտղաբերության, թե՛ բոլոր տեսակի բարդությունների վրա, որոնց մենք արդեն հանդիպում ենք մեր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում։

Նշեմ, որ վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։

Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»,-նշել է Օսիպովը։

Նա ընդգծել է, որ հատկապես վերջին օրերին հղիների համար կաթնամթերք, ձու և վիտամիններով հարուստ այլ սննդամթերք ձեռք բերելն անհնար է դարձել։ Ստիպված անհրաժեշտ վիտամինների պակասը փորձում են լրացնել եղած հաբերի միջոցով, ինչը չի կարող փոխարինել բնական վիտամինները։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։