Վրաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է սահմանել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի տեղավորման ոլորտում՝ մի շարք ծառայությունների համար սահմանելով զրոյական քվոտաներ։ Ինչպես հաղորդում է Business Media-ն, օտարերկրացիները չեն կարող աշխատել որպես տաքսու վարորդներ, առաքիչներ և զբոսավարներ, եթե չունեն մշտական կացության թույլտվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվությունների տրամադրման նոր կանոնները։
Կառավարությունը ներդրել է քվոտաների համակարգ՝ սահմանափակելով ծառայությունների ոլորտում ներգրավվող օտարերկրացիների թիվը։ Տարբեր ոլորտների համար սահմանվել են տարբեր չափի քվոտաներ, սակայն առաքիչների, զբոսավարների և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների (տաքսի և հասարակական տրանսպորտ) դեպքում քվոտան սահմանվել է զրոյական։
Նոր կարգավորումները չեն տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 5600 ԱՄՆ դոլարը։



















