Հայաստանի իշխանությունը, տրվելով պատրանքներին, ակնհայտորեն ցանկություն ունի արտաքին քաղաքական կողմնորոշում փոխելու. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ «Ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության կոնտեքստում այսպիսին է` սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո: Սահմանային ամբողջ ծառայություններն իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից։ Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկերները» հայտարարությանն ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել Արմեն Գրիգորյանին «կողմնորոշվել», հավելելով՝ «կոմունիկացիաների ապաշրջափակումը քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափով: Ճիշտ չեմ համարում կողքից հնչած գնահատականներին անդրադառնալ»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս երկու հայտարարությունները։

– Արմեն Գրիգորյանի՝ Հանրայինին տված հարցազրույցը երկու մեսիջ ուներ․ առաջինը, որ Հայաստանը, ըստ էության, մերժում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական նախաձեռնությունները։ Երկրորդը՝ Արմեն Գրիգորյանն ակնարկում էր Հայաստանի ռազմավարական կողմնորոշման հնարավոր փոփոխության մասին։ 

Պարզ էր, որ ռուսական կողմն այսպիսի արձագանք է տալու այդ հայտարարությանը, մանավանդ որ իշխանությունը Արմեն Գրիգորյանի բերանով փորձում է խմբագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը այդ հայտարարությունը խմբագրելու հնարավորություն չունի, իսկ այս համատեքստում փոքր-ինչ տարօրինակ է, որ Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն է անում։ 

Շատ լավ է անում հայկական կողմը, որ ինքնիշխանության բաղադրիչը պահում է, բայց այս դեպքում պետք է հստակ պատասխան տա, թե ի՛նչ այլընտրանքային երաշխիքների հաշվին է դա անում, որովհետև Հայաստանի դիվանագիտական ու պաշտպանական կարողությունները չեն ավելացել, հետևաբար պետք է հստակ հայտարարվի նաև, թե անվտանգային ինչպիսի՞ երաշխիքներ և ումի՞ց են ստացել, որպեսզի մենք հասկանանք՝ դա իրականանալի՞ օրակարգ է, թե՞, օրինակ՝ մենք խմբագրում ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչի հետևանքով կարող է առաջանալ անվտանգային վակուում, որն Արևմուտքի փոխարեն լրացնելու է Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ խոսքով ասած՝ այն ճանապարհը, որը պետք է վերահսկվեր ռուսների կողմից, հանկարծ հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Իսկ այս վտանգը շատ իրական է, որովհետև Արմեն Գրիգորյանի խոսքում ես անվտանգային այլընտրանքային առաջարկությունների մասին ոչինչ չլսեցի։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ինձ էլ դուր չի գալիս, բայց չարյաց փոքրագույնը կարող է համարվել, երբ վտանգ կա, որ այդ ճանապարհի վերահսկողությունը կարող է իրականացնել Ադրբեջանը կամ Թուրքիան։

– Բացառո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է իրականացնել այդ վերահսկողությունը, ինչպես ասում է Արմեն Գրիգորյանը։

– Եկեք շատ անկեղծ լինենք․ աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Արևմուտքի, Ռուսաստանի, այլ խաղացողների ու դերակատարների միջև այս ամբողջ վեճը հենց կոմունիկացիաների հարցի շուրջ է։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական կենտրոնները ո՛չ Ղարաբաղի հարցում տարաձայնություններ ունեն, այդ հարցում բոլորն էլ կողմ են, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, ո՛չ դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում կարող են մեծ տարաձայնություններ ունենալ, որովհետև նրանց չի հետաքրքրում, թե որ բարձունքը ո՛ր պետության տարածքում կլինի։ 

Հետևաբար աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը փորձում է այդ կոմունիկացիաների նկատմամբ հաստատել հենց իր վերահսկողությունը։ Վեճը սրա շուրջ է։ 

Տեսե՛ք՝ 1975 թվականի քարտեզի մասին Փաշինյանը բան է ասում, դա միանգամից հերքում է Ադրբեջանը, կոմունիկացիաների վերաբերյալ Արմեն Գրիգորյանը բան է հայտարարում, դա միանգամից հերքվում է Մոսկվայի կողմից։ 

– Ի՞նչ է նշանակում դա։

– Ստացվում է, որ մեր իշխանությունները իրենց ընկալումները, սպասումները ներկայացնում են որպես բանակցային արդյունք, այսինքն՝ առաջնորդվում են ոչ թե իրողություններով, այլ պատրանքներով, ընդ որում՝ արևմտյան ոչ մի գործընկեր չի վերցնում հայկական օրակարգն ու պաշտպանում։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե, այնուամենայնիվ, Հայաստանը փորձի խմբագրել, ինչպես ասում եք՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետը, ռուսական կողմը դա հեշտությա՞մբ թույլ կտա կամ, ընդհանրապես, թույլ կտա՞։

– Ես շատ ուրախ կլինեի, որ Հայաստանն ունենար հետպատերազմյան բոլոր իրողությունները խմբագրելու այդ հնարավորությունը, բայց ցանկությունը մի բան է, ռեալ իրականությունը՝ մեկ այլ։ Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ հնարավորություն ունենա իր ստանձնած որևէ հետպատերազմյան պարտավորություն չկատարել, որովհետև անցած երեք տարում մեր դիվանագիտական ու պաշտպանական կարողությունները չեն ավելացել, միջազգային համատեքստը մեզ համար ավելի դրական չի դարձել, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն չի նվազել, այլև՝ վախենամ, ուկրաինական պատերազմի նոր մակարդակից հետո նոր դրսևորում ստանա։ Այսինքն՝ չկա գլոբալ որևէ նախադրյալ, որն ինձ թույլ տա ենթադրել, որ Հայաստանը կարող է պարտիա վերախաղարկել, խնդիրն այս է։ 

Ես կարծում եմ, որ կողմերին հաջողվելու է գալ այնպիսի լուծումների, որ դա մեծապես չազդի Հայաստանի ինքնիշխանության վրա, նման հույսեր ունեմ, դա ավելի իրատեսական է, քան այն, ինչի մասին խոսում էր Արմեն Գրիգորյանը: Ի վերջո չմոռանանք, որ ռուսական ներկայությունը այդ տրանսպորտային հաղորդակցությամբ չէ, որ եկել է Հայաստան, դրանից մի քանի կիլոմետր այն կողմ սահմանը վերահսկում են ռուսները։ Հայաստանի իշխանությունը, տրվելով պատրանքներին, ակնհայտորեն ցանկություն ունի արտաքին քաղաքական կողմնորոշում փոխելու։ 

Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից չէ, բայց դա չի նշանակում, թե պետք է մերժենք դա ու մնանք առանց անվտանգային հովանոցի, որովհետև մենք Արևմուտքից որևէ առաջարկ չենք ստացել: Ես սա պաշտոնապես եմ ասում, որովհետև ես էլ եմ շփվում արևմտյան դիվանագետների հետ ու չեմ լսել որևէ ակնարկ անգամ այն մասին, որ արևմտյան որևէ պետություն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանին կամ լինելու նրա դաշնակիցը։ 

Մենք նաև չունենք որևէ երաշխիք, որ եթե որոշենք ռազմավարական կողմնորոշում փոխել, չենք հանդիպի Ռուսաստանի առավել կոշտ հակազդեցությանը ու, առավելևս՝ որևէ երաշխիք չունենք, որ այդ պարագայում որևէ երկիր մեզ աջակցելու է։ 

Արտաքին կողմնորոշման չմտածված փոփոխության դեպքում մենք կարող ենք երկու բացահայտ թշնամիների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին ունենալ երրորդ բացահայտ թշնամի՝ Ռուսաստանին։ Իսկ սա մեզ կանգնեցնելու է մեր պետականության կոլապսի ռիսկի առաջ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ 

Բացի այս, միջազգային քաոսի պայմաններում, ինչպիսին այսօր է, ընդհանրապես խելամիտ չէ արտաքին քաղաքականության կողմնորոշումը փոխելու մասին մտածել, որովհետև մենք չգիտենք՝ նոր աշխարհն ինչպիսին է լինելու։ Այս փուլում երկրները, մեր տիպի երկրները հատկապես, աշխատում են կտրուկ շարժումներ չանել ու սպասել նոր աշխարհաքաղաքական միջավայրի ձևավորմանը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am