ՀՀ էկոնոմիկայի նախարարի պնդումը, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է, որովհետև 2017 թվականին այն եղել է 59%, իսկ 2025-ին՝ 49%», տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը համարում է «հերթական սխալ տեղեկությունը», որը նախարարը տրամադրում է հանրությանը:
«Այո, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է, սակայն շատ ավելի կարևոր է պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների հարաբերակցությունը, այսինքն՝ մեր եկամուտներից քանի՛ տոկոսն ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը։ Եվ այսպես, 2017 թվականին պետական պարտքի տոկոսավճարներին հատկացվել է բյուջեի 8,1%-ը, իսկ ահա 2025 թվականին պետական պարտքի սպասարկման համար ստիպված ենք եղել հատկացնել բյուջեի եկամուտների 10,6%-ը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Առաքելյանի խոսքով՝ մեր երկիրը հիմա ծախսերի 2,5%-ը լրացուցիչ հատկացնում է պետական պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այլ ծախսեր կատարելու հնարավորությունը։
«Օրինակ՝ նշված 2,5%-ը կազմում է առողջապահության ամբողջ ծախսերի կեսը, կամ այդ գումարով կարելի է նվազագույն թոշակը դարձնել մոտ 60000 դրամ։ Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը:
Տեղի ունեցողի պատճառը, ըստ մասնագետի, շատ պարզ է, քանի որ վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով։
Հավելեք, որ 2025 թվականին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա՝ 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4 տոկոսով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















