Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի նախագահ Միշել Աունի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի կայցելի Բեյրութ՝ ցուցաբերելու իր զորակցությունը Լիբանանի ժողովրդին՝ աղետալի պայթյունից հետո»,- նշված է գրառման մեջ:

Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը «Associated Press»-ին ասել է, որ Մակրոնը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ:

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է Նաղդալյանը: