Մարտի 1․ Անխուսափելին

Մարտի 1․ Անխուսափելին
Մարտի 1․ Անխուսափելին

Մարտի 1-ն անխուսափելի էր։ Անխուսափելի էին զոհերը։ Գիտեմ, որ դաժան է հնչելու, բայց Հայաստանը 10 տարի լճացման մեջ էր, և այդ լճացումը տեղից պետք էր շարժել։ Մարտի 1-ը եղավ դրա գինը։

Մի քանի օր հետո Սերժ Սարգսյանն ասելու էր՝ եթե արտակարգ դրություն չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին։ Հիմա, երբ գիտենք, որ նրանք հենց սկզբից էին ծրագրել սպանությունները, գիտենք նաև, որ մարդկանց պիտի սպանեին հենց արտակարգ դրություն հայտարարելու համար։

Ինչո՞ւ էր ուրեմն անխուսափելի Մարտի 1-ը։

Վերջին 10 տարում Հայաստանում իշխանությունն անթաքույց անպատիժ էր, ձերբակալում էր ում ուզում էր, դատավորներին հրահանգում էր ինչ մտքով անցնում էր, միայն Հյուսիսային պողոտայի բնակիչների պարզ վտարումն իրենց տներից և գրոշներով փոխհատուցումը հերիք էին։ Ընտրություններին ներգրավված էին գրեթե բոլոր պետական աշխատողները և նրանց կից անձինք, ուսուցիչները, դպրոցի տնօրենները և մանկապարտեզների աշխատակիցները մասնակցում էին ընտրակեղծիքներին ու չէին էլ թաքցնում։ Այդ ժամանակ նույնիսկ անհուսություն չկար Հայաստանում։

Եվ հանկարծ նախագահի ընտրություններին մասնակցում է մի մարդ, որը ոչ միայն հույս է դառնում, այլև բոլորին տեղեկացնում է, թե ինչ իրավիճակում են իրենք։ Այս մարդը բոլոր մյուս թեկնածուներից տարբերվում էր նրանով, որ հենց սկզբից ցույց տվեց իր վճռականությունը, նա խոսում էր լավագույն հայերենով, իրերն իրենց անուններով կոչելով  և առաջինն էր, որից հենց իշխանությունն էր վախենում։

Նա ցույց տվեց, որ իր հետ հնարավոր չէ խոսել «համագործակցության» լեզվով։ Նա մի մարդ էր, որը հայտարարեց ավազակապետությունը կազմաքանդելու մասին և ներողություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու համար։ Այդ մարդու գլխավոր առավելությունն այն էր, որ բոլորին դարձրեց իր նման անվախ ու աննահանջ։ Նա, ով դառնում էր նրա թիմակիցը կամ կողմնակիցը, դառնում էր անշրջելի։ Այդ մարդը սեփական ուժերով ջրեց ու խնամեց մյուսների հավատը։

Բայց իշխանությունը, չնայած իր վախին, տեսնում էր, որ դեռ ուժ ունի դիմադրելու, ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև՝ «հոգեկան»։ Նա չափազանց շատ էր մխրճվել հարյուր հազարավորների գլխում, որպեսզի մեկ վայրկյանում և պարզ վախով նահանջեր։

Իշխանությունն ուներ իր անխոցելի բանակը նաև ժողովրդի մեջ։ Թեպետ այդ բանակը մեծամասնություն չէր, բայց կարող էր իր վիրտուալ մագիլները ուղարկել աջ ու ձախ։ Ժողովուրդն այն ժամանակ ազդակներ էր սպասում իշխանությունից և երբեմն ստանում էր՝ հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Ջհանգիրյանի կամ ԱԳՆ ութ աշխատակիցների։ Բայց դրանք բավարար չէին։ Իշխանությունն իր հերթին չէր կարող սպասել, որովհետև ամեն օրը միայն ընդգծում էր նրա ուժեղացող թուլությունը։

Այսօր մենք արդեն գիտենք, որ դեռևս փետրվարի 23-ին որոշում է կայացվել ժողովրդական ընդվզումը կանգնեցնել սպանություններով։ Ռոբերտ Քոչարյանը չգիտեր, որ այդ սպանություններով ինքը խաթարում է ճահիճը։ Նա ավելի խելոք կլիներ, եթե համաձայնվեր ընտրությունների երկրորդ փուլին։ Բայց նա որոշեց պահել իշխանությունը՝ Սերժ Սարգսյանին ժառանգելով ակտիվացման նշաններ ցույց տվող ճահիճը։

Սերժ Սարգսյանը հազիվ թե հասկացավ այսպիսի նվերի ամբողջ սարսափը։ Չհասկացավ, որովհետև մարտի 1-ից 10 տարի հետո էլ հույս ուներ պահպանել իշխանությունը։ Նա չհասկացավ, որ ինքը իշխում է շատ սահուն մեռնող ճահճի վրա, որ այդ ճահճի մեջ արդեն բնություն կա։ Հասկացողը սահմանադրական փոփոխություններ չէր նախաձեռնի, հասկացողը ներողություն կխնդրեր Մարտի 1-ի համար և կդառնար քաղաքացիական գիտակցություն ունեցող ժողովրդի բնության մասնիկը։

Մարտի 1-ն անխուսափելի էր, որովհետև Հայաստանն արդեն նախագահի ընտրության առաջ չէր կանգնած, այլ աջ ու ձախ շարժվելու։ Ճահճի առողջացումը տեղի է ունենում հենց իր մեջ։ Ժողովուրդն ինքն իրեն ցնցել էր, բայց իշխանությունը դեռ չէր ցնցվել։

Մարտի 1-ը նույնքան անխուսափելի էր, որքան մեր պատմության ամենակարևոր դրվագները՝ Պապ-եկեղեցի հակամարտությունում Պապի սպանությունը, որը նույնպես ցնցեց պետության մեջ եկեղեցու դերի ընկալումը, 1915-ի ցեղասպանությունը, որը «ստեղծեց» մի ժողովուրդ՝ արդեն ամբողջությամբ պատրաստ պետություն ունենալու, թեպետ դրան նախորդել էր Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը և Միքայել Նալբանդյանի հրապարակախոսությունը։ Սրանք բոլորը ցնցումներ էին, որոնք մեզ դարձրեցին պետականության պատրաստ ժողովուրդ։

Ի դեպ, այդպիսի մի ցնցում էր նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։

Այն բանակցային գործընթացի լճացման արդյունք էր, և այդ պատերազմը պետք է բռնկվեր։ Դա չաշխուժացրեց բանակցությունները, բայց արդեն հասկանալի էր, որ բանակցային լճացումը միշտ կարող է «աշխուժացվել» նոր զոհերով։

Հայաստանում նոր Մարտի 1 չի լինի հենց միայն այն պատճառով, որ 2008-ը մեր ամբողջ անկարողությունը վերցրեց իր վրա ու գնաց։ Չի լինի, որովհետև այդ արարքի դատապարտվածությունն այսօր արդեն ընթեռնելի է։

Չի լինի, որովհետև արդեն եղել է։

Մհեր Արշակյան

MediaLab.am