«Իմ քայլը» պատրաստ է քննարկել քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու ԼՀԿ-ի հայտարարության տեքստը

«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել  «Լուսավոր Հայաստան»-ի մշակած հայտարարության տեքստը, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում:

««Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է այդ տեքստը քննարկել»,-ասաց Սիմոնյանը:

Նա «Իմ քայլը» խմբակցության անունից նաև շնորհավորեց Մամուլի ազատության օրվա առիթով: «Պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ: Այդ արձանագրումն արել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով,  քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության քվեարկությանը:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ատելության և սպառնալիքի խոսքի տարածումից: ԼՀԿ-ն պատրաստել է համապատասխան հայտարարության տեքստ: Մարուքյանը ԱԺ-ում կոչ արեց քաղաքական ուժերին միանալ այդ տեքստին, արձանագրել, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական միավորներն ատելության խոսք չեն օգտագործելու: