«Երկիրը լքած և եվրոպաներում գողություն անողը, մեր հայրենիքը վարկաբեկողը ինձ համար լափի համար հայրենիքը լքած է». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Տիկին Զոհրաբյան, հայտնի ձայնագրությունից հետո, որտեղ դուք «բոմժ» ու «լափի համար» երկիրը լքած եք համարում արտերկրում բնակվող որոշ հայերի, մարդիկ Ֆեյսբուքում տարբեր ուղերձներով են հանդես գալիս՝ քննադատելով ձեզ և պահանջելով, որ վայր դնեք ձեր մանդատը։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություններին։

– Ես ինչ ունեի ասելու՝ արդեն ասել եմ։ Ես իմ խոսքով դիմել եմ սփյուռքահայ մեր հայրենակիցներին։ Եթե կարիք կա, նորից կասեմ, ինձ Ֆեյսբուքի մեսենջերով ամենախուլիգան հայհոյանքներ են ուղարկում։ Իմ երեխայի հասցեին հայհոյանքներ էր գրել մի կին, որը, հետո մենք ճշտեցինք, Եվրոպայում զբաղված է գողությամբ։ Նա խանութներից օծանելիք է գողանում, անգամ ոստիկանների կողմից բռնվել է։ Ես պատասխանել եմ տվյալ կնոջը։ Կրկնում եմ այն, ինչ ասել եմ, ստորագրում եմ ամեն բառիս տակ։

Երկիրը լքած և եվրոպաներում գողություն անողը, մեր հայրենիքը վարկաբեկողը ինձ համար լափի համար հայրենիքը լքած է։ Ես ցավում եմ, որ իշխանությունը, որը կազմակերպել էր այս ամենը, փորձեց խաղալ մեր սփյուռքահայ շատ հարգարժան հայրենակիցների էմոցիաների վրա։ Անկեղծ ասած՝ ես չեմ լսել, բայց ինձ պատմել են, որ նման արձագանքներ եղել են։

Ես շատ եմ ցավում, որ մեր հայրենակիցները, բացարձակապես տեղյակ չլինելով խնդրին, տեղյակ չլինելով, թե ում և ինչի համար եմ արձագանքել, չգիտեմ ինչից ելնելով՝ նման արձագանք են տվել։ Ես ցավում եմ դրա համար, ավելին ասել չեմ կարող։

– Ձեր խոսքը կարծես համատարած արտերկրում բնակվող բոլոր հայերին էր վերաբերում, համենայնդեպս, մարդկանց մեջ նման տպավորություն կա։

– Ոչ, ես բացարձակ համաձայն չեմ, ես այդ կնոջ հետ խոսել եմ «դուք»-ով։ Ես բարեկիրթ մարդ եմ, ի տարբերություն այդ կնոջ, որն ինձ անձնական հայհոյանքներ էր հղել, ես նրան պատասխանել եմ «դուք»-ով։ Հիմա, եթե ինչ-որ մարդիկ դա իրենց վրա են վերցրել, ցավում եմ։ Ես որևէ մեկին որևէ կերպ չեմ ուզել վիրավորել։

– Այսինքն՝ մարդիկ սխա՞լ են հասկացել ձեզ։

– Իհարկե սխալ են հասկացել։ Դա այնքան պարզ է, ես պատասխանել եմ ինձ վիրավորած կնոջը։ Եվ հարյուրապատիկ անգամ պատասխանելու եմ ցանկացած անձի, որը կվիրավորի ինձ և իմ ընտանիքը, անկախ նրանից՝ որտեղ է ապրում։ Իմ ամեն բառի տակ ես ստորագրում եմ, ավելին, կրկնում եմ՝ քիչ եմ ասել։

Իհարկե իմ բարեկրթությունը թույլ չէր տա սեռական բնույթի հայհոյանքներով պատասխանել, բայց ստորագրում եմ իմ ամեն բառի տակ։ Վիրավորել եմ կոնկրետ այդ կնոջը։ Եվ քանի որ ես դաստիարակված մարդ եմ, չէի կարող անծանոթ կնոջն ասել «դու», ասել եմ՝ «դուք»։ Եվ եթե սփյուռքում ապրող իմ շատ հարգարժան հայրենակիցներն այդ «դուք»-ի տակ չգիտես ինչու նույնացրել են իրենց, ես անկեղծ ցավում եմ դրա համար։

– Արտերկրից ձեզ տեսաուղերձ հղած հայերը, օրինակ՝ ասում են, որ դուք ձեզ համար «տաք» տեղ եք գտել, մտել եք կուսակցություն, իսկ իրենք ստիպված են եղել երկրից հեռանալ, քանի որ այլ հնարավորություն չեն ունեցել։

– Ես բացարձակ համաձայն չեմ նման գնահատականներին։ Ես չեմ ցանկանում որևէ մեկի հետ բանավեճի մեջ մտնել։ Ես եղել եմ Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը, վստահաբար առաջին եռյակում եմ եղել։ Ես Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկն եմ։ Ես շատ բան եմ արել, որ Հայաստանում կայանան ազատ խոսքը, ժողովրդավարությունը։

Ես եզակի պատգամավորներից մեկն եմ, եթե այս պահին ոչ ամենաեզակի եռյակից մեկը, որը միջազգային կառույցներում կռիվ է տալիս Արցախի համար։ Եվ, բնականաբար, այն, ինչին ես հասել եմ, հասել եմ բացառապես միայն իմ ունակությունների, իմ աշխատասիրության ու սկզբունքայնության շնորհիվ։

Մարդիկ ակնարկում են, որ Ծառուկյանի հնարավորությունների շնորհիվ եք այդ դիրքում։

– Ես շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին, որ ինձ հնարավորություն տվեց նաև որպես քաղաքական գործիչ կայանալու։ Բայց երբ ես եկա քաղաքականություն, ես արդեն Հայաստանի լավագույն լրագրողներից մեկն էի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am