Լիտվայի արտգործնախարարը գերազանց է գնահատում հայ-լիտվական հարաբերությունները

Հայաստանի և Լիտվայի 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների բնութագրման միակ ձևը գերազանցն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՝ Լոռու մարզում Լիտվական անտառի բացման ժամանակ։

«Հայաստանի դեպքում՝ գլխավոր ձեռքբերումը ժողովրդավարությունն է։Մեր երկրների համատեղ ձեռքբերում կնշեի նաև, որ այսօր այստեղ ենք գտնվում և նշում ենք մեր հարաբերությունների 30 -ամյակը։Սա վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները երկարատև են, իրական ու ճշմարիտ»,-ընդգծեց Լիտվայի արտգործնախարարը։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան անդրադառնալով Հայաստանի և Լիտվայի համագործակցության հնարավորություններին ու ոլորտներին` Լանդսբերգիսը նշեց, որ Լիտվան փորձելու է Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերել։

«Կփորձենք աջակցել  պատերազմից հետո Հայաստանի վերականգնմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտում՝ աջակցելով  համավարակի հաղթահարման գործում »,- մանրամասնեց Լիտվայի արտգործնախարարը՝ հավելելով, որ  հանդիսանալով Եվրոպական Միության անդամ , Լիտվան հնարավորություն ունի աջակցություն ցուցաբերել  նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։