Արցախի նախկին պաշտոնյաները պահվում են որպես պատանդներ. նպատակը քաղաքական գործընթացների վրա ազդելն է. Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը 

– Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է առևանգված և Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ չորս ամսով երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարությունը։

– Նախ նշեմ, որ բոլոր ութ նախկին պաշտոնյաների կալանքներն են երկարաձգված չորս ամսով, ըստ էության, այդ թատերականացված դատավարությունների համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և նախաքննությունը ձգձգվում է՝ հնարավոր ապացույցներ կեղծելու, ստեղծելու նպատակով։ 

Այս գործելակերպը շատ կանխատեսելի է, առնվազն ռազմագերիների գործերով դատավարությունները ևս վառ ապացույց են այն բանի, որ համանման գործընթացներ իրականացվելու են նաև բարձրաստիճան ղեկավարների առնչությամբ։

Եթե ռազմագերիների դեպքում նրանց անգամ մեղսագրվել են, ու նրանք դատապարտվել են այնպիսի հոդվածներով, որից իմունիտետ ունեին միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, բայց ադրբեջանական դատարանները աչք են փակել, հասկանալի է, որ բարձրաստիճան ղեկավարության առումով որևէ արգելապատնեշ Ադրբեջանի իշխանությունները չունեն ու հեշտությամբ ցանկացած մեղադրանք կարող են վերագրել, բայց ակնհայտ է, որ այդ մեղադրանքները զուրկ են իրավական ու փաստական հիմքերից, և դրանք քաղաքական դրդապատճառներով ու քարոզչական նպատակներով իրականացվող գործընթացներ են։ 

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հայտարարությանը, կարծում եմ, հավաստիացումներ են տալիս, որ գործընթացները շարունակվելու են, նրանք կանգնելու են դատարանի առջև ու հենց Ադրբեջանում են դատաստան տեսնելու, և առանց այդ դատավարությունների վերջիններիս վերադարձ քաղաքական ճանապարհով չի իրականացվելու։ Այստեղ, կարծես, սպասումներ են ձևավորվում սեփական հանրության, Հայաստանի հանրության ու, ինչու չէ, այն միջազգային կառույցների կամ պետությունների համար, որոնք որոշակի ներգրավվածություն ունեն քաղաքական գործընթացներում։ 

Բայց այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ այս շինծու մեղադրանքների ելքն ի սկզբանե կանխորոշված է, ու դրանք ոչ թե դատական գործունեության արդյունք են, այլ քաղաքական իշխանության նկատմամբ հաշվեհարդար՝ նրանց գործունեության համար։ 

– Պետական մակարդակով ի՞նչ է արվում հայկական կողմից, որ այդ մարդկանց վերադարձը հնարավորինս շուտ լինի, համակարգված միասնական աշխատանք տանո՞ւմ եք։ 

– Լավ կլիներ այդ մեկնաբանությունը պետական պաշտոնյաներից ստանալ, բայց կարող եմ հստակ ասել, որ միջպետական գործընթացներ կան, և ութ ղեկավարների ապօրինի ձերբակալության, ազատությունից զրկելու և այլ խախտումների հարցը ներառված է միջպետական գանգատի շրջանակում՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործն է, այսինքն՝ վստահորեն իրավական գործընթացներ ընթանում են: 

Իմ տեղեկացմամբ՝ անհատական գործերի շրջանակներում ներկայացուցչություն այս պահին չի իրականացվում, այսինքն՝ ինքնուրույնաբար որևէ իրավական գործընթաց ընտանիքները չեն վարում, բայց դա չի բացառում նման հնարավորությունը ապագայում: Իհարկե, այս անձինք պահվում են որպես պատանդներ, և հիմնական նպատակը քաղաքական գործընթացների վրա ազդելն է, հասկանալի է, որ քաղաքական բանակցությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նրանց ազատ արձակման հարցի վրա։ 

Չեմ կարծում, որ միայն Հայաստանի ներգրավվածությամբ խնդիրը իր հանգուցալուծումը կստանա, հատկապես որ Հայաստանը թույլ բանակցային դիրքերից է հանդես գալիս, սակայն եթե միջազգային կազմակերպությունները ճնշումներ բանեցնեն ու քննարկման առարկա դարձնեն պատժամիջոցները, ապա Ադրբեջանի իշխանությունների վարքը կարելի է կառավարել։ 

Այստեղ պարզապես անհրաժեշտ է կոնսենսուս, որ միջազգային հանրությունը մեկտեղի իր ջանքերը և փափուկ կոչերից ու ձևակերպումներից զատ՝ ձեռնամուխ լինի որոշ քայլերի իրականացման, ինչպիսիք կարող են լինել պատժամիջոցները ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների նկատմամբ, տնտեսական, ֆինանսական, առևտրային ոլորտներում համագործակցության վերանայումը, ռազմական աջակցության հետ կապված կարգավորումների փոփոխությունը և այլն։

– Իսկ Հայաստանի կողմից տարվող աշխատանքները, որ ձեր ասած՝ կոնսենսուսը ձևավորվի, ինչպե՞ս եք գնահատում։

– Այս պահին որոշակի աշխատանք կատարվում է, բայց դա ես ազդեցիկ ու արդյունավետ չեմ գնահատում: Որոշակի ռեզոնանս հնարավոր է եղել առաջացնել իրավական գործընթացների արդյունքում՝ հատկապես ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումների հիման վրա: Նմանատիպ նախադրյալներ ստեղծել են նաև Եվրոպական դատարանում ընթացող գործընթացները, ուղղակի այս զարգացումներով հանդերձ դեռևս պատժամիջոցների կիրառման անմիջական ու ռեալ սպառնալիք չկա, բայց դա չի նշանակում, որ շարունակական կամ հետևողական աշխատանքը չի ապահովի նման ելք: Դրա համար պետք է շարունակել մոբիլիզացնել ջանքերը ու հասնել միջազգային գործընկերների ներգրավմամբ ու նրանց քաղաքական ուժի գործադրմամբ՝ այս մարդասիրական հարցի հանգուցալուծմանը։ 

 – Տիկի՛ն Սահակյան, հանրության մեջ տարածված կարծիքը, թե այս մարդկանց մասին մոռացել ենք, ու ոչինչ չի արվում, իրականության հետ այդքա՞ն էլ աղերս չունի։

– Հասարակության մակարդակով՝ հստակ, իրականությանը չի համապատասխանում, բայց Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, նաև բանակցային գործընթացում առաջնահերթություն չեն տալիս այս հարցի լուծմանը, ու, կարծես, հիմնական քննարկումները տեղի են ունենում խաղաղության պայմանագրի շուրջ, ինքնուրույն ու կարևորված հարց՝ ռազմագերիների ու քաղբանտարկյալների հարցը, ինտենսիվորեն չի քննարկվում։ Հիմնական քաղաքական հարցերի կոնտեքստում՝ որպես լրացուցիչ հարցադրում, այո՛, անդրադառնում են չլուծված մարդասիրական խնդրին, բայց թիրախավորված բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի կարճ հեռանկարում այս անձանց ազատելը, մենք չենք նկատում, ու չի ուրվագծվում կարծես թե։

– Այդ բոլոր հիմքերն ունի՞ հայկական կողմը, որ այս հարցն առանձին քննարկման առարկա դարձնի, այլ ոչ թե միջպետական գանգատի շրջանակում քննարկի։

– Միջպետական գանգատն է հնարավոր եղանակը, որ այս հարցը կարելի է առանձնացնել՝ որպես նոր միջպետական գանգատ: Այս պահին նրանց գործը քննարկվում է չորրորդ գանգատի շրջանակներում, որտեղ շատ լայն հարցեր կան՝ բռնի դեպորտացիայից սկսած, Լաչինի արգելափակում, հարձակումներ: Հասկանալի է, որ նման ընդարձակ առարկա ունեցող գործի քննությունը չի կարող շատ արագ լինել, ու այստեղ տարիներ կպահանջվեն վեճը դատարանի կողմից լուծելու համար: 

Տեսական հնարավորություն կար, որ Հայաստանն առանձնացներ նշված անձանց իրավունքների պաշտպանությունը հինգերորդ գանգատում, որը ժամանակային առումով կարագացներ գործընթացը, բայց այստեղ քաղաքական ու այլ նկատառումներ կան, որոնց մասին կառավարության ներկայացուցիչն ավելի հստակ կասի, թե ինչով է պայմանավորված առանձին գանգատ չառանձնացնելը։ Տեսական հնարավորությունը կա, իսկ գործնականում պետք է բազմագործոն վերլուծության արդյունքում որոշում կայացվի։

– Այսինքն՝ մոտ ապագայում այդ մարդկանց վերադարձն իրատեսական չէ՞։

– Կարճատև հեռանկարում իրատեսական չէ, մենք պետք է հաշվի առնենք, որ առանց դատավարությունների ազատ արձակում չի լինելու, իսկ դրանք ևս ժամանակատար են, դրանից հետո միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով հնարավոր կլինի նրանց հայրենադարձումը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am