«Երեխես արյան քաղցկեղով հիվանդ ա, ես էլ ուռուցք ունեմ»․ տունը-ապրուստը կորցրած բազմանդամ ընտանիքը՝ Շուշիից դեպի անորոշություն

Լուսանկարը՝ Ֆրանսպրեսի

Արցախյան պատերազմը 35-ամյա Սոնա Մկրտչյանի ընտանիքում եղած փորձություններին նոր դժվարություններ ավելացրեց։ Սոնա Մկրտչյանը Արցախի Շուշի քաղաքից է, առողջական խնդիրներ ունի, քաղցկեղով հիվանդ է ոչ միայն ինքը, այլև հինգ երեխաներից մեկը։

Բազմազավակ մայրը երեխաների հետ Արցախյան պատերազմի երկրորդ օրը հեռացել է տունը՝ չկարողանալով ոչինչ վերցնել ու տեղափոխվել է Արարատի մարզի Զոդ գյուղ, ամուսինը մեկնել է ռազմաճակատ։

«Շուշիում ամեն ինչ ունեինք, նոր էինք տունը ստացել՝ որպես բազմազավակ մայր տուն էի ստացել։ 9 ամիս ապրեցինք մեջը՝ 4 սենյականոց տուն էր, վերանորոգված։

Պատերազմից առաջ ունեինք մեր տեղը, մեր տունը, Շուշին տվեցին, Ղարաբաղը տվեցին, մեր կյանքը փոխվեց։ Երեխես էլ արյան քաղցկեղով հիվանդ ա, ես էլ առողջական խնդիրներ ունեմ՝ ուռուցք ունեմ, դժվար է»,- «Մեդիալաբին» պատմում է Սոնա Մկրտչյանը։

Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 44 օր անց, պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ եռակողմ հայտարարության՝ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին վերադարձվեց Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց – խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախի հազարավոր քաղաքացիներ տեղահանվեցին իրենց բնակավայրերից՝ չվերցնելով իրենց հետ ոչինչ։ 

«Սեպտեմբերի 28-ին դուրս ենք եկել, տնից ոչ մի բան չեմ վերցրել, երեխեքին մի քանի շոր եմ վերցրել ու ասեցի՝ ինձ բան պետք չի, կարևորը՝ արագ դուրս գանք:

Արդեն անօդաչուները որ նկարում էին, սկսում էին կրակել, ամուսնուս ասեցի՝ երեխեքին վերցնում ենք, դուրս գանք: Մի երկու ժամ գնացինք նկուղ, հետո դուրս եկանք, ամուսինս բերեց, թողեց էստեղ, գնաց պատերազմի մասնակցի»,- պատմում է Սոնա Մկրտչյանը։

Ասում է, որ պետությունից ֆինանսական աջակցություն ստացել են, սակայն գումարը չի բավականացնում, աշխատանք չունեն, իսկ եղած գումարով ոչ միայն պետք է տան վարձ հոգան, տան համար անհրաժեշտ ապրանքներ գնեն, նաև իր և երեխայի առողջական հարցերով զբաղվեն:

«Զոդում բնակվում ենք պապայիս տանը, իմ հայրական տունն ա, ես հիմա վարձով տուն եմ ման գալիս, որ դուրս գամ, իմ ընտանիքով առանձին ապրեմ։
 
Նոր տուն տեղափոխվենք, պիտի ամեն ինչ առնենք, ոչ մի բան չունենք մեզ համար։ Ներկա պահին տեղաշոր ա պետք, դոշակի կարիք ունեմ։ Հիվանդանոց պիտի գնանք, հիվանդությունը երեխուս ոսկորներին ա հասել, իրեն պետք է պառկացնեն, թանկանոց դեղեր կան, որ պիտի առնենք։ Ամիսը մի անգամ էլ անալիզ ենք ուղարկում Մոսկվա, էդ անալիզը 75 հազար ա։


Ես էլ պիտի հարմարացնեմ, գնամ Ստեփանակերտ, առողջությանս հետ կապված թղթեր վերցնեմ, տեսնեմ՝ կարող եմ իմ վիրահատությունը ձրի անեմ, Քանաքեռում՝ ուռուցքաբանականում, պետք է արվի»,- մտահոգված նշում է Սոնան։

Ասում է, որ եղած դժվարությունները, պատերազմի հետևանքով հայրենիքի ու տան կորուստը, պատերազմի սարսափը ընտանիքի անդամների մեջ վախ են առաջացրել, հատկապես երեխաների մոտ, վախը հաղթահարելու համար այցելել են անգամ վախ հանողի:

«Նոր եմ գնացել, վախս հանել, երեխեքն էլ վախեցած էին, գիշերը չէինք կարողանում քնել, աղջիկս խոսում էր, վեր էր թռնում»,- հուզմունքով ասում է Սոնան։

Սոնա Մկրտչյանն ասում է, որ փորձում են աշխատանք փնտրել՝ ֆինանսական հարցերին որոշ լուծում տալու համար, քանի որ ինքը վատառողջ է, միայն ամուսինը կարող է աշխատել, եթե ստացվի աշխատանք գտնել։

Նշում է, որ պատկերացում չունի, թե ինչպիսին կլինի ապագան, սակայն ընդգծում է, որ եթե Շուշին հետ տան, կվերադառնա Արցախ:

«Սահմանային տեղերից վախենում եմ, սահմանին մոտ չեմ ապրի։ Միայն Շուշի կգնամ, եթե հետ տան, կգնամ, էնտեղ կապրեմ»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am