Ստեփանակերտում նոր առևտրի կետեր են ավելանում: Շատացել են հատկապես արագ սննդի կետերը: Արմեն Հովհաննիսյանի նորաբաց կետում, որտեղ մատուցում են շաուրմա, հոթ-դոգեր, նաև ժենգյալով հացն է գովազդվում, բայց, ասում են՝ աշխատող այս պահին չունեն, ժենգյալով հաց թխող չեն գտնում: Օրական 3000 դրամ աշխատավարձով ոչ ոք չի համաձայնում գալ, դե իսկ իրենք էլ ավելին առաջարկել դեռ չեն կարող:
16-ամյա Էդուարդ Ղարիբյանը, որը քոլեջի ուսանող է, դասերից ազատ ժամերին օգնում է եղբորը: (նկարում նա է) Այստեղ է նաև մյուս եղբայրը՝ Դավիթը, որը նույնպես եղբայրավարի օգնության ձեռք է մեկնում, որպեսզի նախնական շրջանում վարձու աշխատողի ավել փող չտան, բիզնեսը ոտքի կանգնի, նոր արդեն հեշտ կլինի:
Կետը բացելուց Արմենը մտավախություն չի ունեցել, արագ սննդի բիզնեսում աշխատելու փորձ ունի: «Գործ սկսելու համար առնվազն մի 2 մլն փող է հարկավոր, ես բավարարվել եմ սեփական միջոցներով, վարկ ստանալու համար ստիպված չեմ եղել բանկ դիմել, բայց եթե կառավարությունը, հաշվի առնելով, որ երիտասարդ տղամարդիկ պիտի մնան այս երկրում, գործ դնեն, ընտանիք պահեն՝ անտոկոս վարկեր տրամադրի, շատերը իրենց սեփական գործը կսկսեն»,- ասում է 23-ամյա Արմենը:
Անցած տարի Արցախում բիզնես ռեգիստրի հետազոտություն է իրականացվել, որի արդյունքում ճշտվել է բիզնես սուբյեկտների քանակը, բաշխվածությունը ըստ շրջանների, կանանց ներգրավվածությունը բիզնես հատվածում: Մայրաքաղաքին բաժին է ընկել հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց ավելի քան 70 տոկոսը: Գործող անհատ ձեռնարկատերերի 41.7 տոկոսը կանայք էին, ընդ որում՝ կին անհատ ձեռնարկատերերի առավել բարձր ցուցանիշներ արձանագրվել են Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններում:
Ներկա իրողություններից ելնելով՝ Ստեփանակերտում ավելացել են բիզնես սուբյեկտները: Շահումյանում ու Քաշաթաղում գործարարությամբ զբաղվող կանանց մի մասն էլ Հայաստանում է, մյուսներն էլ չեն կողմնորոշվում՝ արժի՞ կրկին բախտը փորձել: Շատերը ռիսկի չեն դիմում պրակտիկ նկատառումներով:
«Հադրութում ընտանեկան բիզնես ունեինք, խանութ էինք բացել: Այժմ ամեն ինչ նորից զրոյից սկսել հեշտ չէ: Մտավախություններս շատ են: Դեռ հաստատ չենք էլ որոշել՝ մնալո՞ւ ենք Արցախում, թե՞ ոչ: Եթե զրոյից ենք սկսելու, գուցե ավելի անվտանգ տեղ սկսենք»,- ասում է բռնի տեղահանված Վերոնիկան:
2020-ը բարդ տարի էր Արցախի սոցիալ-տնտեսական կյանքում: Կորոնավիրուսի պարտադրած սահմանափակումներին և դժվարություններին գումարվեց պատերազմը, որի հետևանքով համախառն ներքին արդյունքը 2019 թվականի համեմատ նվազել է 22,4 տոկոսով:
2020-ին Արցախում փաստացի գներով թողարկվել է 103,2 մլրդ դրամի արդյունաբերական, իրացվել 106,1 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 36,3 տոկոսով:
Միայն Ադրբեջանի պատճառած նյութական վնասները ավելի քան 2 մլրդ դոլար են կազմում: Օկուպացված տարածքներում մարդիկ ներդրումներ են արել, բիզնեսներ են թողել:
40 հազար անօթևանների սոցիալական խնդիրները լուծելը հեշտ խնդիր չէ: Հատկապես պատերազմին հաջորդած ամիսներին լուրջ խնդիր էր եղած աշխատատեղերը պահպանելն ու նախկին աշխատատեղերը վերաբացելը, հատկապես մասնավոր հատվածում: Տարեսկզբից կառավարությունն աջակցում է մասնավոր գործատուներին՝ վարձու աշխատողների համար վճարված եկամտային հարկի չափով: Նախաձեռնությունը ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանն է:
«Պետությունը գործընկեր է մասնավոր հատվածի հետ: Աշխատատեղի պահպանման ծախսը, որ գործատուն ունի, եկամտային հարկի հիմնական հատվածն է, ու թեպետ դա աշխատողի հարկն է, բոլորս հասկանում ենք, որ եկամտահարկի բեռը ընկնում է նաև գործատուի վրա: Հետևաբար, մենք առաջարկում ենք ծրագիր, որով հունվար-հունիս ժամանակահատվածի համար բոլոր նրանք, ովքեր գործունեություն են ծավալում վերամշակման և թիրախային ինդուստրիաներում, կստանան փոխհատուցում՝ եկամտային հարկի փաստացի վճարած գումարի չափով»,- պարզաբանել է նախարար Մանե Թանդիլյանը:
Հունվար ամսվա համար ծրագրից օգտվել է 677 գործատու՝ ստանալով 184 մլն դրամ գումարի ընդհանուր աջակցություն:
«Մեր կողմից պատրաստ են ցանկերը, նշանակվել է աջակցություն 819 գործատուի՝ 225 մլն դրամ գումարի չափով, որը գանձապետարանի կողմից ֆինանսավորվելուց հետո կփոխանցվի նրանց բանկային հաշիվներին»,- բացատրում է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:
Գործընթացը պարզեցված է, հարկ վճարողներից չեն պահանջվում լրացուցիչ դիմումներ, միայն պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկները:
Այս ծրագրի շնորհիվ շուրջ 33 հազար վարձու աշխատողի եկամուտը հունվար-փետրվար ամսվա կտրվածքով աճել է շուրջ 500 մլն դրամով:
Այս և այլ հարկային բարեփոխումները կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը՝ համոզված են կառավարությունում, մի շարք օրենսդրական փոփոխությունների ու իրավական ակտերի արդյունքում էլ կշահեն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փաստացի գործունեություն իրականացրած շուրջ 521 հարկ վճարողներ: Նրանց տրամադրվել է շուրջ 197 մլն դրամի հարկային արտոնություն:
Ընդհանուր «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի շրջանակում շուրջ 6 մլրդ 300 մլն դրամ գումարի արտոնություններ են տրամադրվել 5603 հարկ վճարողների:
Արդյոք ձեռնարկվող միջոցները կօգնե՞ն երիտասարդ ձեռնարկատերերին բախտ չփնտրել օտար ափերում, թե՞ սա իրավիճակը հաղթահարելու ժամանակավոր դեղատոմս է: Հարցի պատասխանը պարզ կդառնա արտագաղթի միտումների մասին լուրջ հետազոտություն իրականացնելու արդյունքում, այդպիսին առայժմ չի նախատեսվում:
Մարինե Մկրտչյան
Արցախ
MediaLab.am