Իրազեկման ակցիան տեղ ունի, երբ չունես լայնասփյուռ մեդիաներ և որ ունես տեղ հասցնելու նորություն. պատգամավորը՝ ընդդիմության գործողությունների մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմության բողոքի ակցիաներին.

«Հեղափոխություն․ ովքեր, ինչու, ինչպես

Ովքեր. Թավշյա հեղափոխությունը իրագործած հուսաբեկ և հուսավառ հանրային֊քաղաքական գործիչները, ըմբոստ ու չարաճճի երիտասարդները և վերջիններիս հետևից ի պաշտպանություն նրանց փողոց դուրս եկած նրանց ծնողները երկրի ներսում պատճառներ ունեին։

Ինչու. Այդ պատճառներն էին այս երկրի բոլոր ռեսուրսների կենտրոնացումը մի խումբ մարդկանց ձեռքերում և քաղաքացու օտարումը պետությունից։

Ինչպես. Հեղափոխության ձևը՝ «տեխնոլոգիաները» մարդկանց ստեղծագործ մտքի արդյունք էին։ Ընդդիմության մի մասը առաջարկում է մարդկանց վրեժ լուծել թավշյա հեղափոխությունից իր իսկ մեթոդներով՝ չնկատելով, որ թավշյա հեղափոխությունը ծաղրելու այս հրավերը նախևառաջ հրավեր է ծաղրել մարդկանց։

Ի՞նչ է նշանակում իրազեկման ակցիա։ Իրազեկման ակցիան տեղ ունի, երբ չունես լայնասփյուռ մեդիաներ և որ ունես տեղ հասցնելու նորություն։ Չորս տարի է ամեն տիպի հարթակով «իրազեկում» են։ Եվ մարդիկ գիտեն, որ արհավիրք է տեղի ունեցել։

Հեղափոխության մասսայականությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ փողոցում լինելը մտերիմներին պաշտպանելու ձև էր պետության հնարավոր բռնությունից։

Այսօր պետությունը դժբախտաբար դեռ չի կարողանում անցորդ-քաղաքացուն պաշտպանել ցուցարար-հանցագործ֊քաղաքացուց։

Եվ ամենակարևոր հարցերը, որ քաղաքացիներն են տալիս. ինչպե՞ս փրկել Արցախը Երևանի կենտրոնում կամ Հայաստանի մայրուղիների վրա և ինչո՞ւ փրկել հայրենիքը հայրենիքի տիրոջից՝ ժողովրդից»։