«Պայքարը երկարատև է լինելու, որովհետև կոռուպցիան ու մյուս բացասական երևույթները պետք է չորացվեն». Արա Պապյան

«Պայքարը երկարատև է լինելու, որովհետև կոռուպցիան ու մյուս բացասական երևույթները պետք է չորացվեն». Արա Պապյան
«Պայքարը երկարատև է լինելու, որովհետև կոռուպցիան ու մյուս բացասական երևույթները պետք է չորացվեն». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո ՛ն Պապյան, այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխությունը հաղթեց: Տեսակետներ կան, թե դժվարն առջևում է, ի՞նչ անելիքներ կան առաջիկայում:

– Ես չէի ասի, թե դժվարն առջևում է: Ամենաբարդ մասը՝ առաջին փուլն ավարտել ենք, ինչը խիստ կարևոր ու վտանգներով լի էր: Բայց երբ երկրորդ փուլը բարեհաջող ավարտենք, նոր կարող ենք ասել, որ հեղափոխությունը հաղթեց, ոմանք շտապում են: Սա նախադրյալներ է ստեղծել՝ հաջողություններ արձանագրելու համար: Բայց նախադրյալները դեռևս չեն բացառում անհաջողությունները:

Հիմա՝ ի՞նչ պետք է լինի հաջորդ քայլը: Ինչը նախատեսված է Սահմանադրությամբ՝ հաջող քայլը դա պետք է լինի: Պետք է լինի կառավարության ծրագրի ներկայացումն ու հաստատումը Ազգային ժողովում: Սա հեշտ չի լինելու, քանի որ գիտենք՝ ՀՀԿ-ի աջակցությունն է պետք, որպեսզի ծրագիրն ընդունվի: Մյուսն այն է, որ կադրային նշանակումներն ընդհանրապես խիստ քննադատելի ոլորտ են:

Ում էլ պաշտոնի նշանակեն, մարդկանց մի խումբ է լինելու, որը դժգոհ է լինելու: Այստեղ ես ուզում եմ առանձնացնել կարևոր մի հատկանիշ՝ մենք պետք է գիտակցենք, որ սա, պայմանական ասած, անցումային կառավարություն է: Այսինքն՝ այս կառավարության խնդիրն է չխոչընդոտել, օգնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու կուսակցությունները միասին կազմակերպեն իրական ընտրություններ՝ թափանցիկ ու արդար: Այդ խնդիրը պետք է լուծել: Բայց մենք չգիտենք, թե դա ինչքան կարող է տևել, կարող է տևել ամիսներ, անգամ՝ մինչև մեկ տարի:

– Իսկ այդ ընթացքում կարելի՞ է սպասել, որ երկրում էական փոփոխություններ կլինեն, օրինակ՝ արմատախիլ կարվի կոռուպցիան, կվերանան մենաշնորհներն ու օլիգարխիան:

– «Արմատախիլ անել» բառակապակցությունը ես զգուշությամբ կօգտագործեի, քանի որ արմատախիլ անել նշանակում է լրիվ վերացնել: Իհարկե, այդ ընթացքում հնարավոր չէ արմատախիլ անել, բայց այդ ընթացքում ժողովուրդը պետք է զգա, որ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում, ոչ թե հերթական իմիտացիան է:

Այսինքն՝ ժողովուրդը պետք է դրական միտումներ տեսնի: Իսկ պայքարը երկարատև է լինելու, որովհետև կոռուպցիան ու մյուս բացասական երևույթները երկու արմատ ունեն, որոնց պետք է չորացվեն: Մեկը իրավական դաշտն է, այսինքն՝ պետք է լինի իրավական դաշտի կարգավորում, օրենքներից սկսած մինչև գործառույթներ:

Մյուսը պետք է լինի առկա օրենքների ճիշտ կիրարկումը, այսինքն ՝ չպետք է լինի այն վիճակը, որ թղթի վրա բոլորն իրավունք ունեն, բայց իրականության մեջ խտրականություն է դրվում:

Եթե այս երկու մասով հաջողություն արձանագրվի, մենք կամաց-կամաց արդյունքները կտեսնենք: Բայց, նորից եմ կրկնում, առաջիկայում ամենակարևոր խնդիրը, որը նաև հոգեբանական մեծ ազդեցություն կունենա, ընտրությունների կազմակերպումն է: Դրա շնորհիվ կձևավորվեն ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան ու կառավարություն:

– Նիկոլ Փաշինյանն սկսեց ուժային կառույցներից, ազատումներ ու նոր նշանակումներ կան, սա ի՞նչ ուղերձ ունի իր մեջ:

– Նա սկսեց ուժայիններից, որովհետև ուժայիններն իսկապես կարևոր են, որ հանկարծ ռևանշի և նման միտումներ չառաջանան: Մյուսն այն է, որ նոր Սահմանադրությամբ, որը Սերժ Սարգսյանն իր համար էր «կարել» տվել, ուժային կառույցներն ուղղակի վարչապետի ենթակայությամբ են գործում:

Այսինքն՝ այն ոլորտները, որոնք ցանկության դեպքում կարելի է որպես ճնշման գործիք օգտագործել, տրված են վարչապետին: Ես կարծում եմ, որ հետագայում Սահմանադրությամբ ու օրենքներով այս ամբողջը պետք է անպայման փոխվի, հավասարակշռվի: Նախագահի, վարչապետի իրավունքներն ու լիազորությունները պետք է միմյանց հակակշռեն:

– Ուժային կառույցներում ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն:

– Եթե մենք խոսում ենք աշխատաոճի մասին, պետք է արմատական փոփոխություն լինի, բայց կադրային հարցերով այդքան էլ չէ: Ի վերջո, մեծ մասն անում է այն, ինչ հանձնարարվում է, ինչ հանգամանքների մեջ ինքը գտնվում է: Եթե նույն ոստիկանը դրվում է այն համակարգի մեջ, որը բրգաձև կաշառակերություն է ենթադրում, ինքն ուզենա էլ՝ չի կարող ազնիվ լինել:

Հարցը հետևյալն է՝ կաշառակերությունը հիմնականում համակարգային է մեզ մոտ: Եթե համակարգը վերացվում է, մնում է անհատի խղճի հարցը, ինչի դեմ պայքարելը շատ հեշտ է: Նաև հասարակությունը պետք է պայքարի այս երևույթների դեմ, հասարակությունն ինքը չպետք է կաշառք առաջարկի:

– Խոցելի ոլորտ է բանակը, որտեղ, մենք տեսանք, տարիներ շարունակ հատկացումներն իրենց նպատակին այնքան էլ չեն ծառայել: Ի՞նչ անելիքներ կան բանակում:

– Նույնը, ինչ քաղաքացիական կյանքում պետք է արվի, շատ լուրջ, խոր և ընդգրկուն պետք է արվի բանակի մեջ: Կոռուպցիայի դեմ պայքար պետք է տարվի բանակում, պետական միջոցների յուրացումն ու մսխումը պետք է կանխվեն, կադրային ճիշտ քաղաքականություն վարվի: Բանակի պատասխանատվությունն ավելի մեծ է, հետևաբար, այս ոլորտում արատավոր երևույթների դեմ պայքարելու համար ավելի շատ աշխատանք պետք է կատարվի, որովհետև դա մարդկային կյանքերի, երկրի անվտանգության հետ է կապված:

Եթե զինվորի զրահամեքենան կամ բեռնատարը չաշխատի, որովհետև լավ նորոգված չէ կամ վառելիք չկա, երկրորդ շանս չի լինի: Դա նշանակում է հարյուրավոր չարդարացված զոհեր ունենալ: Մեր սիրտն ինչո՞ւ է այսքան ցավում ապրիլյան դեպքերի համար. ոչ թե որ այդքան զոհ ենք տվել, որովհետև պատերազմ է, դա հասկանալի է, այլ որ մենք կարող էինք այդքան զոհ չտալ, եթե ամեն ինչ լավ կարգավորվեր: Ամեն զոհ պետք է արդարացված լինի:

Հետևաբար, բանակը պետք է լինի ամենամաքուր և ամենաազնիվ կառույցը, քանի որ դա կառույց է, որը ամենամեծ գործատուն է: Հայաստանի բնակչության կեսը այսպես թե այնպես բանակի հետ առնչվում է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am