«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
– Տիկի՛ն Հակոբյան, ՀՀԿ-ն հայտարարում է, որ կրկին իմփիչմենթի գործընթաց են սկսելու առաջիկայում, ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի այս որոշումը:
– Հանրապետականի այդ որոշումն ընդամենը քաղաքական դաշտում չգոյության մասին է: Վստահ եմ, որ սա ուղղակի արդարացում է՝ ընտրություններին չմասնակցելու իրենց որոշման համար: Իսկ իրական պատճառն այն է, որ իրենք հաշվարկել են, որ որևէ կերպ չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը, ու հրապարակային չխայտառակվելու համար ընտրել են այս տարբերակը:
Հերթական ընտրություններից, նախընտրական քարոզարշավի մեկնարկից հաշված օրեր առաջ նրանք սկսում են իմփիչմենթի գործընթաց, սա ուղղակի ծիծաղելի է: Կրկնում եմ, սա ուղղակի արդարացում է նրա, թե ինչու իրենք չեն մասնակցում ընտրություններին, որովհետև դժվար է ասել, որ նախկին իշխանություն համարվող Հանրապետականները անցողիկ շեմը պարզապես չեն հաղթահարելու, դրա համար էլ չեն մասնակցելու ընտրություններին, բայց դա գոնե ազնիվ կլիներ:
– Գործընթացում հաջողելո՞ւ են:
– Իհարկե չեն հաջողելու, որ հաջողելու լինեին, էն ժամանակ կհաջողեին, իսկ հիմա սա պարզապես արդարացում է իրենց համար:
– Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ասում են, որ ընտրություններից հետո համախմբվելու են ընդդիմադիր այլ ուժերի հետ, նշում են, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ձեր թիմի կողմից քարոզարշավ իրականացնելը խոսում է ձեր ունեցած վախերի մասին: Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ:
– Որ ընդդիմությունը հայտարարում է իրենց միավորման մասին, մենք այդ մասին խոսել ենք մինչև իրենց հայտարարելը: Սա «Գյումրու սցենար» վերնագիրն ունեցող խոսակցությունն է, երբ ընդդիմադիրները հանրության առաջ ներկայանում են, թե իբր իրար հետ խնդիրներ ունեն, մյուս կողմից էլ՝ բերաններից «թռցնում» են, թե ընդդիմությունը բազմազան է, մարդը, որը չի ընտրի Ռոբերտ Քոչարյանին, կընտրի Գագիկ Ծառուկյանին, Ծառուկյանին չընտրողը կընտրի Սամվել Կարապետյանին և այլն: Այսպիսի շրջապտույտի մեջ են գցում մարդուն ու ասում են, որ ընդդիմադիր ձայներով կմիավորվեն խորհրդարանում, ու նրանցից մեկին կդարձնեն երկրի վարչապետ: Սա է ողջ ընդդիմության սցենարը, ու սրա մասին իրենք ուղիղ և բարձրաձայն ասում են, էլ չեն խաբում քաղաքացուն:
Գալով ընտրություններին Հանրապետականների չմասնակցելուն, սա չի նշանակում, թե նրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ընտրական գործընթացների վրա: Ակնհայտ է, որ իրենք աջակցելու են Սերժ Սարգսյանի ժամանակ ապարատի աշխատակից Արման Թաթոյանին ու փորձելու են այս ճանապարհով ունենալ որևէ ներկայություն, եթե հաջողվի ընդհանուր ընդդիմադիր դաշտին միավորման արդյունքում ունենալ որևէ ազդեցություն քաղաքական դաշտում, սա է սցենարը:
– Տիկի՛ն Հակոբյան, իսկ ընդդիմության միավորումը բացառո՞ւմ եք:
– Նախընտրական շրջանում որևէ բան չես կարող բացառել, բոլոր սցենարներն էլ հավանական են: Մեր համերկրացիների հետ շփումներից հասկանում ենք, որ Գյումրու այդ սցենարը հողի վրա անհնար է իրականություն դառնա, որովհետև մեր քաղաքացիներն են մեզ ասում՝ էս մեկին մի թողեք, որ մասնակցի ընտրություններին, էն մեկին դատեք, որ դրանք հանկարծ հետ չգան: Այս շփումները մեզ հույս են տալիս, որ Գյումրու սցենարը չի կարող իրականություն դառնալ:
Ինչ վերաբերում է մեր ինքնավստահությանը․ մենք ինքնավստահ ենք մեր արած գործերով, իսկ այն, ինչ կատարվում է շաբաթ-կիրակի օրերին քաղաքական վերնախավում, ներկուսակցական գործընթաց է, մեր կուսակցության ներսում քարոզարշավ ենք իրականացնում ու ձևավորելու ենք մեր նախընտրական ցուցակը, իսկ առաջիկայում տեղի է ունենալու այդ ձևավորման երկրորդ փուլը, առաջինին արդեն բոլորն ականատես են եղել: Այդ համատեքստում քարոզարշավ է տեղի ունենում, մենք գնում ենք մեր տարբեր տարածքների պատվիրակների հետ շփվում ենք հավասար ժամանակով՝ առանց խտրականության, որից հետո էլ մեր պատվիրակները կողմնորոշվում են:
Մենք այս հնարավորությունն իհարկե բաց չթողեցինք, որպեսզի շփվեինք հանրության հետ, որովհետև իշխանության շատ ներկայացուցիչներ են մարզերում լինում, հետևաբար մենք որոշեցինք շփվել ժողովրդի հետ, ու դա հրաշալի է: Բայց սա նորություն չէ, մենք մշտապես, երբ մարզերում ենք լինում, շփվում ենք ժողովրդի հետ, ու դա պարբերական բնույթ է կրում, դրանում կարող եք համոզվել վարչապետի, պատգամավորների սոցիալական էջերը թերթելիս: Այս դեպքն ուղղակի շատ ուշադրության արժանացավ նաև մամուլում, որովհետև վարչապետն էր, նախարարներն էին, իշխանության այլ ներկայացուցիչներ, հետևաբար ուշադրությունը շատ ավելի մեծ եղավ, բայց սա մեզ համար նորմալ գործելաոճ է ու այդպես էլ պետք է լիներ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















