Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 18-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է: Ինչպես տեղեկացնում են ԶԱՀ-ից, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 18 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4678 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

ԶԱՀ-ը մասնավոր կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 64 միլիարդ ՀՀ դրամ, որից 53 միլիարդը՝ պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը՝ նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։