Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար հասանելիություն կունենա Գրենլանդիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ ձեռք է բերվել համաձայնություն, որի համաձայն Միացյալ Նահանգները կստանա լիակատար և մշտական հասանելիություն Գրենլանդիային։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովից հետո Վաշինգտոն վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ներկայում ընթանում են բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ։ Նրա խոսքով՝ այն «շատ ավելի առատաձեռն կլինի Միացյալ Նահանգների համար»։ «Մենք հնարավորություն կունենանք անել այն, ինչ ցանկանում ենք անել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը Fox Business Network-ին հայտնել էր, որ համաձայնությունը ԱՄՆ-ին կտրամադրի «լիակատար հասանելիություն», որը «չի ունենա վերջնաժամկետ կամ ժամանակային սահմանափակում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսում Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ եվրոպացիները կարող են չանհանգստանալ Գրենլանդիայի շուրջ զարգացումներից և պետք է կենտրոնանան իրենց ռազմական ծախսերի ավելացման վրա։

Թրամփի և Ռյուտեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ Դանիայի վարչապետը կրկնել է, որ թագավորության կազմի մեջ մտնող կղզու նկատմամբ երկրի ինքնիշխանությունը քննարկման առարկա չէ։

Ռյուտեին մոտ կանգնած աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Դավոսում կողմերը պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան բանակցություններ կվարեն՝ 1951 թվականին ստորագրված համաձայնագիրը թարմացնելու նպատակով, որով ԱՄՆ-ին տրվել էր արկտիկական կղզում ռազմական ներկայություն ունենալու իրավունք։