Բաքուն բողոքի նոտա է հանձնել ԵՄ դեսպանին՝ մերժելով Ղարաբաղի հայերի վերադարձը և առաջ քաշելով այլ պահանջներ

Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա։

Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, հանդիպման ընթացքում «կտրուկ դատապարտվել են» Եվրոպական խորհրդարանի ապրիլի 30-ի բանաձևում տեղ գտած՝ Ադրբեջանի վերաբերյալ «անհիմն և կողմնակալ դրույթները»։

Հատկապես շեշտադրվել է Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հարցը։ Բաքուն հայտարարել է, որ այդ պահանջները «լիովին անհիմն են» և «ներկայացնում են միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ 2023 թվականին ներկայացված վերաինտեգրման ծրագրի պայմաններում հայ բնակիչները «տարածքը լքել են կամավոր», իսկ հակառակ պնդումները «սխալ են»։

Բացի այդ, ԱԳՆ-ն նշել է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևը «աղավաղում է իրականությունը» և «հակասում է օբյեկտիվության սկզբունքներին», ինչպես նաև կարող է «բացասաբար ազդել տարածաշրջանում նորմալացման գործընթացի և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ կոչերին, որոնք, ըստ Բաքվի, «իրավական տեսանկյունից անընդունելի են», քանի որ այդ անձինք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։

Ադրբեջանը նաև «անհիմն և անընդունելի» է անվանել մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ մեղադրանքները՝ միաժամանակ նշելով, որ, իրենց պնդմամբ, նախկինում սեփական ժառանգության ավերածությունները բավարար ուշադրության չեն արժանացել։

Հանդիպման ավարտին ԵՄ դեսպանին փոխանցվել է պահանջ՝ «ձեռնպահ մնալ նման քայլերից», որոնք, ըստ Բաքվի, վնասում են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության գործընթացին։