Վաշինգտոնն աջակցում է Փաշինյանի ու Ալիևի շփումներին․ Բաքվում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումներին, որոնք ուղղված են երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, գրում է Factor.am-ը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ինձ հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը։ ԱՄՆ-ն քրտնաջան աշխատել է, որ առաջնորդները ուղիղ հանդիպեն։ Հուսով եմ, որ այդ հանդիպումը կդառնա քայլ առաջ՝ երկրների միջև նորմալ հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Լիտցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում ծրագրված ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

«Մենք ողջունում ենք այդ կամքը և հույս ունենք, որ կողմերը դա կօգտագործեն»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման դիրքորոշմանը։

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ունեն լավ համագործակցություն միայն մեկ հարթակում՝ դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

«Վերջերս այս ձևաչափի շրջանակում մենք կազմակերպեցինք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում։ Մենք կհամագործակցենք այստեղ, այս ձևաչափն արդյունավետ է։ Բնականաբար, մենք աջակցում ենք նաև այլ ձևաչափերի, որոնք ենթադրում են այդ երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հանդիպումներ»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Նա նաև նշել է, որ Բայդենի վարչակազմը հետաքրքրված է Հարավային Կովկասով ու Ադրբեջանով՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացին։