Բազումի բազում հոգսերը. գյուղացիներն ասում են` գյուղում մնալն անհեռանկար է, հեռանալը՝ լի հետևանքներով

Բազումի բազում հոգսերը. գյուղացիներն ասում են` գյուղում մնալն անհեռանկար է, հեռանալը՝ լի հետևանքներով
Բազումի բազում հոգսերը. գյուղացիներն ասում են` գյուղում մնալն անհեռանկար է, հեռանալը՝ լի հետևանքներով

Ճանապարհ հիշեցնող ծուռումուռ ու փոշոտ արահետի այս ու այն կողմում ցաքուցրիվ ու անկանոն շարքերով իրենց գլուխներն են տնկել գյուղի քարաշեն տները:
Գյուղի մեծերից մեկն էլ, հոգնելով ընթերցանությունից, ծառի տակ երազների գիրկն ընկել:
Շուրջ 1500 բնակիչ ունեցող Լոռու մարզի Բազում գյուղը բազում խնդիրներ ունի, որոնցից ամենաարդիականը թերևս խմելու ջուրն է: Գյուղը խմելու ջուր չունի: Թեև կան ընտանիքներ, որ սարերից ջուրը բերել-հասցրել են տուն, այնուամենայնիվ, մի քանի ընտանիքով հարց չի լուծվում:
Խմելու ջրից զատ, գյուղի հողերն էլ անբերրի են:
«Գյուղացին բերքը ցանում է, արդյունք չի ստանում, խոտ է դուրս գալիս, դա էլ անասնակեր են անում»,- ասում է գյուղապետ Սրբուհի Հարությունյանը:

Քարքարոտ հողի վրա ծվարած այս գյուղի բնակիչների ապրուստն ապահովում է հիմնականում տնամերձի աղքատիկ բերքը` լոբին, կարտոֆիլը, կաղամբը, բազուկն ու գազարը, խնձորն ու սալորը: Գյուղացիների մի մասը զբաղվում է անասնապահությամբ, շատ ընտանիքներ էլ թոշակի ու նպաստի հույսին են:

Սակայն, Հայաստանի շատ գյուղերի նման Բազումում շատ ընտանիքների գոյատևելու հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքն է` խոպանչիությունը:

Երևանից 150 կմ հեռավորության վրա գտնվող Բազում գյուղի 341 տնտեսությունից 73-ը բացակա են. ընտանիքներով Ռուսաստան են մեկնել, որպեսզի կարողանան դիմակայել դժվարություններին:

Բազումի գյուղապետն ասում է, որ գյուղում տուն չկա, որ Ռուսաստան մեկնած տղամարդ չունենա:

«Եթե Ռուսաստանի օգնությունն էլ չլինի, գյուղում համատարած աղքատություն կտիրի»,- ասում է Հարությունյանը:

Տիկին Վարդուշը հացի խմոր է անում ու պատմում Ռուսաստան մեկնած միակ որդու մասին:

«Դժվարությամբ տղա երեխա եմ պահել-մեծացրել, բայց էսօր կարոտից մեռնում եմ: Ի՞նչ անեմ: Նա էլ մտածում ա` ոնց անի՝ փող ղրգի, որ կարենանք ապրել: Որ չգնար, էլի վատ էր լինելու՝ խմիլ տեր, կռիվների մեջ ընգներ: Գոնե ընդեղ աշխատում ա, իրան ա պահում, մի քիչ էլ մեզ ա օգնում»,- արդարացնում է որդու ընտրությունը նա:

57-ամյա Վարդուշ Հովհաննիսյանը մեկ տարի առաջ է որդուն տեսել, ասում է, որ եղել է ժամանակ, երբ որդուն 6 տարով չի տեսել:

«31 տարեկան տղա է, հայրական տունը պահելու համար դեռ մինչև հիմի ամուսնացած չէ: Էնքան չի կարում ստեղծի, որ ամուսնանա»,- նեղսրտում է տիկին Վարդուշի հարևանուհին՝ Արփինե Աղբալյանը, ում 6 հոգանոց ընտանիքը շատերի նման ապրում է տնամերձը մշակելով ու անասուն պահելով:

«Շատ կան, որ գնում են. չգնան` ո՞նց ապրեն, չեն կարա ապրեն: Ընտանիքներով են գնում: Դռները փակում-գնում են: Թող ռուսի ուզի, ես չեմ դժգոհի, թող ինքը լավ ընտանիք ունենա, աշխատանք ունենա, ում ուզում ա ուզի, ուր ուզում ա ապրի»,- շարունակում է տիկին Վարդուշը:

Բարակ ու նիհար ձեռքերը հանելով լվացքաջրից ու ընդառաջ գալով՝ անշուք հողամասն է ցույց տալիս գյուղի մեկ այլ բնակչուհի՝ բազմազավակ մայր Ժաննա Հարությունյանը:

Ասում է, որ 9 պարկ կարտոֆիլի սերմացուից հազիվ 2 պարկ բերք են ստացել:

Խարխլված ու հին տանը 33-ամյա կինը 6 երեխա է մեծացնում:

«Տանիքը կաթում է, տունը խոնավ է, դրանից հոդերս են ցավում, մեծ տղաս ասթմայով է հիվանդ»,- տան անմխիթար վիճակն է ցույց տալիս կինն ու տխրում որդու համար:

Թեև գյուղը գազիֆիկացված է, բայց բազմազավակ ընտանիքը գազ չունի. փող չկա, որ գազը տուն հասցնեն:

«Թոշակով, նպաստով ու հողամասով յոլա ենք գնում: Որ խանութի նիսյեն էլ չլիներ, չգիտեմ՝ ինչ կանեինք,- որդու հին կոշիկներն է ցույց տալիս մայրը ու նեղսրտում, որ ամառ-ձմեռ դրա հույսին է:

«Աչքս բացում եմ, մտածում` ի´նչ եմ եփելու, ինչո´վ եմ կշտացնելու էս երեխեքին, գիշեր-ցերեկ էդ ա իմ ուղեղում»,- ասում է մայրն ու ավելացնում, որ երեխաներն անգամ խաղալիքի մասին են մոռացել, ունեցած գնդակն էլ դպրոցից են բերել:

Ժաննան գյուղացիներից շատերի նման չի ցանկանում գյուղում մնալ: Ասում է, որ եթե հնարավոր լինի, կհեռանան, իսկ եթե ոչ, գոնե երեխաներին քաղաք կուղարկի:

«Գյուղում անապագա կյանք է, լավ օրվա հեռանկար չկա»,- նեղսրտում է նա:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am