ՀԱԿ. Օմբուդսմենը սխալ է հասկացել երկխոսության իմաստը

ՀԱԿ. Օմբուդսմենը սխալ է հասկացել երկխոսության իմաստը
ՀԱԿ. Օմբուդսմենը սխալ է հասկացել երկխոսության իմաստը

Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսն քիչ առաջ պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, որտեղ վերջինս առաջարկում էր հանդես գալ միջնորդի դերում` իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցություններ սկսելու հարցում:

«Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը»,- գրված է Կոգրեսի հայտարարության մեջ:

Ընդդիմադիր քաղաքական ուժը նաեւ նշել է, որ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:

«Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

Հիշեցնենք`երկուշաբթի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանը իր կայքում տեղադրել էր հայտարարություն, որտեղ նշել էր, թե որպես ՀՀ օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ինքն իր կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունի մի քանի առավելություն:

«Նախեւառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Բացի այդ, իմ տեւական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, եւ վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, եւ որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները եւ մարդասերները»,- գրել էր  Անդրեասյանը:

Կարեն Անդրեսյանը հայտարարել էր նաեւ, որ դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ` ինքը այս շաբաթ իր առաջարկը գրավոր ուղարկելու է խորհրդարանական իշխող կոալիցիային եւ Հայ ազգային կոնգրեսին:

© Medialab.am