Դոհայում նախանշվում են հայ-կատարական տնտեսական համագործակցության շրջանակները

Երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրի հետ․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր գործընկերոջը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, հայկական արտադրանքը, արտահանման հիմնական շուկաները, գերակա ոլորտները (մասնավորապես քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ոսկեգործությունը և ադամանդագործությունը, թեթև ադրյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները)։

Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրը հետաքրքրվածություն է հայտնել Վահան Քերոբյանի կողմից նշված ոլորտների, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի նկատմամբ։

Նա նաև կարևորել է սննդամթերքի և պարենային անվտանգության տեսանկյունից ռազմավարական պահուստի առկայությունը որոշակի ժամանակահատվածի համար և առաջարկել համագործակցել այս ուղղությամբ ևս։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին։

Խոսվել է ոլորտը կարգավորող հուշագրերի ստորագրման անհրաժեշտության մասին։ Հյուրընկալող կողմը համագործակցության պատրաստակամություն է հաստատել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ գործարար համայնքի մասնակցությամբ։

Կողմերը միակարծիք են եղել, որ արդյունավետ համագործակցությության համար անհրաժեշտ է որոշել ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար համաժողովների, փոխադարձ այցելությունների կազմակերպման միջոցով։

Նշված հարցերը ևս մեկ անգամ քնարկելու նպատակով առաջարկություն է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել Հայաստանում։

Նախարար Վահան Քերոբյանի՝ Կատարի ներդրումային գործակալության գործադիր տնօրեն Մանսուր ալ Մահմուդի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։