«Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում». համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շատերի համար անընդունելի է

«Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում». համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շատերի համար անընդունելի է
«Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում». համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շատերի համար անընդունելի է

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որն այս տարի պետք է իրականացվի Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում, մեծ դժոգոհություն է առաջացրել գյուղապետերի և համայնքների բնակիչների մոտ:

Համայնքապետերը նշում են, որ համայնքների խոշարացման ծրագրով գյուղերում առկա խնդիրները չեն լուծվի, այլ հակառակը՝ ավելի կմեծանան:

Ծրագիրը իրականացնում է Տարածքային կառավարման նախարարությունը, որը լինելու է երկու մոդելով՝ վարչական և ծրագրային:

Ըստ 2011-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի՝ Հայաստանում 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ ընդհանրապես չեն իրականացվում:

Այդ իսկ պատճառով ՀՀ Կառավարությունը արդյունավետ է համարում տեղական ինքակառավարման մարմնի մոդելը փոխել՝ համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչելով:

Նշենք, որ դեռ տարեսկզբին Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ասել էր, որ համայնքների խոշորացման ծրագրով առաջին հերթին պետք է լուծվի փոքրաթիվ՝ 30, 40, 50 բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաների հարցը:

«Այժմ դոտացիան գնում է «չեղած» համայնքի եղած աշխատակազմի պահպանմանը: Չի կարող լինել համայնք, որը մշտական բնակչություն չունի, կամ տարվա մեծ մասն այնտեղ մշտական բնակչություն չի ապրում, բայց մենք այդ համայնքում աշխատակազմ ենք պահում: Եթե նույնիսկ պետք է պահենք, ապա ոչ այն չափով ու ձևով, ինչ այլ համայնքներում է»,- ասում է Տերտերյանը: 

Մեր հանրապետության 915 համայնքներից  48%-ը ունեն 1000-ից պակաս բնակչություն: Հանրապետության 866 գյուղական համայնքներից 22.7%-ը ունեն մինչև 300 բնակիչ: Բնակչությամբ ամենափոքրը`Սյունիքի մարզի Քաշունի գյուղն է, որն ունի 27 բնակիչ:

Ըստ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի՝  Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը և Տաթևը հարևան 14 գյուղերի հետ միավորվելու են և դառնալու 4 խոշոր համայնք։

Սվարանցի գյուղապետՍյունիքի մարզի՝ Տաթևի շրջանում գտնվող Սվարանց գյուղի ղեկավար Արթուր Մարգարյանը, դեմ է համայնքների խոշորացման ծրագրին: Նա կարծում է, որ յուրաքանչյուր գյուղ իր ցավերն ու խնդիրներն ունի, որը լուծում է համայնքի ղեկավարը:

 «Համայնքերի խոշորացումով պետության շահը մեկն է՝ կրճատել գյուղապետարաններում  3-4 աշխատատեղ: Բայց որ գյուղերը միացնեն իրար ու դարձնեն մեկ համայնք, կենտրոնը հեռու է լինելու: Մարդիկ մի փորք խնդրի համար, գումար պետք է ծախսեն, ճանապարհ կտրեն, հասնեն կենտրոն: Հեռու ու փոքր համայնքների համար շատ դժվար է լինելու, քանի որ հիմա ինչ խնդիր լինում է, անմիջապես դիմում են համայնքի ղեկավարին, բա հետո ու ՞մ են դիմելու»,-ասում է Սվարանցի գյուղապետը «Մեդիալաբին»:

Համայնքների խոշորացման դեպքում գյուղապետարաններ այլևս չեն լինելու, փոխարենը՝ յուրաքանչյուր գյուղից լինելու է մեկ ներկայացուցիչ: Իսկ համայնքներին տրամադրվող դոտացիաները միավորելու են, դարձնեն մեկ ընդհանուր բյուջե:

Սվարանց գյուղի բյուջեն տարեկան կազմում է 4 մլն դրամ: Գյուղն ունի 150 բնակիչ, որոնցից շատերը մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի ու տարեվերջին ետ վերադառնում: Գյուղի ամենակարևոր խնդիրը այսօր գազաֆիկացման ու կոյուղու հարցն է:

Արթուր Մարգարյանը վստահ է, որ համայնքների խոշորացման ծրագիրը իրագործելու դեպքում, գյուղի ներկայացուցչի համար ցանկացած խնդիր ավելի դժվար է լինելու լուծել, քան հիմա:

Հայաստանի ամենահարավային կետի՝ Մեղրիի տարածաշրջանում միավորվելու է 13 համայնք, որից  11-ը գյուղական, 2-ը քաղաքային: Մեղրիի և Ագարակի հետ միավորվող գյուղերից մեկը լինելու է 365 բնակիչ ունեցող Վարդանիձորը:

Այս գյուղը ամբողջությամբ վերաբնակեցված է 1980-ականներին Բաքվից եկած փախստականներով: Գյուղի հիմնական խնդիրը գրունտային ճանապարհներն են, ոռոգման ջրի հարցն ու տրանսպորտի բացակայությունը:

Վարդանիձորի գյուղապետ Ալբերտ Բեկլարյանը նույնպես դեմ է համայնքների խոշորացման ծրագրին՝ պնդելով, որ դրա հետևանքով որոշ գյուղեր իսպառ կվերանան:

Վարդանիձոր գյուղը խոշորացման փորձ ունեցել է դեռ 2011-ին, երբ միավորվել է 5 գյուղ: Դրանցից երկուսը այժմ չեն հաշվառվում, քանի որ մարդիկ լքել են իրենց տներըˋ դարձնելով ամառանոցներ: Իսկ մյուս երեքը` Թխկուտը, Այգեձորը և Վարդանիձորը, միասին կոչվում են Վարդանիձոր գյուղ:

«Այն ժամանակ էլ արդյունավետ չէր  այդ խոշորացումը, խնդիրներն ավելի շատ դարձան գյուղում: Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում, գյուղի մենթալիտետը քաղաքի մենթալիտետի հետ չի բռնում, ու դա շատ բարդ պրոցես է: Հետո մարդիկ սկսում են տեղափոխվել կենտրոն ու գյուղերից մի քանիսը վերանում են: Մանկապարտեզ, դպրոց մի երկու տարի տանում են գյուղում, բայց հետո տեղափոխվում են խոշորացված համայնքի կենտրոն, ինչպես ցույց է տվել նախկին փորձը: Այսինքն մի գյուղը մյուսի հաշվին կայանում է, մեկը վերանում»,-ասում է Բեկլարյանը «Մեդիալաբին»:

Գյուղապեը հավելում է, որ  այսօր համայնքները ունեն ֆինանսի խնդիր, և եթե այդ ֆինանսը համայնքից տանեն, ապա համայնքը, մտնելով խոշորացման ծրագրի մեջ, գոնե պետք է իր քվոտան ունենա:

Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ պիլոտային և հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքումˋ բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո։

«Համայմքների խոշորացումը ինքնանպատակ չէ: Եթե մենք համոզված ենք, որ ճիշտ բան ենք անում, ապա կփորձենք տեղի բնակչությանը, ոչ թե ներկայացուցիչներին, այլ բնակչությանը համոզել, որ դա ճիշտ ծրագիր է: Կանցկացվի հանրաքվե»,- ասում է Վաչե Տերտերյանը

Սակայն  շատ համայնքի բնակիչներ արդյունավետ չեն համարում այս մոդելը՝ գյուղերում կյանքը զարգացնելու համար:

«Մի համայնքի ղեկավարը չի կարող բավարարարի բոլոր գյուղերի պահանջներն ու խնդիրները: Ես մեր ժողովրդին լավ գիտեմ»,- ասում է Բաքվից Վարդանիձորում վերաբնակեցված նախկին բուժքույրˋԼյուդմիլա Քարամյանը «Մեդիալաբին»:

Եղվարդի գյուղապետ Սյունիքի մարզիˋ Եղվարդ գյուղի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը կարծում է, որ համայնքների խոշորացման ծրագրով զբաղվելու փոխարեն, լավ կլիներ կառավարությունը գյուղատնտեսության լուրջ զարգացմամբ զբաղվեր:

320 բնակիչ ունեցող սահմանամերձ Եղվարդն այսօր խմելու և ոռոգման ջրի շատ մեծ խնդիր ունի: 1992-ից այստեղ ամռան ամիսներին խմելու ջուրը գրեթե չի լինում: Գալիս է երեք օրը մեկˋ ընդամենը կես ժամով: Ոռոգման ջուր ընդհանրապես չունեն:

«Համայնքների խոշորացման տակ ոչ մի լավ բան չեն տեսնում: Ավելի ճիշտ կլինի էդ համայնքների խոշորացման խաղերը թողնեն ու զբաղվեն գյուղատնտեսության լուրջ զարգացմամբ: Թող ներդրում կատարեն գյուղերում, գումար տան, այսինքն ջրամատակարում անցկացնեն,  մարդկանց վարկավորումը ճիշտ կազմակերպեն, որ մարդիկ մնան գյուղերում, կյանքն էլ զարգանա: Իսկ եթե խոշորացնեն, գյուղերի ֆինանսական միջոցները բերեն մի համատեղ բյուջե դարձնեն, բայց Սյունիքի մարզում էլ մարդ չմնա, ու ՞մ համար են այդ ծառայությունները մատուցելու: Ոչ մեկի»,-ասում է Եղվարդի գյուղապետը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am