Օրեր,ամիսներ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանին նախագահականից նոր խոստումներ են տվել

Հունիսի 7-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ կատարած, հուսահատության եզրին գտնվող նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին, ով հինգշաբթի կրկին հայտարարել էր հացադուլ հայտարարելու մասին, նախագահականում նոր խոստումներ են տվել:
Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր եւ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին մոտ մեկ ամիս առաջ նախագահականում խոստացել էին լուծել հավելավճարների եւ աշխատավարձի հարցը, հիվանդ աղջկա՝ Կարինեի, բուժօգնության հարցում աջակցել:
Ինչպես «Մեդիալաբին» տեղեկացրել է Ալումյանը, աղջկա առողջական խնդիրների լուծման համար նախագահականից աջակցել են, սակայն աշխատանքի եւ հավելավճարների խնդրի լուծումը իրեն կրկին կոտրած տաշտակի առաջ է կանգնեցրել:

Բազում խնդիրներ ունեցող Ալումյանը այդպես էլ չի կարողնում հետ ստանալ ոստիկանությունում արտաժամյա աշխատած 2,5 մլն դրամը, իսկ Իջեւանում չեն վերականգնել ծայությունը պայմանագրային զինծառայող աշխատելու համար:

Այս անգամ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպելուց հետո, ինչպես տեղեկացնում է նա, իրեն կրկին հավատացրել են, որ երկուշաբթի օրվանից կզբաղվեն իր հարցով, մասնավորապես՝ աշխատանքը վերականգնելու եւ արտաժամյա վճարները տրամադրելու ուղղությամբ:

«Եկող երկուշաբթի կգնամ Իջեւան աշխատանքիս համար: Հովսեփյանը զանգեց եւ ասաց, որ եկող շաբաթ պետք է լուծեն այս հարցը,- ասում է Ալումյանը,-Ես նաեւ նամակ եմ գրել նախագահին, որը ստորագրելուց հետո կուղղեն ոստիկանապետին՝ իմ արտաժամյա վճարները ստանալու համար»:

Ալումյանը նշում է, որ իր 10-ամյա հաշմանդամ աղջիկը, նախագահականի աջակցության շնորհիվ, երկուշաբթի վիրահատվելու է:

Հիշեցնենք, որ ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում 13 տարի աշխատած Ալումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ է: Նա պահանջում է վերջին 9 տարիներին իր արտաժամյա կատարած աշխատանքի հավելավճարը, որը կազմում է 4,5 մլն. դրամ գումար, որից 4 ամիս առաջ ստացել էր միայն 1,93 մլն. դրամը: Ավելի մանրամասնը «Մեդիալաբի» հոդվածում:

Ալումյանը մի քանի ամիս առաջ նամակ էր գրել Սերժ Սարգսյանին եւ դիմել տարբեր ատյաններ, սակայն հարցը լուծում չէր ստացել: Ալումյանն ասում է, որ ծայրահեղ քայլի գնում է հաշմանդամ աղջկա՝ Կարինեի համար:

Այս անգամ նա հույս ունի, որ իր հարցը վերջիվերջո լուծում կստանա:

© Medialab.am