Ադրբեջանի ԶՈՒ մահաբեր գործողություններին համարժեք չարձագանքելը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններին

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):

Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում  ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ: 

Արա Այվազյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից: