Ժամանակի առումով դժվար է ասել, բայց ակնհայտ է՝ ԵՏՄ-ն երկար կյանք չի ունենա: Այս պնդման համար «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պատճառներ է նշում: Ըստ Մեհրաբյանի, այն, ինչ իբրեւ թե պետք է աշխատեր հունվարի 1-ից սկսած, արդեն այսօր իսկ դրսեւորում է կյանքի հետ անհամատեղելի հատկանիշներ:
«Նախ եւ առաջ, պարզապես հակադիր շահեր գոյություն ունեն: Գլխավոր հակասությունն այն է, որ Ռուսաստանն ինքը իբրեւ թե հակադարձելով Արեւմուտքին, հանդիպակած պատժամիջոցներ է մտցերել, բայց ավելի շատ պատժել է ինքն իրեն, պատկերավոր ասած՝ կրակել իր սեփական ոտքին»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը եւ հավելում, որ ոչ Լուկաշենկոն, ոչ Նազարբաեւը նման խնդիր չեն դրել իրենց առաջ:
Ավելին, քաղաքագետը նկատում է, որ Բելառուսի նախագահը Կրեմլի այս քաղաքականությունն անթաքույց անվանել էր հիմարություն:
Նշենք, որ Ռուսաստանը սահմանափակում էր դրել բելառուսական արտադրանքի մատակարարումներին Ռուսաստան, ինչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարել էր հիմար և անուղեղ քաղաքականություն: Նա նաեւ
իր երկրի համար անթույլատրելի էր համարում պատժամիջոցներին միանալը:
Միեւնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են կարգավորել երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ շրջանցելով Մաքսային միությունը, որը հունվարի 1-ից կփոխակերպվի Եվրասիական տնտեսական միության:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Կիեւ այցելած Լուկաշենկոն Պորեշենկոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Դոնբասի հակամարտությունը լուծելու հարցում Ուկրաինային աջակցելու մասին, իսկ Կիևը Մինսկին կօգնի ԵՄ հետ հարաբերությունները կարգավորել:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքականությամբ, փաստորեն, իրեն փակուղու մեջ է դրել:
«Ռուսաստանի համար հետ կանգնելն այդ պատժամիջոցներից, կլինի էլ ավելի կոպիտ սխալ: Այստեղ արդեն քաղաքական կորուստները կլինեն, որովհետեւ ռուսաստանյան հանրության մեջ կասեն՝ վերջ, царь не настоящий»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանը թեեւ ԵՏՄ համար պայծառ ապագա չի տեսնում, սրանով հանդերձ, կարծում է, որ այս պահին դեռեւս այն իրավիճակը չէ, որը կարող է հիմք տալ պնդելու, որ այդ միությունը շուտափույթ փլուզվելու է:
«Որքան էլ լուրջ լինեն անդամ երկրների տարաձայնությունները, դրանք լուծվող տարաձայնություններ են. կայուն արժույթի ամրագրում իրենց առեւտրային հարաբերություններում, Բելառուսի բողոք ՌԴ որոշումների դեմ, որոնց արդյունքում արգելվել են բելառուսական որոշ ապրանքների մուտքը Ռուսաստան: Բելառուսը եւ Ղազախստանը սովորել են շանտաժի ենթարկել Ռուսաստանին եւ արդյունքում իրենց համար ցանկալի բաներ պոկել, հետեւաբար հերթական վեճը նրանց միջեւ ես դիտարկում եմ այդ համատեքստում»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը եւ հավելում, որ որքան էլ տհաճ լինի Ռուսաստանին, նա իր աշխարհաքաղաքական հավակնություններում զիջումների կգնա, այնպես, ինչպես արել է անցյալում:
Քաղաքագետը համոզված է՝ Հայաստանը դժվար թե կարողանա եւ անգամ համարձակություն ունենա Բելառուսի կամ Ղազախստանի նման շանտաժի տոնայնությամբ խոսել Ռուսաստանի հետ: Մեր երկիրը ԵՏՄ-ում, ըստ Սաֆարյանի, լինելու է ռուսական քաղաքականությունը սպասարկող սուբյեկտ եւ ծառայելու է որպես Բելառուսին ու Ղազախստանին հակակշռող միջոց , ինչը նրանք եւս քաջ գիտակցում են:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով , բացի Բելառուս-Ռուսաստան հակասությունները, Ռուսաստանը նաեւ ֆինանսական առումով որոշակի խնդիրների կբախվի, քանի որ ԵՏՄ շրջանակում իր հաշվին ինչ-որ առումով սուբսիդավորում է այլ սուբյեկտներին՝ հանուն հստակ քաղաքական գաղափարի, այն դեպքում, երբ գտնվում է ծանր տնտեսական իրավիճակում:
«Ռուսաստանն այստեղ գնում է տնտեսական վնասի, հանուն քաղաքական շահի, որն իրականում անհիմն է եւ որպես այդպիսին միայն Կրեմլի տեսակետից գոյություն ունի: Օբյեկտիվորեն այն վնաս է Ռուսաստանին, որը տասնամյակներով չլուծվող ներքին հիմնախնդիրներից ուղղակի կքել է: Ես կարծում եմ, որ այս ամենը իր օրինաչափ եւ անխուսափելի մահկանացուն կկնքի նաեւ իրավաբանորեն այն ժամանակ, երբ հանգամանքները Ռուսաստանին կստիպեն հաշվի նստել իրականության հետ եւ դադարեցնել պատերազմն ընդդեմ 21-րդ դարի»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Ստեփան Սաֆարյանի խոսքով, ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունները մրցունակ ու շուկայական չեն, ազատ առեւտուրը բնորոշ է ու արդյունավետ գործում է ժողովրդավարական երկրների համար:
«ԵՏ-ն որպես տնտեսական տարածք զուտ օբյեկտիվ գործոններով՝ որպես մեծ շուկա է գրավիչ, ոչ ավելին: Այդ տնտեսական տարածքում զարգացող տնտեսության մասին խոսել հնարավոր չէ, որովհետեւ մրցունակ չեն անդամ երկրների տնտեսական համակարգերը»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Ռուսական տնտեսությունից կախվածություն ունեցող Հայաստանի տնտեսությունը քաղաքագետի համոզմամբ, բնականաբար ազդվելու է ՌԴ դեմ կիրավող արեւմտյան պատժամիջոցներից եւ տարակուսելի է, որ Հայաստանի որեւէ տնտեսագետ այդ ազդեցության մոտավոր չափի վերաբերյալ անգամ որեւէ վերլուծություն չի կատարում :
Այդ կախվածությունն ու Հայաստանի համար դրա բացասական հետեւանքները դրսեւորվեցին օրեր առաջ, երբ արեւմտյան պատժամիջոցների ու նավթի գնի անկման հետեւանքով ռուսական ռուբլու շարունակական անկումը աղետալի իրավիճակ ստեղծեց նաեւ հայկական ֆինանսական շուկայում՝ հանգեցնելով դրամի կտրուկ արժեզրկմանը:
Նշենք նաեւ, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց Ուկրաինայի ազատությանն աջակցող օրինագիծը, որը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է ենթադրում:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Հայաստանը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իրեն զրկել է սուբյեկտ լինելու բոլոր հնարավորություններից, ընդ որում , դա իրականացվել է թե իշխանության, թե այսպես կոչված չիշխանության հետւողական ջանքերով:
Ըստ Մեհրաբյանի, այսօր Հայաստանին պետք չէ արագացնել իրադարձությունները, այլ օգտվել գոյություն ունեցող հակասություններից եւ խորացնել հարաբերությունները Արեւմուտքի հետ:
«Հայաստանը հենց այսօր, թեկուզ այսքան վատթար վիճակում, որում մեզ հասցրել քաղաքական վերնախավն իր իշխանական ու չիշխանական հատվածներով, պետք է մտածի, որ հետխորհրդային ժամանակաշրջանն ավարտվել է եւ պետք է պատրաստվի հետռուսական, հետպուտինյան ժամանակաշրջանին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իր բոլոր բաղկացուցիչներով պետք է միավորվի ԵՄ-ին՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, որպեսզի այն իքս ժամը, երբ որ գա, այսինքն, երբ ԵՏՄ կոչվածը իր մահկանացուն կնքի, չհայտնվենք այն իրավիճակում, որում հայտնվեցինք 91-ին , երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, չհայտնվենք այն իրավիճակում, երբ բոլորը մտցրեցին իրենց նոր դրամը, իսկ Հայաստանը վերջինը դա արեց, երբ երկրի ողջ ֆինանսական կարողությունները արդեն դուրս էին հանվել»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Էմմա Քալաշյան
© Medialab.am