ՀՀ-ում կիրականացվի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորների մասնագիտացում. նոր նախագիծ

Հայաստանի դատարաններում 2019 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քննվում են կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողություն։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Բադասյանի խոսքով՝ այս թվերից կարելի է եզրակացնել, որ կոռուպցիոն հանցագործությունների ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի և  մասնագիտացման ու այդ գործերի տարանջատման կարիք կա։

«Այս փաթեթով ներդրվում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն անցկացնող դատավորների մասնագիտացումը։ Նաև ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը։

Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը։ Եվ մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում էր, որ պետք է ներդրվեր նաև մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների մասով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։ Դատավորների թվակազմի ավելացում է նախատեսվում՝ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Մինչև 21 դատավորի հաստիք կավելանա առաջին ատյանի դատարանում, 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

«Դատավորների թվաքանակի առումով դատական համակարգում մշտապես մտահոգություններ են հնչել, որ 100 հազար բնակչին բաժին ընկնող դատավորների քանակով մեր վիճակագրությունը բացասական առումով տարբերվում է ԵԽ այլ երկրներից։ Այսինքն՝ դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Երկրորդ, անընդհատ հասարակությանը հուզում է մանավանդ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերի օբյեկտիվությունը։ Կարծում ենք, որ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստի, որ նշված դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն»,- ասաց Բադասյանը։